Վաղը 1:30-ին խորհրդարանական չորս քաղաքական ուժերը`«հրաշալի քառյակը»`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», համատեղ մամուլի ասուլիսում կհրապարակեն 12 կետից բաղկացած հայտարարությունը: Այդ մասին այսօր, քառյակի հերթական հանդիպումից հետո, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:Բոլոր հարցերին քառյակի ներկայացուցիչները կպատասխանեն վաղը: «Հայտարարությունում կան քաղաքական և տնտեսական շեշտադրումներ, որը կհրապարակենք վաղը»,-ասաց նա։
Aravot.am-ի հարցին` պահանջները պաշտոնապես կփոխանցվե՞ն կառավարությանը, թե հրապարակումն արդեն կենթադրի տեղյակ պահել, Ռուբեն Հակոբյանն ասաց, թե տրամաբանական է, որ կփոխանցվի։ Լրագրողներից մեկի դիտարկմանը`իշխանություններին անակնկա՞լ է սպասվում, բանախոսն արձագանքեց. «Չգիտեմ մեր իշխանություններին, որևէ անակնկալ կարելի է մատուցել, թե` ոչ»։
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ 12 կետերը հիմնականում վերաբերվում են ներքին խնդիրներին, բայց որոշակի սրբագրումների արդյունքում, իրենք ավելացրել են նաև արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի հիմնախնդրին եւ Աստանայում տեղի ունեցածին։ Դիտարկմանը, թե նախորդ անգամ նշվեց, որ կետերում արտաքին հարցերին չեն անդրադարձել, դա նշանակո՞ւմ է, որ ավելացվելով նաև կետերն են ավելացել, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ ուղղակի այս ընթացքում խմբագրումներ են եղել և արտաքին հարցերը ինչ-որ առումով արձանագրել են այդ հայտարարության մեջ։
Հարցին` իշխանությանն ինչո՞ւ պետք է բավարարի իրենց նշած կետերը, ո՞րն է նրանց շահը, բանախոսն ասաց, որ պահանջները վերաբերում են պետությանը և հասարակությանը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ www.news.am-ի