Այսօր «Հայ ձկնարտադրողների միության» նախագահ Արթուր Աթոյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության վերաբերյալ մի շարք դժգոհություններ էր ներկայացրել, մասնավորապես` նշելով, որ ծառայությունը գաղտնի հավաքներ է կազմակերպում եւ դրանց հրավիրում իր համար նախընտրելի ձկնարտադրողների` նրանց ծանոթացնելու Մաքսային միությունում աշխատելու չափորոշիչներին:
Aravot.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն էր խնդրել ծառայությունից: Արթուր Աթոյանը նաեւ խոսել էր ձկնարտադրողներին, տեղի-անտեղի տուգանելու` ծառայության գործելաոճից:
Միության նախագահի մեղադրանքներին ի պատասխան, ծառայությունը Aravot.am-ին այսպես պատասխանեց. «Հայ ձկնարտադրողների միության» նախագահի հնչեցրած մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում: Մատնացույց արված քննարկումներին, բնականաբար, մասնակցել են, բոլոր այն տնտեսվարողները, որոնք, զուտ, ձկնամթերք արտահանելու նպատակով հայտ են ներկայացրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների խնդիր մասին խոսելու իրավասություն այդ ժամանակ Արթուր Աթոյանը չի ունեցել, այսինքն` լիազորագիր չի ունեցել: Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր գործողությունները, այդ թվում եւ ձկնաբուծության բնագավառում, իրականացնում է ՀՀ օրենքների շրջանակում, այլ ոչ թե որոշ անձանց դատողությունների եւ անձնական շահերի շրջանակներում»:
Խոսելով ծառայության կիրառած տուգանքներից, պարոն Աթոյանը մի օրինակ էր բերել. «Նորայր Գասպարյան տնտեսվարողին տուգանել են, որ նրա` ձկնամթերք տեղափոխող ավտոմեքենայում սառնարան չի եղել, բայց այդ մեքենայով կենդանի ձուկ են տեղափոխում եւ սառնարանի անհրաժեշտությունը բոլորովին չկա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ