Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հակոբյան. «ՀՀ մարզեր» հանրագիտարանը Հայաստանի մշակութային ժառանգության անձնագիրն է

Հունիս 09,2014 14:56

7 կիլոգրամ 800 գրամ քաշ ունեցող գիրքը տեղեկություններ է պարունակում ոչ միայն Հայաստանի 10 մարզերի, Երեւանի, Հայաստանի պատմության, այլ նաեւ Արցախի մասին

«Սա գրվեց, որովհետեւ ժամանակի պահանջ էր»,- այսօր՝ հունիսի 9-ին, «Տեսակետ» մամլո ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «ՀՀ մարզեր» պատմական հանրագիտարանի ստեղծման պատճառներին, հայտարարեց հանրագիտարանի հեղինակ եւ գլխավոր խմբագիր Սամվել Հակոբյանը:

Նա նշեց, որ գիրքն ընդգրկում է ոչ միայն Հայաստանի 10 մարզերը, Երեւանը, Հայաստանի պատմությունը, այլ նաեւ Արցախը, գրքում տեղեկություն կա նաեւ հարեւան երկրների եւ նրանց հուշարձանների մասին, նաեւ տեղեկություններ կան հաջորդ 3 տարիների ընթացքում կառուցվող հուշարձանների մասին: Նա նաեւ խոստովանեց, որ նախ փորձել է հանրապետության մարզերն առանձին-առանձին ներկայացնել, սակայն հասկացել է, որ այդ եղանակով, Սյունիք մարզի բնակիչը կկարդա միայն իր մարզի մասին, այս դեպքում Սյունիքի մարզի բնակիչը կարող է Հայաստանի մասին ամբողջական տեղեկություն ունենալ: Գիրքը եռալեզու է`գրքում առկա են նյութեր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, այն բաղկացած է 1050 էջից եւ կշռում է մոտ 7 կիլոգրամ 800 գրամ: Գրքի վրա աշխատել են Սամվել Հակոբյանը եւ իր տղան՝ Արտեմ Հակոբյանը, մոտ 28 տարի:

Պարոն Հակոբյանը խոստովանեց, որ փնտրելով տեղեկություն բնակավայրերի մասին, հասկացել է, որ նրանց 80 տոկոսը հնարավոր չէ գտնել, քանի որ նրանց անունները փոխվել են կամ էլ բնակավայրերը անհետացել են, եւ այդպես նա որոշել է ստեղծել մի գիրք, որտեղ ընդգրկված կլինեն Հայաստանի ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ անհետացած, լքված բոլոր բնակավայրերը եւ այնտեղ գտնվող բոլոր մշակութային ժառանգության նմուշները.

«Այս 20-30 տարիների փորձը ցույց է տալիս, որ բնակլիմայական պայմաններից, մարդկային գործոնների պատճառով հուշարձանները ժամանակի ընթացքում անհետանում են, եւ շատ հուշարձաններ չեն կարողանում հետագայում գտնել: Ո՛չ լեզուն, ո՛չ փողը, ո՛չ որեւէ բան չի կարող ապացուցել, որ այդ երկրում այդ ազգն է ապրել, եթե չկան տվյալ քաղաքակրթության հուշարձանները, որոնք ապացուցում են»:

Սամվել Հակոբյանը հայտարարեց, որ գրքում ընդգրկված են բնակավայրերի աշխարհագրական տվյալները, նկարված է գյուղի ընդհանուր տեսքը, եւ եթե բնակավայրն անհետանա, գիրքը կօգնի գտնել այդ վայրը. «Սա Հայաստանի մշակութային ժառանգության անձնագիրն է, որը պետք է մնա, ես ստեղծեցի, որպեսզի մնա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30