Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ավելի լավ է հիգիենայով զբաղվել, քան հակաադրբեջանական նյութեր տարածել»

Հունիս 09,2014 14:50

Սամվել Մարտիրոսյանը տեղեկատվական դաշտում ժամանակավոր հրադադարը պայմանավորում է Էրդողանի եւ գյուլենիստների միջեւ տեղի ունեցող պայքարի հետ

«Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ հակահայկական քարոզչությունը վակումային իրավիճակի մեջ է»,- այսօր՝ հունիսի 9-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ այդ ժամանակավոր հրադադարը պայմանավորված է Թուրքիայում Էրդողանի եւ գյուլենիստների միջեւ տեղի ունեցող պայքարի հետ: Նա նշեց, որ այդ պայքարը բերեց նրան, որ կադրային փոփոխություններ կատարվեցին Թուրքիայում, եւ Թուրքիայի օրինակին հետեւեց Ադրբեջանը.

«Դա տարօրինակ ձեւով մեր վրա էլ ազդեցություն ունեցավ, որովհետեւ աշխատանքից հեռացվեց այն մարդը, որը հակահայկական քարոզչության հիմնական ղեկավարն էր՝ Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի քաղաքական վերլուծության եւ տեխնիկական ապահովման կենտրոնի ղեկավար Էլնոր Ասլանովը»:

Սամվել Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը հիմնականում զբաղված է արտասահմանում իր կենտրոնները ստեղծելով եւ եղած կենտրոններն ուժեղացնելով, իսկ այդ կենտրոնները եւ կազմակերպությունը զբաղվում են լոբբիստական գործունեությամբ: Նա նշեց, որ այդ կազմակերպությունները ղեկավարվում է ԱՄՆ Տեխաս նահանգից, այդ փաստը մեդիափորձագետը պայմանավորեց նրա հետ, որ հիմնական ֆինանսավորումը կատարվում է Ադրբեջանի պետական նավթային կազմակերպության կողմից.
«Այստեղ պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ում, Եվրոպայում ինքնուրույն գործող կազմակերպություններ կան, որոնք գնալով ավելի ազդեցիկ են դառնում, եւ սա պետք է հաշվի առնել: Պետք չէ մտածել Ադրբեջանական քարոզչությունը դա զուտ իրենց մամուլում հրապարակումներն են, առավել եւս, որ իրենց հրապարակումները բավականին քիչ ազդեցություն ունեն, հիմնականում շատ անորակ են, եւ լրագրողները չեն պատկերացնում ինչպես կարելի է միջազգային հանրության վրա ազդել»:

Հարցին, թե սոցիալական ցանցերի օգտատերերը տեղեկատվական հակամարտության մեջ իրենց մասնակցությունն ունենո՞ւմ են, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց, որ օգտատերերը տեղեկատվական հակամարտության մեջ իրենց դերը ունեն, որի օրինակն է վերջերս սոցիալական ցանցերից մեկով տարածված վարակը, որով ամեն երկրորդը վարակված է, պարոն Մարտիրոսյանի պնդմամբ, դա իսկական վարակ է՝ տրոյան ծրագիր է, որը տեղեկատվություն է գողանում համակարգչից. «Դժվարանում եմ գնահատել, թե ինչ քանակի տեղեկատվություն է Հայաստանից հոսել թուրքական հաքերների ձեռքը, այնպես որ, ավելի լավ է հիգիենայով զբաղվել, քան հակաադրբեջանական նյութեր տարածել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30