Լրահոս
Օրվա լրահոսը

Հազար ողորմի

Հունիս 09,2014 14:30

Գրչընկերս՝ Անդրանիկ Ավետիսյանը գիրք էր փոխանցել՝ առաջարկելով կարդալ: Երեք ամիս սեղանիս էր․ ժամանակ չէի տրամադրում: Մի օր էլ ձեռքս առա ու․․․ երկու օրում ավարտեցի: Չորս հարյուր էջանոց հուշագրություն ընթերցելը հեշտ չէ, մանավանդ հեղինակը՝ հանգուցյալ Սասուն Մարտիրոսյանը, գրչի մարդ չէ: Գեղագիտորեն չէ, որ գրավեց գիրքը, այլ՝ անկեղծությամբ, պարտադրված չընթերցեցի, այլ՝ սրտով:

Ծանոթ կածան էր, արահետ, տարավ վայրեր, որոնք անծանոթ լինելով հանդերձ, հարազատ էին և, շնորհիվ ուղեկցի, դարձան առավել, անձկալի, խոշիկ: «Սասունը Սոմալում» – այդպես է խորագրված հուշապատումը: Այն Սասնո գավառի Շատախ շրջանի Սեմալ գյուղի բնակչոց, հատուկենտ փրկվածների ու Արագածի գոգին ընկողմանած Իրինդի, իրինդցոց մասին է: Հայի մասին է, մեր Մեծ ցավի, Երկրի, կորսվածը մի օր հետ բերելու զորավոր հավատի, Ջոջանց տան կրակն անշեջ պահելու անբեկ պատգամի:

Ես բառեր եմ շարագրում, մինչդեռ թվերն ավելի խոսուն են․ 847 սեմալցի նահատակվեց 1915-ին, փրկվեց ընդամենը 31-ը, որոնցից հետագայում երկուսը գնդակահարվեց, յոթը աքսորվեց՝ ըմբոստ, ճշմարտախոս լինելու, հողվորի սիրով իր արտ ու կալին կառչած մնալու, մարդու տեսակից չհեռանալու համար:

Թերթել սույն գիրքը, նշանակում է թերթել բազում տարաբախտների, անկոտրում հայորդաց կենսագրությունը, որը նաև քոնն է՝ թե տարբեր և թե հար նման ընթերցածին: Աչքերիցս արցունք քամեց Նազիկ-Թագուհու պատմությունը, ով որբանոցում է անցկացրել մանկությունը, հետո քառասուն տարվա փնտրտուքից հետո գտել հարազատներից ոմանց:

Պատմությունը մասամբ Աննա մորս կյանքի մի դրվագը մտաբերել տվեց, իսկ առավել՝ հորաքրոջս դստեր՝ Վարդուշինը, ով մի օր՝ հասուն կին, անսպասելի հայտնվեց մեր տանը: Մշո մարագներում ողջակիզված սեմալցիք հիշեցրին Ձիթհանքովի հարդանոցներում նույնպիսի անագորույն մահով մոխրացած հորական Գևորգ և մորական՝ Երվանդ պապերիս, որոնց միակ մեղքն այս մեղսավոր աշխարհում անմեղ, անչար լինելն էր:

Սերմանցան, Իրինդի հիմնադիր ապո Գալուստի՝ այդ լեռսիրտ մարդու հետ արտասվեցի կորուսյալ զավակի լուսանկարին նայելիս, ներսումս մռնչացի, երբ նրա տմարդի համագյուղացին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անվան, ազգանվանակիր, հեղինակի հորը՝ Սաղո-Սաղաթելին խաբեությամբ տարավ Թալին՝ հանձնելու ՉԵԿԱ-ին: Եվ զավակակորույս, ամուսնակորույս, գերդաստանակորույս Շողիկ մամի հետ մրմնջացի՝ գարիմ ձեր բադանք, այն է՝ իմ ձեռամբ կարեմ ձեր մահաշորը:

Ամաչեցի, որ Արամ աշխարհակալ արքայի սերունդն այդչափ մանրացել, նանրացել է՝ ունակ զազիր արարքների, քանզի ծննդավայրումս էլ գյուղխորհրդի նախագահի անունը Արամ էր, ու նա էր հորեղբորս՝ Լևոնին Սիբիր անհետողը՝ Տիգրան փառահեղ անունով մի սինլքորի սուտ մատնությամբ: Իսկ սառնաղբյուրցի Եղոյի հետ, ով հաց էր մուրում և, երևի, նախքան Իրինդ մտնելը, մեր շենում էր եղել, ետքից քար շպրտող կակուղուղեղ մանկտոց հասցեին միջնորդավոր հայհոյեցի՝ ես ձեր Լենինի անթաղ գոռը․․․ ձեր Ստալինի խոր կոտը․․․

Եվ սփոփվեցի՝ մտաբերելով մեկուկես տասնամյակ առաջվա այցս Իրինդ, հանդիպումը աշակերտության, ուսուցիչների հետ և տնօրեն Զվարթին, ով «Բարև» հեռուստահաղորդմանը խորվուով էր հյուր եկել:

Մեկ անգամ ևս դառնամ գրքի խորագրին՝ «Սասունը Սեմալում»: Դիպուկ է ընտրված, զի հանձինս Սեմալի ու սեմալցոց, տեսնում ենք Սասունն ու սասունցոց, որ մեծ տնաքանդությունից հետո 1920-ին ի մի եկան թուրքերից մաքրած բնակավայրերում՝ շեներ, որոնցից որոշների հարկի ներքո հյուրընկալվել եմ տարբեր ժամանակներում՝ Ներքին ու Վերին Բազմաբերդ, Ագարակ, Շղարշիկ, Կաքավաձոր, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին ու Ներքին Սասնաշեն, Աշնակ, Դաշտադեմ, Ուջան․․․, բնակչոց մի մասին էլ հանդիպել, հետներն այգի մշակել, քար հավաքել, հաց կիսել Դալարիկում, Քարակերտում, Թալինում, Երևանում, այլուր․․․

Հիմա խոտը ելել, ծածկել է կորուսյալ Սեմալի անխնամ շիրիմները, անթաղ անցվորաց ոսկերքի հետքն իսկ չկա, Իրինդում հողին են հանձնել Սիմսարի փեշին ծնված վերջին սեմալցուն, այդու նրանք կան, և հերիք է մեկնումեկը բացի ընթերցածս հուշամատյանը, կլսի ձայները նրանց, մարմին կառնեն հոգիները նրանց․․․

Ըստ այդմ, դառնամ հնոց կարգով զողորմի տամ գիր թողած Սասուն Մարտիրոսյանին՝ սեմալցու զավակ, ծնյալ ի գեղջն Իրինդ ու նրա վավեր հերոսաց և փոխադարձեմ Ձեր իսկ թույլտվությամբ Ձեր փոխարեն պատասխանը՝ հազար ողորմի․․․

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30