Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պողոսյանի փոխարեն Սահմանադրական դատարանում՝ Արայիկ Թունյանը

Հունիս 09,2014 14:11

Այսօր Ազգային ժողովը լսեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արայիկ Թունյանին, որը պիտի ՍԴ-ում փոխարինի Վալերի Պողոսյանին:
Արայիկ Թունյանը մինչ այսօր ԱԺ լիագումար նիստին ներկայանալը, հասցրել է բոլոր խմբակցություններում հանդիպել պատգամավորների հետ: Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ Արայիկ Թունյանը մի քանի րոպեում ապացուցեց, որ նրան չի կարելի «կողմ» քվեարկել, քանի որ գնալու է լրացնելու Սահմանադրական դատարանի այն անդամների ցանկը, ովքեր ամեն ինչ անելու են իշխանության ուզածը անցկացնելու համար, եւ որ իրենց «Ժառանգություն» խմբակցությունը «դեմ» է քվեարկելու: «Դա ձեր իրավունքն է»,-ասաց Թունյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Վիքիլիքսի բացահայտումները՝ կապված հանգստի գնացող Վալերի Պողոսյանի հետ, որը դժգոհել է ՍԴ վրա ճնշումներից՝ ՀՀ նախագահի նստավայրի կողմից՝ 2008 թ. մարտին: Փաշինյանը հետաքրքրվում էր՝ արդյոք անձամբ Թունյա՞նը չի զանգել Վալերի Պողոսյանին, Արայիկ Թունյանն ասաց, որ երբեւէ ոչ մի ՍԴ անդամի չի զանգել, եւ ընդհանրապես տեղյակ չի նման զանգերից, եւ որ նախագահականում չի քննարկվել նման բան, որովհետեւ նման փաստ տեղի չի ունեցել:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ տպավորություն ունի, թե Թունյանը համալրելու է ՍԴ անդամների միաձույլ շարքը, ովքեր վախենում են սեփական կարծիք ունենալ: «Դուք բոլոր հարցերին տվեցիք խուսափողական պատասխան, չունեցաք համարձակություն՝ ունենալ սեփական տեսակետ, անգամ մտքում: Ցանկացած հարցի չտվեցիք որեւէ կոնկրետ պատասխան: ՍԴ-ն գործել է, գործում է եւ երկար ժամանակ կգործի վերեւից իջեցված պետպատվերով, դուք կհամալրեք դրանց շարքերը»,-ասաց տիկին Զոհրաբյանը եւ հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցի այդ քվեարկությանը:
Թունյանն ասաց, որ ամենակարեւորը ՍԴ անդամի երդումն է, որը հակիրճ տալիս է ՍԴ անդամի պահվածքի բնութագիրը:

Արայիկ Թունյանի ՍԴ անդամ դառնալու համար գաղտնի քվեարկությունը կայանում է այս պահին՝ ԱԺ նիստի ընդմիջման ընթացքում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30