Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածի հետքերով
«Քառյակի հանդիպումների եւ պահանջների ձեւավորման նպատակն այն է, որ իշխանություններին ստիպի իրականացնել կոնկրետ քայլեր երկրում արտագաղթի տեմպերի նվազեցման եւ բարոյահոգեբանական վիճակը փոխելու ուղղությամբ: Որեւէ այլ ամրագրում, այն է՝ Հայաստանի կործանում կամ որեւէ այլ դրսեւորում, այս պահին քառյակի քննարկման օրակարգում չկա: Ուստի չեմ կարող պատասխանել, թե առաջին նախագահի խոսքը կամ վարքագիծն ինչի՞ն է ուղղված»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի վերջին հոդվածին եւ քառյակի գործունեությանը վերաբերող մեր հարցին: Հիշեցնենք. նախօրեին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հերթական ծավալուն հոդվածով, որում ներկայացնում էր «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»: Տեր-Պետրոսյանն իր հոդվածում անգամ վիրավորանքների հասնող քննադատություն էր հնչեցրել Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության, վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա գլխավորած կառավարության նախկին, ներկա եւ առաջիկա գործունեության մասով: Ուշագրավ էր, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ խորհրդարանում համագործակցող ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, առաջին նախագահի բնորոշմամբ՝ «հրաշալի քառյակը», հայտարարել էին, որ 12 կետից բաղկացած ծրագիր է ներկայացնելու կառավարությանը: Իրենց պահանջների կատարման արդյունքները քառյակը կամփոփի աշնանը կայանալիք համատեղ հանրահավաքում: Համադրելով քառյակի եւ առաջին նախագահի հայտարարությունները՝ «Առավոտը» քառյակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից փորձեց ստանալ հարցի պատասխանը՝ ի՞նչն է «հրաշալի քառյակն» ամփոփելու աշնանը՝ Հայաստանի կործանո՞ւմը, նկատի ունենալով, որ մինչեւ աշուն զարգանալու են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացները, որոնք չի բացառվում, որ նաեւ անշրջելի նշանակություն ունենան մեր պետության ու պետականության համար: Այդ մասին եւ Տեր-Պետրոսյանն է փաստում, եւ քառյակի ներկայացուցիչներն են քանիցս խոսել:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ քառյակն իր օրակարգն ունի եւ իր օրակարգով գնում է. «Դուք ուզում եք նույնացնե՞լ քառյակի օրակարգը… Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս, արտահայտում է իր մտահոգությունները, արձանագրում է կառավարության գործունեության փուլերը: Ես չեմ ուզում մեկը մյուսին նույնականացնել, բայց օտարել էլ չեմ ուզում: Դրանք ոչ հակադրվում են, ոչ էլ առանձնահատուկ համադրության խնդիր կա: Մարդն իբրեւ քաղաքական գործիչ իր տեսակետներն է արտահայտել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Քառյակի օրակարգում չի քննարկվել իր ասածները: Ես չեմ ուզում, որ անպայման մեկը մյուսի հետ սերտորեն կապեք»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը ՀՅԴ-ում չի քննարկվել, գուցե դրա անհրաժեշտությունն էլ չլինի: Արծվիկ Մինասյանը, սակայն, ասաց, որ կան դրույթներ, որոնք ոչ միայն ինքը չի կիսում, այլեւ հիմնարար հակադրության մեջ են մտնում ՀՅԴ-ի մոտեցումների հետ: «Այդ տեսակետից ընդհանրություններ չեմ տեսնում արված հայտարարությունների, պնդումների կամ հայտարարված քաղաքականության, այդ թվում նաեւ արտաքին քաղաքականության օրակարգին վերաբերող: Ինչը մեր սկզբունքային տարաձայնություններն են»,- ասաց նա՝ հավելելով, որ հարգանքով վերաբերվելով Տեր-Պետրոսյանի կարծիքին՝ գտնում է. «Պարոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների առաջ քաշած մոտեցումների գերակշիռ մասը խոսում է այն մասին, որ «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը դառնում է նաեւ իրական քաղաքականություն: Դա իմ արժեքային համակարգից դուրս է»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին՝ եթե այս իշխանության, մասնավորաբար՝ կառավարության գործունեությունն այդքան վնասակար է Հայաստանի համար, ինչո՞ւ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» հետ համաձայնեց կառավարությանը մինչեւ աշուն ժամանակ տալ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Մենք կառավարությանը ժամանակ չենք տալիս: Այդպես ստացվում է: Քառյակը կներկայացնի 12 կետանոց ծրագիրը, որը միայն ՀԱԿ-ինը չէ, այլ միասնական է: Այստեղ կարեւորում եմ մեր միասնական գործունեության շարունակականությունը: Առջեւում ամառ է, կառավարությունն էլ, ըստ իս, ի վիճակի չէ այդ խնդիրներին լուծում տալու, հետեւաբար հիմնական զարգացումները տեղի կունենան սեպտեմբերին: Ես դա չէի ձեւակերպի որպես կառավարությանը ժամանակ տալ»:
12 կետերն, ի դեպ, առայժմ հույժ գաղտնի են պահվում: Դրանք ինչ-որ չափով գաղտնազերծելու մեր ջանքերն առ այսօր ապարդյուն են անցել: 12 կետերը կհրապարակայնացվեն եկող շաբաթ՝ համատեղ մամուլի ասուլիսում:
Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում նաեւ մեր այն դիտարկումը, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ճանապարհին ՀԱԿ-ն ընկել է ԲՀԿ-ի «սարդոստայնը»: Նա գտնում է, որ ՀԱԿ-ին եւ Տեր-Պետրոսյանին հնարավոր չէ սարդոստայնի մեջ ներքաշել: «Կա ամբողջական նպատակ, որին մենք գնում ենք՝ իշխանափոխություն: Պետք չէ ինչ-որ մեկի քայլերում առաջնային բաներ փնտրել՝ նսեմացված տեսնելով մյուսինը: Վերջնական արդյունքն է կարեւորը: Մեր խնդիրը երկրում բարեփոխում իրականացնելը, ժողովրդին հույս ու հավատով զինելն է: Մենք խնդիր չենք դնում ամեն գնով առաջատարի դերը պահպանել, ընդգծված տեսանելի լինել: Եթե միասնական օրակարգի շուրջ մենք չկարողանանք համաձայնության գալ եւ առաջ շարժվել, դա շատ ավելի մեծ ողբերգություն է, քան եթե յուրաքանչյուրը փորձի ընդգծել իր դերակատարությունը: Ինձ համար պրոցեսն ու վերջնական արդյունքն է կարեւոր»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2014