Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններին հաջողվե՞լ է համաձայնության գալ եվրասիական եռյակի հետ

Հունիս 09,2014 14:50

Եվրասիական միության պայմանագրին ՀՀ-ի միանալու՝
մինչեւ հուլիսի 1-ը ժամկետի առաջարկը պաշտոնապես ընդունվել է

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու համար պայման նշեց՝ դիմելով Սերժ Սարգսյանին. «Դուք նման ձեւով միացել եք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա», եւ հավելեց, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստացել են Ադրբեջանի նախագահի նամակը, որտեղ շեշտված է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանը անդամակցել է պայմանով, որ պայմանագրի դրույթները գործելու են միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում:

Հաշվի առնելով Նազարբաեւի վերոնշյալ դիտարկումը՝ փորձեցինք ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանում ստանալ, մասնավորապես՝ գրավոր հարց ուղղեցինք, թե արդյոք Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս պաշտոնապես նման գրավոր համաձայնություն տվե՞լ է ԱՀԿ-ին, եթե՝ այո, տրամադրել այդ փաստաթղթի պատճենը: Մինչ օրս ԱԳՆ-ից մենք որեւէ պատասխան չենք ստացել մեր հարցմանն ի պատասխան:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում այս թեմայի շրջանակներում ուշագրավ գրառում էր արել՝ նկատելով. «…ԼՂՀ-ն տնտեսապես Հայաստան է։ Երբ ԱՀԿ էինք մտնում, հարցն էլ հենց այն էր, որ քանի որ ԼՂՀ քաղաքական ճակատագիրը դեռ որոշված չէր, ապա մինչ այդ (որոշվելը) Արցախը պետք է առեւտուր աներ։ Ադրբեջան, ճամփեքդ բացո՞ւմ ես, որ ԼՂՀ-ն առեւտուր անի։ Պատասխան՝ ոչ։ Հայաստան՝ դո՞ւ։ Պատասխան` այո։ Եվ ուրեմն Հայաստանի մաքսային օրենքներով առեւտուր անելն օրինական է ԼՂՀ համար։ Սա էր, որ պետք է պատասխան տրվեր Նազարբաեւին։ Սա է, որ գոնե հիմա պիտի ասվի։ Ախր, ԱՀԿ մտնելիս այսպես է հաղթահարվել ԼՂՀ խնդիրը։ ԱՄՀ-ն ֆինանսավորում է ՀՀ դրամը, որն օգտագործվում է նաեւ ԼՂՀ-ում։ 1994թ. փետրվարին ՀՀ-ն ՀԲ-ից 24 մլն դոլար վարկ է ստանում, երբ պատերազմը Ղարաբաղում շարունակվում էր։ Այդ ի՞նչ արտգործնախարար է նախագահի կողքին, որ այս ամենը չգիտի։ Իրականում Նազարբաեւը հնարավորություն էր տվել Ալիեւին հստակ պատասխանելու։ Իսկ դո՞ւք»:

Մայիսի 29-ին Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները եւ Հայաստանի նախագահը պայմանավորվել էին, որ առաջիկա ամսին կհամաձայնեցնեն, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել՝ մնացած երկու-երեք հարցերը, եւ Հայաստանը կարող է մինչեւ հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը: Հայկական կողմը այդ օրը կայացած ընդլայնված նիստում առաջարկել էր մնացած երկու-երեք հարցերը համաձայնեցնել մի քանի օրում, սակայն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները առաջարկեցին այդ հարցերը համաձայնեցնելու համար Հայաստանին մեկ ամիս ժամանակ տալ:

Այսինքն՝ դեռ Աստանայում պարզ էր, որ Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանին: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պաշտոնական կայքում, սակայն, արդեն իսկ հրապարակված է թիվ 71 որոշումը, որի համաձայն՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը` երեք նախագահների մակարդակով, երեք երկրների կառավարությունների եւ Հայաստանի կառավարության հետ համատեղ, սահմանում է Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու՝ մինչեւ հուլիսի 1-ը նախանշված ժամկետը: Եվ հետաքրքրականն այն է, որ այդ որոշման մեջ որեւէ անդրադարձ չկա ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ էլ այն մասին, որ ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների ստորագրած Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթները Հայաստանի դեպքում գործելու են այս կամ այն պայմանով: Դժվար է ասել՝ ՀՀ իշխանություններին արդեն իսկ հաջողվե՞լ է որոշակի համաձայնության գալ եվրասիական եռյակի հետ, թե՞ եռյակը կշարունակի հետեւողական լինել Ադրբեջանի նախագահի նամակին ընթացք տալու հարցում, եւ Հայաստանից, այնուամենայնիվ, ինչ-որ գրավոր համաձայնություն կկորզվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետերի թեմայի շուրջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի տեքստից ղազախական կողմի պահանջով հանվել են քաղաքական կետերը: Ղազախստանի փոխարտգործնախարար Սամատ Օրդաբաեւը նշել էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ողջ հիմնակմախքը տնտեսական փոխգործակցությունն է: «Հենց Ղազախստանի հետեւողական դիրքորոշման շնորհիվ պայմանագրից հանվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին քաղաքականությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, անձնագրային-վիզային ոլորտը, սահմանների ընդհանուր պահպանումը, արտահանման վերահսկումը եւ այլն: Պայմանագրի ինստիտուցիոնալ մասից ու երեք դրույթից բացի՝ կողմերը համաձայնեցրել են հավելյալ երկու փաստաթուղթ, որոնցից մեկն առնչվում է միջազգային գործունեություն ծավալելուն, իսկ երկրորդը՝ երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրեր պատրաստելու ու կնքելու կարգին»:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կայքում նշյալ` հավելյալ երկու փաստաթղթերն առայժմ հրապարակված չեն, սակայն «Առավոտի» տեղեկություններով՝ դրանք վերաբերում են անդամ երկրների կողմից արտաքին քաղաքականության ոլորտում պայմանագրեր պատրաստելիս ու կնքելիս անդամ երկրների շահերը հաշվի առնելուն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30