Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարեկամախնամիական կապերից զերծ ընտրություններ` Շիրակի մարզում

Հունիս 09,2014 13:49

Երեկ Շիրակի մարզի 7 գյուղերում ՏԻՄ ընտրություններ էին. Սառնաղբյուր, Բավրա, Ցողամարգ, Մեծ Սարյար գյուղերում ընտրում էին գյուղապետեր, իսկ Ալվարում, Բերդաշենում ու Թորոսգյուղում` ավագանու անդամներ:

Ruben-Harutunyan
Հայկական ընտրական պրակտիկայից շեղված ու ինչ-որ տեղ արտառոց պատկեր է գրանցվել այս ընտրություններում. ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը Բավրա ու Ցողամարգ համայնքներում գործող գյուղապետերը չեն ընտրվել. Ցողամարգում 3 թեկնածուներ են մրցել` անկուսակցական, գործազուրկ, 30-ամյա Արման Ավագյանը, Ցողամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 38-ամյա ՀՀԿ-ական Գնել Բարսեղյանն ու գործող գյուղապետ, դարձյալ ՀՀԿ-ական 54-ամյա Հովսեփ Տոնյանը, սակայն ընտրվել է դպրոցի ուսուցիչը:

Ընդ որում՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետը հավաքել է ամենացածր ձայները` 83 ձայն, այն դեպքում, երբ գործազուրկ թեկնածուն ստացել է 103 ձայն, իսկ դպրոցի ուսուցիչը` 108 ձայն:

Այս պատկերը ցույց է տալիս, որ Շիրակի մարզի հոգսաշատ գյուղերում այլևս չեն առաջնորդվում իրենց ազգակցին, բարեկամին ձայնը տալու սկզբունքով. ընտրում են նրան, ով կկարողանա գլուխ հանել գյուղի խնդիրներից: Նման պատկեր գրանցվել է նաև Վրաստանին սահմանակից Բավրա համայնքում. այստեղ գործող ՀՀԿ-ական գյուղապետին` Մկրտիչ Պետրոսյանին, 49 ձայների առավելությամբ հաղթել է ընդդիմադիր հայացքներ ունեցող նախկին գյուղապետը` անկուսակցական Կորյուն Սումբուլյանը:

Ինչպես վերջերս Aravot.am-ին դժգոհել էին Բավրայի գյուղացիները, իրենց սեփականաշնորհած հողերից 120 հեկտար հողատարածք վերցրել ու վրացիներն են հանձնել` սակայն սրա դիմաց իրենք փոխհատուցում չեն ստացել: Կորյուն Սումբուլյանն էլ իր հերթին մեզ դժգոհել էր, որ ՀՀԿ-ական գյուղապետի օրոք գյուղացիներին արգելում էին անգամ անասուններին տանել իրենց իսկ հողերում արածացնելու, մինչդեռ իր կառավարման տարիներին ինքը կարողանում էր լեզու գտնել Վրաստանի սահմանի գլխավոր հրամանատարության հետ, որպեսզի գյուղացին իր արտը հնձի: Փաստորեն գյուղացիները, սեփական կաշվի վրա զգալով երկու գյուղապետերի տարբերությունը, ձայնը տվեցին այն անձին, որն ի զորու է լուծել իրենց խնդիրները:

Նշենք նաև, որ Կորյուն Սումբուլյանը նախքան ընտրությունները կասկած ուներ, թե գործող իշխանությունները կխանգարեին իր ընտրվելուն: Հենց այդ ժամանակ նա մեզ հետ զրույցում ասել էր. «Պատկերացրեք՝ էս գյուղից անգամ արտագաղթ չկա, գնում են արտագնա աշխատանքի, աշխատում, հետ են գալիս, բայց հենց սեփական կառավարությունը աշխատողի քթից է բերում: Աշխատող մարդու մեր երկրում չեն սիրում, օրինակ` վստահ եմ, որ գյուղում սպասվող ընտրություններում բոլորը հրահանգելու են, որ ինձ չընտրեն, ես ամեն ինչ շատ արագ եմ հասկանում, ինֆորմացիաներն էլ շատ արագ եմ իմանում, դրա համար ինձ չպիտի ընտրեն. աշխատող մարդը էստեղ տեղ չունի: Ես կամ պիտի դառնամ իրենցից մեկը` ենթարկվող, համախոհ, խամաճիկ, կամ ես պիտի կռվեմ իրենց հետ մինչեւ վերջ: Ես գնում էի Վրաստանի սահմանի գլխավոր հրամանատարություն, որ իմ գյուղացին էստեղ իր արտը հնձի: Ես էդքան հնարավորություն ունեմ` թե գիտելիքներ, թե լեզու, վախ էլ չունեմ, թե ինձ որեւէ բան կլինի»: Այս դեպքերը փաստում են, որ ոչ մի կուսակցություն, իշխանություն այլևս չի կարող ազդել գյուղացիների ազատ կամքի վրա:

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում հաղթել է գործող գյուղապետ, ՀՅԴ-ական Սևակ Մադաթյանը, որը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների կողմից բնութագրվում է որպես աշխատասեր համայնքի ղեկավար: Նույն կերպ է բնութագրվում նաև Մեծ Սարյարի գյուղապետ, ՀՀԿ-ական Բաբիկ Ավետիսյանը, որը փաստացի եղել է մեն ու միակ թեկնածուն. նրա մրցակիցը ինքնաբացարկ էր հայտնել: Մարզպետարանցիների բնութագրելով, վերջինս ևս նորմալ աշխատող գյուղապետ է, տարբեր ծրագրեր է փնտրում ու իրականցնում գյուղում, գյուղացիները նրան այնքան շատ են ընդունում, որ նույնիսկ նրա դեմ թեկնածություն չեն առաջադրում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30