Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուսիս-հարավ»-ի համար հիմա էլ Եվրասիական բանկո՞վ են «ատկատներ» անելու

Հունիս 09,2014 14:30

«Հյուսիս-հարավ» ճանապարհը տնտեսության զարգացման հետ ոչ մի կապ չունի, սա իշխանությունների՝ փող աշխատելու, մեզ պարտքի տակ գցելու հերթական ծրագիրն է: 150 միլիոն դոլար վարկը վերցնում են, եւ այդ պարտքը ո՞վ պետք է վճարի, պարզ չէ՞, որ մենք»,- արձագանքելով «Առավոտի» այն դիտարկմանը, թե մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հիմա էլ ՀՀ կառավարությունը «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը շարունակելու համար վարկ վերցնելու հայտ է ներկայացրել Եվրասիական բանկին, ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նշենք, որ այս մայրուղու շինարարության անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է տնտեսության զարգացմամբ, արտահանման խթանմամբ, բնակչության ներքին շարժերի ակտիվացմամբ, միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությամբ եւ այլն:

hyusis

Մայրուղու շինարարության համար Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանը տրամադրել է 954 միլիոն դրամ, մնացած գումարները պետք է տար պետությունը, սակայն չի տվել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող հ/կ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը՝ հայտնի չէ, թե Ասիական զարգացման բանկի հատկացրած 954 միլիոնն էլ ինչի վրա է ծախսվել, քանի որ այս պահի դրությամբ ճանապարհի ընդամենը 25 կիլոմետրն է կառուցված: Վերջերս էլ տիկին Ադամյանը Աստանայում՝ Ասիական զարգացման բանկի 47-րդ տարեկան հանդիպման ժամանակ, երբ ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի իրավիճակը, նրան է մոտեցել Եվրասիական բանկի աշխատակիցը եւ հայտնել, որ Հայաստանի կառավարությունը նրանցից գումար է ուզել՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության նպատակով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Եվրասիական բանկն արդեն տվել է 150 միլիոն դոլարը տրամադրելու իր համաձայնությունը: Այս առնչությամբ երեկ «Առավոտ»-ը ֆինանսների նախարարությանը գրավոր հարցեր ուղղեց: Ֆիննախից հետաքրքրվեցինք, թե արդյոք «Հյուսիս-հարավ» ճանապարհի համար Եվրասիական զարգացման բանկից վա՞րկ ենք վերցնելու, եւ եթե՝ այո, ապա որքան գումար եւ քանի կիլոմետրի շինարարության համար պետք է ծախսվեն վարկային այդ միջոցները:

Նախարարությունից հայտնեցին, որ մեր հարցերին կպատասխանեն առաջիկա օրերին: Մինչ ֆիննախը կհաստատի կամ կհերքի մայրուղու շինարարության համար նոր վարկային միջոցներ ներգրավելու տեղեկությունը, պարոն Խաչատրյանը վստահ է, որ եթե նույնիսկ հաստատվի նոր վարկի տրամադրումը, ապա այդ գումարները նույնպես փոշիանալու են. «Այսինքն՝ ամբողջ այդ նախագիծն արվում է միայն նրա համար, որ ինչ-որ մարդկանց խումբ բավարարվի այդ ատկատ հասկացողություններով. ես տնտեսական արդյունավետություն այդտեղ չեմ տեսնում»:

«Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիները եւ ճանապարհային ենթակառույցները: Ճանապարհային միջանցքի երկարությունը կազմում է 556 կմ, որի իրականացման ժամկետն է 2009թ.-ից մինչեւ 2017թ.-ը:

Բացի այն, որ պարոն Խաչատրյանը չի կիսում այն տեսակետը, թե ավտոմայրուղին խթան է լինելու տնտեսության զարգացման համար, նա գտնում է, որ ճանապարհի այն հատվածներն էլ, որոնք արդեն իսկ վերակառուցվել են, երթեւեկության համար ամենալավ վիճակում գտնվող, բարենպաստ հատվածներն են եղել: Մինչդեռ տնտեսագետը կարծում է, որ ճանապարհի վերակառուցումը կարելի էր սկսել մի կողմից՝ Գյումրիից, մյուս կողմից՝ Մեղրիից կամ Սիսիանի հատվածից, որոնք ներկայումս այդ ճանապարհի ամենաբարդ հատվածներն են. «Եթե պատրաստ լինեին այդ ճանապարհները, ապա նույն՝ Իրան-Հայաստան ավտոճանապարհի օգտագործման արդյունավետության, նաեւ բեռնափոխադրումների ծավալի մեծացման առումով օգտակար գործ արած կլինեին, բայց սկսեցին ամենահեշտ, ոչ խիստ կարիք ունեցող ճանապարհների վերանորոգումից, եւ արդյունքում այսօր ունենք այն, ինչ որ ունենք: Աշխատանքները պիտի ավարտվեն 2017 թվականին, սակայն չեն ավարտվի, ավարտից հետո էլ չեմ պատկերացնում, թե ինչ կունենանք, որովհետեւ այդ ճանապարհը տնտեսական հաշվարկների առումով որեւէ արդյունք չի տա: Մեզ մոտ այնպիսի ապրանքաշրջանառություն չէ, այնպիսի բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում, որ մենք այդքան ներդրումներ ենք կատարում այդ ճանապարհի մեջ, եւ որը հետո վերադարձվելու է»:

«Առավոտ»-ի այն դիտարկմանն էլ, թե հաշվի առնելով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շուրջ բարձրացված աղմուկը, որ գումարները ծախսվել են, բայց մայրուղին այդպես էլ չի կառուցվել, Վերահսկիչ պալատի բացահայտումները՝ շինարարության ընթացքում չարաշահումների վերաբերյալ, եւ այլն, այդ ամենի մասին իմանալով՝ ինչպե՞ս է Եվրասիական բանկը գումարներ վստահելու մեր երկրին, պարոն Խաչատրյանն ասաց. «Ես չգիտեմ՝ այդ գումարները կտան, թե չեն տա, բայց դրա համար էլ նա Եվրասիական բանկ է կոչվում, ասենք՝ չի կոչվում Եվրոպական բանկ կամ HSBC: Ես չգիտեմ, թե մերոնք ինչ հիմնավորումներ են ներկայացրել, ավելին ասեմ՝ երբ ուսումնասիրում ենք այսօրվա տնտեսական վիճակը, երբ նայում ենք ՀՀ-ի արտաքին պարտքի հանդեպ վարվող քաղաքականությունը, ապա տեսնում ենք, որ մենք այդ գումարների կարիքը չունենք: Մենք անցյալ տարի եվրապարտատոմսերի դիմաց ստացանք 7 հարյուր միլիոն դոլար, որը պետք է վերադարձնենք 2019 թվականին, ունեինք 500 միլիոն ռուսական վարկ, եւ այդպես էլ չիմացանք՝ այդ վարկը օգտագործեցի՞նք, չօգտագործեցի՞նք, որտե՞ղ օգտագործեցինք: Հետո ասացին, որ այդ պարտատոմսերը վերցնում ենք, որ ռուսական վարկը փակենք, որովհետեւ ռուսական վարկը լողացող կուրսի հետ է կապված, բայց լողացող կուրսը երբ որ հաշվում ենք, 2 անգամ ավելի էժան վարկ էր, քան այս եվրոպական վարկը: Դրա համար հենց որ Եվրասիական եք ասում, ինձ մոտ միտքս ուրիշ ուղղությամբ է գնում, այստեղ ինչ-որ ատկատների պատմություն կա»:
Պարոն Խաչատրյանը որպես օրինակ նշում է «Նաիրիտի» պատմությունը. «Միջպետական բանկից վերցրած վարկը հիշո՞ւմ եք, հիմա «Նաիրիտն» ամբողջությամբ իր ունեցվածքով պետք է վաճառենք, որպեսզի այդ վարկը մարենք: Այսինքն՝ ինչ որ կատարում է գործող իշխանությունը, ինչ ծրագիր ուզում է իրականացնել, նպատակն այն չէ, ինչ որ գրված է թղթի վրա, նպատակը հայրենասիրական ձգտումները չեն, տնտեսական արդյունավետությունը չէ, նպատակը ուղղակի կողքից գումար աշխատելն է: Իսկ շինարարության ոլորտն այդ առումով ամենահեշտն է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. каринэ says:

    Всё тайное, рано или поздно становится явным”- так сказал великий Сократ! Այ թե ինչի են ափալ-թափալ եվրազես խցկվում: Ինչ փող ուտելու տեղ ա… Իսկ մենք ռոմանտիկ բաներից ենք խոսում- երկրկի շահեր, էլ չգիտեմ թե ինչ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30