Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է իրատեսական աբխազական երկաթուղու վերագործարկումը

Հունիս 09,2014 14:40

Երեկ Հայաստանում գտնվող «Օդնակո. Եվրազիա» պորտալի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը եւ «Բելառուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Գիգինը հայ լրագրողներին փորձում էին բացատրել, թե որքան մեծ հեռանկարներ է բացում մեր երկրի առջեւ Եվրասիական տնտեսական միությունը, եւ ինչերի կարող է հասնել Հայաստանը՝ դրան անդամագրվելով: Ս. Ուրալովը, որպես Հայաստանի կողմից կատարվելիք շտապ եւ առանցքային քայլ, նշեց ՌԴ-Վրաստան-Հայաստան երկաթուղու վերագործարկումը: Անունը դնելով «Տրանզիտ ինտեգրացիա»՝ նա շեշտեց, որ հիմնական գործոնը պետք է լինի հայկական լոբբին, որը պետք է ՌԴ-ում, Վրաստանում, անգամ ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում ամեն ինչ անի, որ հասնի երկաթգծի վերագործարկմանը: «Ես իրատես եմ եւ կարող եմ ասել, որ առանց հայկական լոբբինգի ոչինչ չի լինի: Եթե սպասեք, որ այդ հարցը Ռուսաստանը կլուծի՝ չի լուծի»,- ասաց նա եւ հավելեց, որ Ռուսաստանն արդեն իսկ որոշ քայլեր արել է դեպի Վրաստան, օրինակ՝ բացել է շուկայի դռները «Բորժոմիի» համար, մնացածը, ըստ Ուրալովի, պետք է անի հայկական լոբբին:

Բնականաբար, ռուս փորձագետի այս մոտեցումը չէին կիսում մեր տեղացի մասնագետները, որոնք ավելի խորն են տիրապետում խնդրին:

Մեր հարցին՝ ի վիճակի՞ է հայկական լոբբին ինչ-որ կերպ ազդել գործընթացի վրա, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պատասխանեց՝ նախ անդրադառնալով երկաթգծի վերականգնման պրոբլեմներին. «Քանի որ ե՛ւ Աբխազիայի տարածքով է գնում երկաթուղին, ե՛ւ Վրաստանի, այդ ճանապարհի վերականգնման գործում պետք է ներգրավվեն Ռուսաստանը, Վրաստանը, նաեւ ինչ-որ տեղ՝ Հայաստանը, բայց հիմնական խնդիրը քաղաքական է՝ Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ, եւ երկու կողմն էլ համարում են, որ երկաթգծի վերականգնումը կարող է այս կամ այն կերպ անդրադառնալ իրենց հարաբերություններին: Խնդիրն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Ժամանակին բազմիցս եղել են երկաթգիծը վերականգնելու փորձեր՝ Սահակաշվիլին է խոստացել, հետո՝ Իվանիշվիլին, բայց այս պահին ես հույս չունեմ, որ հարցը արագ կլուծվի: Ինչ վերաբերում է հայկական լոբբինգին, գուցե տեսականորեն թվում է, թե դա կօգնի, բայց պրակտիկորեն՝ դժվար, որովհետեւ բոլորը հասկանում են, որ դա Վրաստանի շահերի հետ կապված հարց է, եւ պետք է ոչ թե լոբբինգ անել, այլ փորձել վրացական իշխանությունների հետ հասկանալ՝ հնարավո՞ր է, թե՞ չէ»:

Պետկառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ նախ Ռուսաստանը պետք է հետեւողական լինի այս հարցում. «Ռուսաստանը մինչ այժմ լուրջ քայլերի չի դիմել այս հարցը փակուղուց հանելու համար:

Ճիշտ է, վերջին իրադարձություններից հետո Աբխազիան կարող է նոր իշխանությունների շնորհիվ դառնալ ոչ թե փակուղի, որտեղ տարբեր պաշտոնյաներ փոշիացնում են Մոսկվայից ստացված փողերը, այլ ՌԴ աջակցությամբ ստեղծել քիչ թե շատ գործուն տնտեսություն, որի հիմքում կլինեն տուրիզմը, գյուղատնտեսությունը եւ ինչու ոչ՝ տրանզիտը՝ Ռուսաստանից դեպի Հարավային Կովկաս»: Ինչ վերաբերում է Վրաստանին, ըստ Ջ. Մելիքյանի՝ վրացական կողմը 2012թ. հոկտեմբերից սկսած՝ արտաքին քաղաքականության մեջ փորձում է կիրառել բոլոր հնարավորությունները, որոնց շնորհիվ կակտիվանա պետության տնտեսությունը, անգամ որոշակի հարաբերություններ է վերսկսել ՌԴ-ի հետ՝ չունենալով դիվանագիտական հարաբերություններ. «Չեմ կարծում, որ վրացական կողմը դեմ կլինի երկաթգծի վերաբացմանը, բայց կան անպատասխան հարցեր՝ ո՞վ է ներդրում անելու Վրաստանում արդեն գոյություն չունեցող երկաթգծի կառուցման համար, որտե՞ղ են տեղադրվելու մաքսային կետերը՝ ռուս-աբխազակա՞ն սահմանի վրա, թե վրա՞ց- աբխազական»: Նա նշեց նաեւ քաղաքական ասպեկտը, մասնավորապես, որ ուկրաինական իրադարձություններից հետո քաղաքական ոլորտում ռուս-վրացական վերսկսվող հարաբերությունների զարգացումը կանգ առավ. «Մինչեւ վրացական երկաթուղու հարցին հասնելը՝ պիտի լինի առաջընթաց ռուս-վրացական հարաբերություններում, որտեղ հայկական լոբբին ի զորու չէ հարցեր լուծելու, Երեւանը տեսականորեն կարող է ստանձնել ՌԴ-ին եւ Վրաստանին կապող կամրջի դերը, բայց դա էլ այժմ իրատեսական չէ՝ որոշ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Բացի այդ՝ առանձին գործոն է Ադրբեջանը, որը Թուրքիայի հետ համատեղ իրականացնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը՝ Վրաստանի տարածքով: Եվ այդ երկրները աբխազական երկաթգծի վերագործարկումը համարում են վտանգ իրենց տարածաշրջանային ծրագրերի եւ իրենց քաղաքականության դեմ ու ամեն կերպ կխոչընդոտեն»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30