Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսագիտական համալսարանը գաղտնի է պահում իր շրջանավարտների ցանկը

Հունիս 09,2014 14:12

2014թ. ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 եւ 1991թթ.-ի բոլոր շրջանավարտների ցուցակը (անուն-ազգանունները):

Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՀՊՏՀ-ն պատասխան գրությամբ հայտնեց, որ ԻԱԿ-ի հարցման բովանդակությունից անհայտ է՝ քաղաքացու, թե իրավաբանական անձի կողմից է հարցումը կատարվել: Սա անհիմն պատասխան էր, քանի որ ԻԱԿ-ն ավելի քան 11 տարի է՝ տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմում է տեղեկություն տնօրինող մարմիններին նույն ձեւով, ինչ դիմել է ՀՊՏՀ-ին, եւ որեւէ դեպքում նման պատասխան չէր ստացել: Ավելին, հարցումը կազմվել էր հենց ԻԱԿ-ի ձեւաթղթի վրա, ուներ ելից հերթական համար, ուստի ակնհայտ էր դիմողի անձը։ Նշենք, որ ընդամենը 5 օր առաջ ՀՊՏՀ-ն ԻԱԿ-ի մեկ այլ բացարձակ նույն կերպ կազմված հարցմանը տրամադրել էր լիարժեք պատասխան:

Այնուամենայնիվ, 2014թ. մայիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանն իր անունից տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմեց ՀՊՏՀ-ին` խնդրելով տրամադրել ԻԱԿ-ի կողմից 2014թ. ապրիլի 16-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ խնդրված նույն տեղեկությունները: ԻԱԿ-ի իրավաբանի կողմից հարցումն ուղարկելուց 14 օր անց ՀՊՏՀ-ն պատասխանեց, որ չի կարող տրամադրել պահանջվող տեղեկությունները, քանի որ դա կապված է մեծածավալ աշխատանքների հետ, իսկ ՀՊՏՀ-ն նշված աշխատանքները կատարելու համար աշխատողներ տրամադրելու հնարավորություն չունի:

«Առավոտին» Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ասաց. «Ակնհայտ էր, որ շուրջ երեք ամիս տեւած այս նամակագրությամբ Տնտեսագիտական համալսարանը պարզապես տեղեկության տրամադրումը ձգձգելու միտում ունի։ Համալսարանը մերժեց նաեւ շրջանավարտների ցանկին տեղում ծանոթանալու ԻԱԿ-ի իրավաբանի առաջարկը՝ այդպիսով կոպտորեն խախտելով տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը»:

Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30