Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Այվազյանի այրին դիմում է ՀՀ ոստիկանապետին

Հունիս 09,2014 14:05

Մեծ գրողի այրուն զայրացրել է այն, որ երբ դիմել է ոստիկանության բաժին, իրեն հորդորել են՝ «Տղամարդ գտի, որ իրանց հետ իրանց լեզվով խոսի»:

Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդիյանը դիմել էր ոչ միայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այլ նաեւ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:

Բազմաթիվ նամակներ են ուղարկվել ոստիկանապետին, սակայն դրանք մնացել են անպատասխան: Ըստ գրողի կնոջ, Հայաստանի ոստիկանության համակարգը «հիերարխիկ ձեւով կուրորեն պաշտպանում է յուրային ճանաչվածների շահերը, քողարկում ու չնկատելու է տալիս այնպիսի արարքները, որոնց համար յուրաքանչյուր քաղաքացի վաղուց պատասխանատվություն կկրեր»:

Նշանավոր գրողի այրին ոստիկանապետին ուղղված անպատասխան մնացած իր նամակներում բարձրաձայնել էր ոստիկանության ներքին զորքերի աշխատակից Լիպարիտ Օհանյանի, եւ տիկնոջ` արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի աշխատակից Լիաննա Տերտերյանի գործունեությանը:
Ըստ նրա, վերոհիշյալ անձինք «ավիրել են» իր գույքը, անտեսել սեփականատիրոջ իր իրավունքները, զավթել նրա սեփականությունը հանդիսացող հողամասը, որը տիկինը համապատասխան պայմանագրով ձեռք էր բերել Երեւանի քաղաքապետարանից: Պայմանագրի համաձայն էլ Գրետա Վերդիյանը կադաստրից ստացել էր սեփականության վկայական:

Որպեսզի տիրանան տիկնոջ գույքին, ըստ բողոքաբերի, ամուսինները հանել են մուտքի դարպասը, փոխարինել այն մեկ այլ դարպասով, մուտք էին գործել տարածք, քանդել հողամասի բաժանանար պատը:

Տիկնոջ օգտին կան դատարանի կայացրած որոշումներ, սակայն որեւէ մեկը չի ենթարկվում, չի կատարում դատարանի որոշումները:

Մենք կանդրադառնանք այդ որոշումներին մեր հարցման պատասխանը դատական ատյաններից ստանալուց հետո: Ըստ Գ. Վերդիյանի, իր համար հնարավոր զարգացումներն անթույլատրելի են, քանի որ հանցագործ չէ, ոչ իրավաչափ գործելակերպն էլ իրեն խորթ է:

Գ. Վերդիյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, խնդրելով դատարանին՝ վճիռ կայացնել իր սեփականությունն ապօրինի տիրապետումից ազատելու եւ պատճառված վնասները հատուցելու պահանջով:

Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30