Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. Վահե Հովհաննիսյան. «Խմբագրությունում հավաքվում էր հայաստանյան էլիտան»

Հունիս 09,2014 13:59

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը նույնպես եղել է «Առավոտի» լրագրողներից: Այստեղ աշխատել է 1995 թվականից, երբ թերթը լույս էր տեսնում արդեն Արամ Աբրահամյանի խմբագրությամբ:

Վահե Հովհաննիսյանի հետ զրույցն առանձնակի հետաքրքրական էր տողերիս հեղինակին, քանի որ տարիներ առաջ, երբ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն ինձ՝ իր ուսանողին, վստահեց «Առավոտ» օրաթերթի «Առավոտ երիտասարդական» ներդիրի աշխատանքները, ուղղորդեց խմբագրություն՝ դեռեւս 90-ականներին հրապարակվող նույնանուն ներդիրի արխիվային էջերը նայելու եւ ուսումնասիրելու: Այդ ժամանակ էր, որ ես բացահայտեցի՝ 90-ականների «Առավոտ երիտասարդականի» պատասխանատուն Վահե Հովհաննիսյանն էր:

«Առավոտի» 20-ամյակին նվիրված «Առավոտցիներ» շարքում այս անգամ բացահայտելու ենք նախկին «առավոտցի» Վահե Հովհաննիսյանին:

Թղթակցել է հանրապետական մի քանի լրատվամիջոցների, եղել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ է:

Ar

Վահե Հովհաննիսյանը պատմում է, որ մինչեւ «Առավոտում» աշխատելը թղթակցել է մի քանի լրատվամիջոցների՝ դեռ ուսանողական տարիներից, երբ սովորում էր Բժշկական համալսարանում, մասնագիտությամբ հոգեբույժ էր, իսկ լրագրությամբ զբաղվում էր գումար աշխատելու համար: «Երբ «Առավոտի» խմբագիրը դարձավ Արամ Աբրահամյանը, նա նոր թիմ հավաքեց, որտեղ իմ ընկերների միջնորդությամբ 95-ից ես էլ ընդգրկվեցի»,- հիշում է պարոն Հովհաննիսյանը:

Խմբագրությունն արդեն Սուքիասյանների ընտանիքին պատկանող շենքից տեղափոխվել էր Մամուլի շենք՝ 10-րդ հարկ: «Տեխնիկական առումով այնքան վատ էր ամեն ինչ՝ այսօրվա համեմատ. մի քանի համակարգիչ կար: Հասարակական-սոցիալական թեմաներով էի գրում, պայմանավորվածությունը հստակ էր, ինձ ասվել էր՝ քաղաքական թեմաներով չես գրում, որովհետեւ այդ ոլորտներում կան մարդիկ, հասարակական-սոցիալական թեմաներով պիտի գրես, եւ եթե լավ լինի, իրար հետ կաշխատենք, ու սկսեցինք աշխատանքը,- պատմում է պարոն Հովհաննիսյանը եւ նշում, որ «Առավոտի» աշխատավարձը շատ բարձր էր,- ինձ համար հատկապես, երբ ես ուսանող էի ու չունեի ընտանեկան պարտավորվածություններ, կարելի է ասել՝ օլիգարխիկ պայմաններ էին»:
Վահե Հովհաննիսյանը «Առավոտում» աշխատելու տարիները կարեւորում է նոր ծանոթություններ եւ կապեր ձեռք բերելու առումով. «Այդ թվականներին խմբագրությունում հավաքվում էր հայաստանյան նախորդ եւ ինչ-որ իմաստով նաեւ ներկա էլիտան՝ լրագրողներ, քաղաքական, հասարակական գործիչներ: Այն ժամանակվա կապերը մինչեւ հիմա կան»:

«Առավոտում» աշխատելու արդեն երկրորդ տարում՝ 1996-ի մարտին, Վահե Հովհաննիսյանը դառնում է թերթի երիտասարդական ներդիրի պատասխանատուն: Ասում է. «Մեծ հոսք կար լավ գաղափարներով երիտասարդների: Երիտասարդներն ավելի ազատ ու ակտիվ էին, «զնաչոկներով» ուսանողները՝ քիչ… Մի անգամ Արամ Աբրահամյանի հետ քննարկեցինք, ինքը հարցրեց՝ կարո՞ղ ենք «Առավոտ երիտասարդական» անել, փորձեցինք, ու երեւի ստացվեց… Հետագայում փոխվեցին աշխատողները, փոխվեցին լրագրողները, բայց «Առավոտ երիտասարդականը» շարունակում էր թողարկվել: Եթե վատ լիներ, Արամ Աբրահամյանը հաստատ կասեր՝ պետք չէ»:
«Առավոտի» երիտասարդական էջերի լրագրողներից հիմա քչերին է տեսնում, կարծում է, որ շատերը երկրում չեն: Հիշում է, որ խմբագրությունում էին անցկացնում իրենց օրվա մեծ մասը:

Այդ օրերից մնացած հուշերից է նաեւ այն, որ թեկուզեւ լրատվական կայքերի եւ այսօրվա նորագույն տեխնոլոգիաների բացակայությանը, տեղեկատվությունը շատ ավելի արագ էր տեղ հասնում. «Որովհետեւ ինֆորմացիան մարդն էր: Դու մարդ ունեիր նախագահականում, նախարարություններում եւ այլն, ինքը կար իսկապես ու թանկ էր, իրեն չպիտի մատնեիր, իր մասին ոչինչ չպետք է ասեիր: Իսկ հիմա, երբ ուզում են ինչ-որ մեկին վատություն անեն՝ գրում են՝ մեր հավաստի աղբյուրները»:

«Առավոտից» հետո Վահե Հովհաննիսյանը շարունակել է բժշկական կրթությունը օրդինատուրայում, հետո զորակոչվել բանակ: «Երկու տարի ծառայել եմ ու կամաց-կամաց հասել եմ այս օրերին»,- ասում է նա:

Խոստովանում է՝ արդեն մի քանի տարի է՝ թերթ չի կարդում: «Պատճառն օբեկտիվ է՝ էլեկտրոնային տարբերակով լրատվությանը հետեւելն ավելի հեշտ է: Մի բան էլ կա՝ թերթ չեմ կարդում, որովհետեւ հասկանում եմ, թե որոշ հրապարակումների հետեւում ովքեր են,- ասում է ու հավելում, որ «Առավոտին» հետեւում է առցանց տարբերակով,- «Առավոտում» միշտ կա մի սահման, որը խմբագիրը չի անցել, շատ դժվար է այդ սահմանը պահելը, մինչդեռ շատ լրատվամիջոցներ չեն կարողանում դա անել: Միշտ եղել է այդ արժեքային նշաձողը, որ երբեք չի կարելի տրորել ինչ-որ բաներ՝ անկախ նրանից, թե ում հետ ես համագործակցում»:

Պարոն Հովհաննիսյանը, շնորհավորելով «Առավոտի» 20-ամյակը, ասում է. «Ես կուզեմ, որ «Առավոտում» միշտ լինի շատ փող, ու աշխատավարձն էլ՝ բարձր»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30