Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբերգային արվեստը սահմանամերձ գյուղերում զինվորի դեր ունի

Հունիս 09,2014 13:55

Հայկական սիրողական խմբերգային արվեստի մասին խոսելիս հաճախ շեշտվում է, թե այն թեպետ որակական իմաստով բարձրության վրա է, սակայն քանակական առումով վերջին շրջանում հետընթաց է ապրել: Խորհրդային տարիներին երգչախմբեր էին գործում նաեւ մարզային հանրակրթական դպրոցներում: Օրերս անցկացված «Երգող Հայաստան» մանկական երգչախմբային արվեստի 7-րդ հանրապետական մրցույթ-փառատոնում ելույթ ունեցավ հանրապետության շուրջ 75 երգչախումբ, որոնք մեզ հետ զրուցած որոշ մասնագետների խոսքերով՝ զարմացրին իրենց արվեստով: Մեր զրուցակիցները նշեցին, թե ունենալով խմբերգային արվեստի հիանալի ավանդույթներ, չպետք է համեմատվենք, օրինակ, Հյուսիսային Եվրոպայի, մերձբալթյան ու այլ երկրների հետ, որտեղ կոլեկտիվ երգեցողությունը պարզապես ապրելակերպ է:

Վերջերս մեր իրականության մեջ գործող բազմաթիվ մշակութային հասարակական կազմակերպությունների կողքին առաջին անգամ հիմնված «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի» նախագահ Գայանե Բաղդասարյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, թե իրենց գերնպատակն է հատկապես մարզերում խթանել երգչախմբերի ստեղծումը: Նշելով հիմնադիր անդամներ, անվանի արվեստագետներ Տիգրան Հեքեքյանի, Սոնա Հովհաննիսյանի, Սարինե Ավթանդիլյանի, Յուրի Յուզբաշյանի, Քրիստինե Շերոյանի եւ պատվավոր նախագահ Հովհաննես Չեքիջյանի անունները, Գայանե Բաղդասարյանը հավանաբար ցանկացավ ներկայացնել ասոցիացիայի լրջությունը: Նա սրտնեղեց, թե որոշ արվեստագետներ մինչեւ ասոցիացիայի անդամ դառնալը փորձել են ճշտել՝ հյուրախաղեր նախատեսվո՞ւմ են… Ի դեպ, ասոցիացիան ներկայումս ունի շուրջ 50 անդամ: Հետո էլ ասաց, որ առաջինը ասոցիացիային միացել է Սյունիքի մարզը, որտեղ ապրիլին անցկացրել են վարպետաց դասեր: «Հայերիս մոտ ամենամեծ թերությունը համախմբվել չկարողանալն է, քանի որ յուրաքանչյուրն ի ծնե կարծես լիդեր է: Իսկ երգչախմբային արվեստն այն ոլորտն է, որը համախմբող հատկություն ունի, հետեւաբար պետք է մեր երկրին, այնպես՝ ինչպես սահման հսկող զինվորը… Օրերս այցելեցի Տավուշի մարզի Մովսես գյուղ եւ վերջերս կառուցված եկեղեցում ներկա եղա պատարագի: Չէի կարողանում արցունքներս զսպել. ընդամենը տեղացի 5 դպրոցահասակ երեխա էին պատարագ հնչեցնողները… Ամպագոռգոռ թող չհնչի ասածս՝ եթե գտնվել է սահմանին եկեղեցի կառուցողը, այդ սահմանը հսկողը, ուրեմն եկեք մենք էլ սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվողներին մեր միասնական ձայնը լսելի դարձնենք»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանը սկսվում է սահմանամերձ գյուղերից, եւ նպատակահարմար չէ Երեւանում կենտրոնացնել մշակութային կյանքը: Գայանե Բաղդասարյանը հավելեց, որ աշնանն էլ Շիրակի մարզի Հառիճավանքի համալիրում կանցկացնեն հայ հոգեւոր երաժշտության փառատոն՝ Կոմիտասի ծննդյան 145-ին ընդառաջ: Նա ցանկություն հայտնեց, որ հանրակրթական համակարգում ներառվի խմբերգային արվեստը՝ երգ-երաժշտության, պարի եւ թատրոնի հետ միաժամանակ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30