Ձկնարտադրությամբ զբաղվող Նորայր Գասպարյանի մոտ Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է կատարել եւ տնտեսվարողին տուգանել` գործունեության ընթացքում թույլ տված 3 խախտումների համար: Որպես խախտում ծառայության մասնագետները մատնանշել են նաեւ ձկնամթերք տեղափոխող ավտոմեքենայում սառնարանի բացակայությունը, մինչդեռ ինչպես «Հայ ձկնարտադրողների միության» նախագահ Արթուր Աթոյանն է վստահեցնում, Նորայր Գասպարյանն այդ մեքենայով կենդանի ձուկ է տեղափոխում եւ սառնարանի անհրաժեշտությունը բոլորովին չկա:
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, պարոն Աթոյանն իր դժգոհությունը հայտնեց Սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատաոճի վերաբերյալ` հավաստիացնելով, որ ծառայությունը տեղեկատվություն չի տրամադրում, թե արտադրողն ինչպես աշխատի, որ խախտումների առիթ չտա: Միության նախագահի խոսքերով, ընդհակառակը այդ մասին միտումնավոր չեն բարձրաձայնում, որպեսզի տնտեսվարողը թույլ տա խախտումներ, ծառայությունն էլ նրան տուգանի:
Պարոն Աթոյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ պետական այս կառույցը խտրական մոտեցում է ցուցաբերում մի շարք ձկնարտադրողների նկատմամբ եւ Մաքսային միությանն առնչվող քննարկումներին ոչ բոլորին է հրավիրում:
Ըստ միության նախագահի շուտով մտնելու ենք Մաքսային միություն, սակայն շատերն այդպես էլ տեղյակ չեն թե ինչ չափորոշիչներով պետք է աշխատեն, ծառայությունն այդ մասին լռում է, իսկ որոշ ձկնարտադրողների հետ քննարկումներն էլ գաղտնի է կազմակերպում: Հայ ձկնարտադրողների արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան եւ եթե նրանք տեղեկացված չլինեն արտահանման համար նախատեսված ապրանքին ներկայացվող պահանջներին, ապա «տակ» կտան ու կփակվեն:
Ծառայության կազմակերպած հավաքի մասին, որտեղ պետք է քննարկվեր Մաքսային միության` ձկնարտադրողներին ներկայացվող նորմատիվները, միության նախագահը պատահաբար է իմացել եւ գնացել մասնակցելու, սակայն ծառայությունը ոստիկանություն է դիմել, որն էլ պահանջել է բացատրություններ ներկայացնի, թե ինչ իրավունքով է ներկա գտնվում նշյալ քննարկմանը:
Կարդացեք նաև
Պարոն Աթոյանի խոսքերով. «Համատեղ աշխատանքներ կազմակերպելու փոխարեն ոստիկանություն են հրավիրել, ասելով, թե լիազորագիր չունեմ եւ իրավունք չունեմ մասնակցելու այդ քննարկմանը, բայց նրանք տեղյակ չէին, որ հ/կ-ների մասին կանոնադրությամբ այդ լիազորագիրը բոլորովին պետք չէ»:
Տեսանյութ
Միությունը միավորում է 83 ձկնարտադրողների, այդ ընկերություններից 7-8-ն են արտահանում իրենց ապրանքը անցյալ տարվա տվյալներով, 1200 տոննա ձուկ է արտահանվել:
Պարոն Աթոյանը կասկածներ ունի, որ ծառայությունը մի շարք ձկնարտադրողների ուզում է մեկուսացնել եւ հնարավորություն չտալ այդ բիզնեսով զբաղվելու:
Ըստ նրա. «Ես նոր նոր հավակնորդներ եմ ներկայացնում, որ ձկնարտադրության արտահանման ծավալները մեծանան, սակայն ծառայությունը չի ցանկանում համագործակցել»:
Վերջերս էլ մի շարք ձկնարտադրողներ դիմել են միության նախագահին, ասելով, թե Մաքսային միություն ապրանք արտահանելու նախապատրաստական աշխատանքները սկսված են եւ մտահոգություն են հայտնել, որ իրենց այդպես էլ կզրկեն լիցենզիա, արտահանման իրավունք ստանալու հնարավորությունից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ