Լրահոս
Օրվա լրահոսը

Ռալֆ Յիրիկյան. «Պատանի տարիներին երբեմն խաղում էինք անձրեւի տակ ու հոգս չունեինք»

Հունիս 09,2014 13:45

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2006 թվականից մշտապես ամենատարբեր մարզական-առողջարարական միջոցառումներ է հովանավորում եւ աջակցում` նպաստելով հանրապետությունում առողջ ապրելակերպի տարածմանը:

Իսկ սպորտը գործնական տեղ ունի՞ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական կյանքում: «Առավոտ» օրաթերթը տեղեկացավ նրա հետ զրույցում:

– Պարոն Յիրիկյան: 2010 թվականին, երբ ձեր ընկերությունը «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի հովանավոր դարձավ, այդ ժամանակ տեղեկացանք, որ պատանի հասակում դուք բասկետբոլ եք խաղացել:

– Այո: 14-ից 19 տարեկանում Բեյրութում զբաղվել եմ բասկետբոլով եւ արդեն հանդես էի գալիս 2-րդ դասակարգի պրոֆեսիոնալ թիմերից մեկում: Բայց համալսարանի հանգամանքներից ելնելով` կամ` սպորտ, կամ` բարձրագույն կրթություն, ստիպված եղա հեռանալ բասկետբոլից: Այն ժամանակ շաբաթը գրեթե վեց օր պարապում էի: Ու հետաքրքիրն այն է, որ կեսը տրամադրվում էր բասկետբոլին, կեսը` ֆուտբոլին:

– Հիմա ղեկավարում եք Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններից մեկը: Բասկետբոլով կամ, ընդհանրապես, սպորտով զբաղվելու ժամանակ ունենո՞ւմ եք:

– Շատ դժվար է: Իմ երեխաներն ավելի հակված են ֆուտբոլին: Երբեմն առիթներ լինում են, որ երեխաների հետ ֆուտբոլ ենք խաղում: Կամ մի քանի ընտանիքներով հավաքվում ենք ու խաղում` ծնողներն ընդդեմ երեխաների:

– Եվ ո՞ր թիմն է հաղթում:

– Հաղթում են ծնողները: Գովասանք թող չլինի` որովհետեւ գոլ խփողներ կան: Բայց արդեն հոգնեցնում է: Մարմինը ի վիճակի չէ առաջվա պես արագաշարժ խաղալ, կամ դաշտում մանեւրներ անել: Բայց ոգեւորում է, երբ տեսնում ես քո զավակներին, հիշում ես մանկությունդ, պատանի տարիներդ, թե ինչպես երբեմն խաղում էինք անձրեւի տակ եւ հոգս չունեինք: Կարեւորը` գնայինք գնդակի հետեւից եւ գոլ խփեինք: Այս ապրումները պետք են մարդուն, որպեսզի ժամանակ առ ժամանակ լիցքավորեն:

– Ստացվում է, որ հիմա ձեր եւ ձեր ընտանիքի առողջ ապրելակերպը կազմակերպելու համար ժամանակ շատ քիչ եք ունենում:

– Չէ: Այդպես չի: Երեխաները զբաղվում են սպորտով: Ես էլ տանն եմ սպորտով զբաղվում: Կան համապատասխան սարքավորումներ եւ համարյա ամեն օր ես առավոտյան պարապում եմ: Տնից դուրս, որպես ընտանեկան հավաքական ժամանակ գտնելն է շատ դժվար: Որովհետեւ երեխաներն ունեն դպրոց, ունեն մշակութային, ընկերային կյանք: Բայց ունեն նաեւ սպորտային կյանք: Հայրիկն ունի գործարարական եւ ընտանեկան կյանք: Պետք է միշտ ձգտել այս բոլորը համատեղել: Բայց մեր ընտանիքում պարտադիր է, որ երեխաները զբաղվեն սպորտով: Նրանց ծնողները զբաղվում են: Տիկինս ամեն օր պարապում է, ես` շաբաթը վեց օր:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30