Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է: Այսօր Երեւանի պետական համալսարանում Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը: Նրա խոսքերով՝ քաղաքական համագործակցությունը երկու երկրների միջեւ կշարունակվի դեռ երկար. «Այս մասին վկայում են Հունաստանի եւ Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների եւ ազգային ժողովի նախագահների պարբերական փոխադարձ այցելությունները»:
Մեզ հետ զրույցում դեսպանը նշեց, որ դեռեւս Հայաստանի եւ Հունաստանի միջեւ տնտեսական կապերն այդքան զարգացած չեն, որքան քաղաքական հարաբերությունները. «Մենք ջանում ենք անել ամեն ինչ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ բարձր մակարդակի հասցնելու նպատակով»:
Իոաննիս Տայիսը հայտնեց, որ հայ եւ հույն գործարարների միջեւ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում: Դեսպանը տեղեկացրեց, որ այս տարվա աշնանը հայ եւ հույն գործարարների միջեւ նախատեսվում է բիզնես ֆորում ՝ տնտեսական կապերի ամրացման վերաբերյալ խնդիրները քննարկելու նպատակով:
Հայաստանում Հունաստանի դեսպանն այսօր ԵՊՀ-ում հանդիպում ունեցավ ԵՊՀ հունարեն լեզվի եւ գրականության ֆակուլտետի ուսանողների հետ՝ նրանց հետ զրուցելով իրենց մասնագիտության ընտրության կարեւորության եւ առավելությունների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Դեսպանը հայտնեց, որ առաջին անգամ չի գտնվում ԵՊՀ հունագիտության ֆակուլտետում , եւ որ իր այցի նպատակը բարեգործական է: Հունաստանի դեսպանը ուսանողների հետ իր զրույցում ասաց, որ հունագիտության կենտրոնը կհամալրվի հունարեն նոր գրքերով, բառարաններով եւ տեխնիկական նոր միջոցներով:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ