Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Հադրութի շրջանի՝ վերջերս կարկտահարված գյուղեր՝ տեղի բնակչությանը հանդիպելու և իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետության նախագահը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել կարկտից տուժած համայնքներին: Ջրակուս և Քյուրաթաղ համայնքներում Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը և համայնքապետերը ներկայացրել են վնասի նախնական չափերը: Ըստ նրանց՝ շրջանում շուրջ 1000 հեկտար ցանքատարածք և այգի մասնակի կամ ամբողջական տուժել է տեղումներից:
Վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից և վարձավճարից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:
Գյուղացիների սոցիալական դրության բարելավման ուղղությամբ ևս վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ և խոստումներ: Մասնավորապես՝ տեղի բնակիչներն ընդգրկվելու են իրենց համայնքներում նախատեսվող շինարարական աշխատանքներում: Ա. Հարությունյանը խոստացել է շարունակական աջակցություն ցուցաբերել նշյալ գյուղերում տնտեսական զարգացման նախաձեռնություններին, ինչը կստեղծի եկամտի հավելյալ աղբյուրներ տուժած ընտանիքների համար:
Կարդացեք նաև
Պատասխանելով բնակիչների հարցերին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, անդրադարձել է բնակարանաշինության հիմնախնդրին: Նա նշել է, որ շուտով մեկնարկելու է գյուղերում բնակարանաշինության աջակցման պետական ծրագիրը, որն արտոնյալ պայմաններով անհրաժեշտ ռեսուրսներ է տրամադրելու գյուղաբնակներին:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին