Մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայ խորհրդարանականները բարձրացրել են Սիրիայի դեպքերին, մասնավորաբար, Քեսաբում տեղի ունեցածին Թուրքիայի մասնակցության հարցը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասի ասաց պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Հարցը հնչել է վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում:
Կորյուն Նահապետյանի հարցը ենթատեքստ է ունեցել` փորձել հասկանալ` ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել ՆԱՏՕ-ն, որպեսզի իր անդամ երկրի կողմից նման քայլեր չլինեն:
Կորյուն Նահապետյանին անմիջապես հակադարձել է Թուրքիայի պատվիրակը`ասելով, որ Թուրքիայի կառավարության կողմից, մասնակցություն չի եղել Հալեպի եւ Սիրիայի իրադարձություններին եւ որ, իսլամիստներին Թուրքիայի կառավարությունը չի ֆինանսավորում:
Կարդացեք նաև
Կորյուն Նահապետյանը, սակայն, նկատեց, որ Թուրքիայի մասնակցությունը սիրիական իրադարձություններին քանիցս ապացուցված է, հավելյալ ապացուցման կարիք չկա: Հարցն այդպիսով ավարտվել է: Նիստը նախագահող Լատվիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի նախագահն այդպես էլ չի արձագանքել Կորյուն Նահապետյանի հարցին:
Հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն էլ հավելեց, որ ՆԱՏՕ-ում, որը 25 անդամ երկրների համադաշնություն է, գործընկերոջը նեղացնելու սովորություն չկա եւ փորձել ակնկալել, որ որեւէ մեկը Թուրքիայի «վրա մատ թափ կտա`դա չի լինի, գուցե փակ դռների ետեւում դա արվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ