ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եռօրյա նիստերի առանցքում Ուկրաինայի թեման էր: Այսօր, ամփոփելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում մասնակցության արդյունքներն, արձանագրեցին հայ խորհրդարանականները:
Հիշեցնենք, որ մայիսի 30 հունիսի մեկը, Վիլնյուսում, Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունն ամբողջ կազմով`պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյան, Թեւան Պողոսյան եւ Էլինար Վարդանյան, մասնակցել են վեհաժողովի աշխատանքներին:
Բանախոսները նկատեցին, որ հնչել են հիմնականում քննադատական ելույթներ ՌԴ նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ: Սակայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում կարեւորել է փոխհամաձայնությունների միջոցով հարցերի կարգավորումը:
Հարցին` ՆԱՏՕ-ն պատրաստվո՞ւմ է փոփոխություններ մտցնել իր արեւմտյան գործընկերների հետ հարաբերություններում, մանավանդ որ մամուլում հրապարակումներ եղան, որ դաշինքը նոր առաջարկներ է պատրաստվում ներկայացնել արեւմտյան գործընկերներին, Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ այդ հարցերը մանրամասնորեն քննարկվել են ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ մայիսի 20-ին`ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ: Հաստատվել է 2014-16 թվականների համար անհատական գործողությունների նոր ծրագիր: «Երկկողմ հարաբերություններում մենք տեսանք նաեւ Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խորացման միտում»,- ասաց Կորյուն Նահապետյանը`հավելելով, որ մեր պատվիրակները շարք միջոցառումների մասնակցության առաջարկներ են ներկայացրել ու հույս ունեն, որ դրանք գոհունակությամբ կընկալվեն:
Կարդացեք նաև
Պատվիրակության անդամ, «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ նկատեց, որ Հայաստանը պետք է աշխատի ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերությունների փոխշահավետ խորացման վրա: Նա հիշեցրեց, թե որոշ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ի այն պաշտոնյաները, ովքեր այսօր քննադատական ելույթներ են հնչեցնում ՌԴ-ի հասցեին, ինչ դրվատանքով էին արտահայտվում. «Շահերի խնդիր է: Վաղը իրավիճակը կփոխվի, այլ կերպ կարտահայտվեն»:
Հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է Ռոուզ-Ռոթ սեմինարը: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ցանկություն է հայտնել մասնակցելու դրան եւ եթե Բաքուն անվտանգության երաշխիքներ ապահովվեն Հայաստանից երկու պատվիրակ կմասնակցի:
Առաջարկ է ներկայացվել նաեւ խորհրդարանական վեհաժողովին, Ռոուզ-Ռոթ սեմինարը հաջորդ տարի Երեւանում անցկացնելու համար: Ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Կոսովոյում եւ Աֆղանստանում դիտարկման պատվիրակություններում ընդգրկել նաեւ հայ պատգամավորների, քան որ ՀՀ ԶՈՒ-ը մասնակցում են այդ խաղաղապահ առաքելություններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ