Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը Միկոյանին հակահայկական գործերի մասին խոսողներին համարում է սահմանափակ եւ պատմությունից անտեղյակ:
«Սխալ է, երբ ասում են, որ Միկոյանը Հայաստանի համար ոչինչ չի արել: Շատ-շատ գործեր է արել, որոնց մի մասն այն ժամանակ չի արձանագրվել, մի մասն արձանագրվել է եւ մեզ հայտնի է: Նա լրիվ նվիրված է եղել Հայաստանին եւ իր պաշտոնն օգտագործել է Հայաստանին եւ հայ ժողովրդին օգտակար լինելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում Անաստաս Միկոյանի մասին այսպիսի կարծիք հայտնեց ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:
Հիշեցնենք, որ Միկոյանի արձանի տեղադրման շուրջ խիստ իրարամերժ կարծիքներ կան, չնայած դրան, Երեւանի ավագանին որոշել է տեղադրել արձանը:
Ակադեմիկոս Բարխուդարյանը մի քանի պատմական փաստ ներկայացրեց՝ Միկոյանի մասին. «Ես գիտեմ նաեւ, օրինակ, 50-ականներին Րաֆֆին եւ ՌաֆայելՊատկանյանն արգելված էին՝ որպես ազգայնամոլ գրողներ: Միկոյանը եկավ, հարցրեցին եւ իսկույն նրանց գործերը հրատարակեցին, դասագրքերի մեջ մտան եւ այլն: 1937-ին նա եկավ Մալենկովի հետ այստեղ, բռնաճնշումներ եղան, դա ճիշտ է, ինչ ասում եմ: Բայց միաժամանակ փաստեր կան, որ վերջում նա անվտանգության աշխատողներին պահեց մեր կողքին եւ ասեց, որ 10 մարդու՝ մեր նշանավոր գրողներին, արվեստագետներին, գիտնականներին չբանտարկեն: Անունները կան՝ Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Դեմիրճյան, Ստեփան Զորյան, Վարդան Աճեմյան եւ շատ շատերը: Այդպիսի հարյուրավոր փաստեր կարելի է բերել: Դա սահմանափակ մարդիկ են, որ խոսում են, թե նա ազգային ոչինչ չունի, եւ պատմությունից անտեղյակ են»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ արխիվային փաստաթղթեր կան, որտեղ նա ստորագրել է այն փաստաթղթի տակ, որ գնդակահարվող հայերի թիվը պետք է ավելացնել՝ ակադեմիկոսը պատասխանեց. «Այդ արխիվային փաստաթղթերը մի քիչ ճիշտ չեն ներկայացվում: Նա ստորագրել է այն, ինչ վերեւից կարգադրված է եղել: Նա իր ցանկությամբ չի արել: Դրա համար պատմական փաստը հետեւյալն է: Երբ Ստալինի անհատապաշտությունը քննադատվեց, Պոլիտբյուրոյի անդամներից ոչ մեկը Խրուշչովի մոտ չկանգնեց, բացի Միկոյանից: Ինքն էլ սկսեց խիստ քննադատել: Եթե նա իր կամքով արած լիներ, նա Ստալինի այդ քաղաքականությունը չէր քննադատի, կհաշտվեր կամ կլռեր, ինչպես շատ պետական մեծ գործիչներ»:
Մեր հարցին՝ այսինքն, Դուք կողմ եք, որ Միկոյանի արձանը տեղադրվի՞՝ ակադեմիկոսը պատասխանեց. «Ես այն կարծիքին եմ, որ այդ հարցը պետք է հետաձգվի: Քանի որ տարբեր կարծիքներ կան, հիմա որովհետեւ տուժածներ կան, եւ այլն, այդ հարցը պետք է օրակարգում պահել, բայց հետաձգել: Այդ հարցը պետք չի հիմա բարձրացնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ