Գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ մենք ծայրահեղությունների հասարակություն ենք: Եթե խոսք է բացվում Միկոյանի արձանը մեր մայրաքաղաքում դնելու մասին, խոսակցությունն անմիջապես վերածվում է ահավոր ու տհաճ աղմուկի: Նորմալ խոսակցություն չի առաջանում, որովհետև Միկոյանի մասին կարծիք հայտնողների մի մասը նրան իբրև հրեշ է ներկայացնում, մյուս մասը` իբրև հրեշտակ:
Նույնը կարող ենք ասել «Եվրատեսիլի» ու անձամբ Կոնչիտայի մասին մեր կարծիքների վերաբերյալ:
Ես սովորաբար բավական ուշացումով եմ արձագանքում նմանատիպ իրադարձություններին, որովհետև համատարած աղմուկի մեջ վերլուծություններ անելը և´ դժվար է, և` անցանկալի, և եթե որևէ ծայրահեղության կողմ չես, որոշակի ժամանակի հեռվից ավելի օբյեկտիվ եզրակացություններ ես անում:
Մեզանից շատերը, հատկապես ժամանակակից երգարվեստի ներկայացուցիչներից շատերը, և առանձնապես «Եվրատեսիլին» երբևէ չմասնակցած մեր երգիչներից ու երգչուհիներից շատերը գտնում են, որ «Եվրատեսիլը» չափազանց անմակարդակ մրցույթ է, և չարժե, որ Հայաստանը մասնակցի այդ մրցույթին:
Կարդացեք նաև
Ուրիշներն էլ չափից ավելի կարևորություն են տալիս «Եվրատեսիլին»` այդ մրցույթի արդյունքները համաշխարհային հարց դարձնելով:
Հանուն օբյեկտիվության ասենք, որ «Եվրատեսիլը» մանավանդ վերջին տասնամյակում չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացրել, և հատկապես Հայաստանում է մեծ հետաքրքրություն ու աժիոտաժ առաջացնում, որովհետև վերջին տասնամյակում Հայաստանի պատվիրակությունները կանոնավոր ու հաջողությամբ են մասնակցում այդ մրցույթին:
Չնայած, ի տարբերություն Ադրբեջանի, այդ մրցույթում երբևէ հաղթող չենք դարձել, և չնայած առայժմ մեր ամենամեծ հաջողությունները Սիրուշոյի ու Արամ MP3 -ի գրաված չորրորդ տեղերն են, այդուհանդերձ, մենք, որոշ բացառություններ չհաշված, հիմնականում եզրափակիչ փուլ ենք անցել, և մերոնց գրաված 8-րդ տեղերն էլ կարելի է հաջողություն համարել, որովհետև դրանք, համաեվրոպական մասշտաբի 4-րդ և 8-րդ տեղեր են:
Մենք ամենից շատ ենք խոսում «Եվրատեսիլի» ցածրակարգության մասին և արդեն նույնիսկ «Եվրատեսիլին» մասնակցելու անհեռանկարայնությունից ենք խոսում, բայց այդ ամենի մասին այնքան կրքոտ ենք խոսում, որ դրանով իսկ ապացուցում ենք, որ մենք դժվար թե երբևէ հրաժարվենք այդ մրցույթին մասնակցելուց:
Եվ, կարծում ենք, մասնակցությունից հրաժարվելն ավելի քան անիմաստ ու անհեթեթ է, որովհետև «Եվրատեսիլը», մանկական «Եվրատեսիլն» ու Յուրմալան այն մրցույթներն են, որոնց շնորհիվ վերջին տարիներին մեր էստրադային երգարվեստը որոշակի ճանաչման արժանացավ:
Սովետական շրջանում մենք Մոսկվայում Առնո Բաբաջանյանի պես միանձնյա հեղինակություն ունեինք, իսկ Երևանում` Օրբելյանի օրկեստրի մակարդակի ներկայություն, բայց, այդուհանդերձ, մեր էստրադային ու ջազային երգիչներին ու երգչուհիներին ոչ մի կերպ չէր հաջողվում միութենական էստրադայի առաջին պլանում հայտնվել: Պատճառը դժվարանում եմ հասկանալ ու բացատրել, բայց փաստը մնում է փաստ:
«Եվրատեսիլի» վերջին մրցույթից հետո մեր քննարկումներն ավելի շատ վերաբերել ու առնչվել են անձամբ Կոնչիտային և նրա սեռական պատկանելությանը: Իհարկե, եթե Կոնչիտան մրցույթի բացարձակ հաղթող չճանաչվեր, մենք իր առումով այդքան չէինք ծավալվի և ավելի շատ մրցույթի երգերի որակից ու մակարդակից կխոսեինք, քան` անձամբ Կոնչիտայից ու նրա սեռական կողմնորոշումից, ընդ որում` նաև վերջինիս երգի որակից ու մակարդակից կխոսեինք:
Բայց փաստը մնում է փաստ, որ Կոնչիտան հաղթել է, և մենք մի գլուխ իր անունն ենք արտասանում ու հոլովում, և չնայած իր անունը հիմնականում բացասական առումով ենք արտասանում ու հոլովում, այդուհանդերձ, դրանով նաև նպաստում ենք, որ ինքն ավելի ու ավելի նշանավոր, նշանակալի ու հանրահայտ դառնա:
Երգիչներից ու չերգողներից շատերն այն կարծիքին են, որ Հայաստանը պետք է հրաժարվի առաջիկա «Եվրատեսիլներին» մասնակցելուց: Եվ վերստին` հիմնական պատճառը Կոնչիտան է:
Մեր համեստ կարծիքով, Կոնչիտային թշնամաբար վերաբերվողները Կոնչիտային շատ ավելի լուրջ են վերաբերվում, քան` վերջինիս երկրպագուները: Այդուհանդերձ, իր երկրպագուների համար Կոնչիտան անկրկնելի է:
Մեր կարծիքով էլ` է Կոնչիտան անկրկնելի` այն իմաստով, որ առաջիկա տարիներին իր և իր տեսակի հաջողությունը դժվար թե կրկնվի` ինչպես որ սատանիստ կատարողների հաջողությունը չկրկնվեց, որովհետև եթե սենսացիան կրկնվում է, դադարում է սենսացիա հանդիսանալ, և, ի վերջո, անհետաքրքիր է դառնում:
Ինչ վերաբերում է առաջիկա «Եվրատեսիլներին» մեր մասնակցությանը, ապա, կարծում ենք, չարժե դրանից հրաժարվել` մանավանդ Կոնչիտայի հաջողությունը պատճառ դարձնելով: Մանավանդ որ` հրաժարվելու ավելի լուրջ պատճառ կա: Ավելի լուրջ պատճառը մասնակից երկրների ժյուրիների մասնակցությունն է:
Վերջին տարիներին, երբ մասնակից երկրների ժյուրիները խառնվել են այս գործին, մրցույթի արդյունքներն անհամեմատ վիճելի ու կամայական են դարձել: Կարծիք կար, որ ժյուրիների մասնակցության դեպքում «Եվրատեսիլը» հնարավորինս կապաքաղաքականացվի, բայց կյանքը հակառակը ցույց տվեց. ժյուրիներն ավելի են քաղաքականացնում, քան` SMS-ներով քվեարկող քաղաքացիներն ու ազատ ունկնդիրները:
Եթե ժյուրիների կարծիքներն ի չիք են դարձնում ազատ ունկնդիրների կարծիքները, համոզված ենք, որ առաջիկայում ազատ քվեարկողների մասնակցությունն ու ակտիվությունը կտրուկ կնվազեն:
Եթե պիտի ժյուրիները որոշեն արդյունքները, թող միայն ժյուրիները որոշեն` ինչպես որ Յուրմալայում և այլ մրցույթներում է: Եթե երաժշտասերների ու ազատ ունկնդիրների կարծիքներն են էական համարվում, թող նրանք որոշեն հաղթողներին` ինչպես որ նախկինում էր: Ի վերջո, « Եվրատեսիլը» հենց դրանով էր տարբերվում ու առանձնանում այլ մրցույթներից:
Շատերի կարծիքով` «Եվրատեսիլն» արդեն կայացած երգի տոն է: Մենք էլ ենք կարծում, որ տոն է:
Թերությունները չհաշված:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ