Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի կողմից ոչ մի ճնշման, ոչ մի նման բանի մենք ականատես չենք եղել». ՏԻՄ ընտրություններ

Հունիս 08,2014 17:31

Այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձոր մարզերի մի շարք համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն քվեարկության ընթացքի հետ կապված որեւէ ահազանգ կամ դիմում-բողոք ընտրախախտումների վերաբերյալ չի ստացել: Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ ժամը 14.00-ի դրությամբ ունեն ընտրողների մասնակցության տվյալները:

Ամփոփելով այդ տվյալները՝ կարող ենք ասել, որ այն համայնքներում, որտեղ միակ թեկնածուն ՀՀԿ-ի ներկայացուցիչն է, իսկ մյուս թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել, այդ համայնքներում մասնակցության թիվը առայժմ չի անցնում 10 տոկոսը:

Վայոց ձորի Խաչիկ գյուղում գրանցված է 2 թեկնածու՝ անկուսակցական, գործող համայնքապետ Վարդան Ներսիսյանը եւ անկուսակցական Հովիկ Սմբատյանը: Այդ համայնքում մասնակցել է ընտրողների 45.86 տոկոսը՝ ժամը 14.00-ի դրությամբ: Կոտայքի մարզի Գետամեջ համայնքում ԲՀԿ-ական համայնքապետ Ավետիս Մուրադյանը մրցակցում էր անկուսակցական, հենց իր գյուղապետարանի աշխատակից Սասուն Մինասյանի հետ, որն ինքնաբացարկ է հայտնել եւ մնացել է միայն համայնքապետը: Այդ համայնքում մասնակցությունը 10 տոկոս է:
Արագածոտնի Նիգավան համայնքում ՀՀԿ-ական համայնքապետ Արտաշես Գալստյանի անկուսակցական մրցակիցը նույնպես ինքնաբացարկ էր հայտնել, եւ այդ համայնքում մասնակցությունը 14 տոկոս է:

Ապարանում գրանցված է 2 անկուսակցական թեկնածու՝ Օհան Գասպարյանն ու Հենրիկ Հովհաննիսյանը: Ակնհայտ է, որ այդ համայնքում ընտրությունները քիչ թե շատ մրցակցային են, եւ մասնակցությունը կազմել է 46 տոկոս՝ ժամը 14.00-ի դրությամբ:

Սյունիքի մարզի Օխտարում մասնակցել է ընտրողների 45 տոկոսը:
Գեղարքունիքի Փոքր Մասրիկում, որտեղ միմյանց հետ մրցակցում են 2 ՀՀԿ-ականներ՝ համայնքապետը եւ ինքնառաջադրված հանրապետական Գագիկ Սարոյանը, մասնակցությունը կազմել է 58 տոկոս:

Ջերմուկում 3 թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, եւ հիմա համայնքի ղեկավար լինելու համար պայքարում են ՀՀԿ-ի ներկայացուցիչ Վարդան Հովհաննիսյանն ու անկուսակցական Կորյուն Ստեփանյանը:

«Այստեղ առավոտվանից մինչեւ հիմա քվեարկությունները խաղաղ հունով են ընթանում, ոչ մի անկարգություն տեղի չի ունեցել: Թեկնածուների վստահված անձինք ասում են, որ ոչ մի կեղծիք չի եղել: Ամեն ինչ մեզ մոտ նորմալ է: Ակտիվ մասնակցություն ընթացում է Ջերմուկի 39/2 ընտրատարածքում, որտեղ հոսքն անընդհատ ավելանում է, ինչը չէի ասի 39/3 –ի մասին»: Aravot.am-ի հետ զրույցում Ջերմուկում ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տվեց Ջերմուկում աշխատող լրագրող Նարեկ Միրզոյանը: Նա ասաց, որ երկու թեկնածուներն էլ ակտիվ քարոզչություն են արել, բայց ավելի մեծ թվով մարդիկ են հավաքվել գործող համայնքապետի հանդիպումների ժամանակ: Մեր հարցին՝ ճնշումներ անկուսակցական թեկնածուի նկատմամբ կա՞ն ՀՀԿ-ի կողմից՝ Նարեկ Միրզոյանը պատասխանեց. «Ոչ մի ճնշում, ոչ մի նման բանի մենք ականատես չենք եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30