Եթե մի քիչ ժամանակ տրամադրեք եւ այժմ, քանի դեռ թարմ անանուխը, ռեհանը (ինչպես կարմիր, այնպես էլ՝ կանաչ), թարխունը եւ վարդի թերթիկները դեռ կան, ու պատրաստեք օշարակներ, ապա ողջ ամառ, ինչու չէ՝ նաեւ աշնանն ու ձմռանը, կունանաք տնական, թարմ հյութ կամ լիմոնադ՝ վիտամինով հարուստ, թարմացնող եւ շատ համեղ:
Անհրաժեշտ մթերքները
Անանուխի (ռեհանի, թարխունի) տերեւներ կամ վարդի թերթիկներ- 300 գրամ
Շաքարավազ- 2 կգ
Ջուր- 3 բաժակ
Կիտրոնաթթու- 2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Եթե անանուխը (ռեհանը, թարխունը) դեռ շատ մատղաշ է, ապա կարելի է ամբողջապես օգտագործել՝ ցողունի հետ, իսկ եթե ցողունն արդեն բավականին կոշտացել է, ապա միայն տերեւները պոկեք, լավ լվացեք, չորացրեք ու լցրեք թանզիֆի (марля) մեջ: Ավելացրեք կիտրոնաթթուն (լիմոնի աղը), լավ տրորեք: Կապեք թանզիֆի բերանն այնպես, որ տերեւները միջից դուրս չգան:
Կարդացեք նաև
Այդ ընթացքում պատրաստեք շաքարաջուրը: Շաքարն ու ջուրը լցրեք մեծ կաթսայի մեջ, ու խառնելով հասցրեք եռման աստիճանի: Չմոռանաք պարբերաբար խառնել, որպեսզի շաքարը չքարանա եւ չկպնի կաթսայի հատակին: Եռացրեք 20 րոպե: Դրանից հետո թանզիֆը, որի մեջ կանաչին է, զգուշությամբ խորասուզեք կաթսայի մեջ:
Անմիջապես անջատեք գազը: Կափարիչով հերմետիկ փակեք եւ տեղափոխեք գազի վրայից մի անվտանգ ու հեռու տեղ ու շատ լավ ծածկեք որեւէ բրդե ծածկոցով: Ստացվում է, որ անանուխը չի եփվում, այդ իսկ պատճառով վիտամինները հնարավորինս պահպանվում են, բայց որպեսզի իր համն ու հոտը տա, հարկավոր է կաթսան որքան հնարավոր է երկար ժամանակ տաք մնա, դրա համար պետք է լավ փաթաթել:
Մեկ օր հետո՝ ոչ պակաս, քան 24 ժամ, զգուշությամբ բացեք կաթսան, շատ մանրամասն քամեք թանզիֆը: Կանաչին կարող եք նետել աղբաման՝ թանզիֆի հետ միասին: Իսկ օշարակը դրեք կրակին, թողեք մինչեւ եռա, եւս երկու-երեք րոպե թող եփվի եւ անմիջապես լցրեք նախօրոք լավ լվացած, բայց նաեւ լավ չորացրած շշերի մեջ (եթե հանկարծ շիշը թաց լինի, կպայթի եւ եռման օշարակը կթափվի, շատ վտանգավոր է) եւ ամուր փակեք: Օշարակները ավելի քան մեկ տարի կարող են մնալ այսպես:
Յուրաքանչյուր անգամ պատրաստելիս ջրամանի (գրաֆին) մեջ լցրեք 1/10-1/15-րդի չափ օշարակ (կախված նրանից, թե որքան քաղցր եք սիրում), ավելացրեք սառը ջուր, կամ հանքային ջուր:
Կարող եք այս օշարակը օգտագործել նաեւ «Մոխիտո» պատրաստելիս, կարող եք բացված հյութի մեջ լիմոն կտրատել, սառույց լցնել: Շատ թարմացնող հյութ է, որը շատ ավելի նախընտրելի է, քան պատրաստի հյութերը:
Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
07.06.2014