Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ- ՕԵԿ հանդիպման պայմանավորվածություն կա

Հունիս 07,2014 21:48

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները  ՕԵԿ գործընկերների հետ հունիսի 11-ին՝ չորեքշաբթի օրը, հանդիպման պայմանավորվածություն ունեն:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք դրական են արձագանքել միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու  շուրջ ՕԵԿ-ի նախաձեռնությանը:

Տիկին Զոհրաբյանի խոսքով, իրենք ՕԵԿ-ի կոնսուլտացիաներին մասնակցելու խնդիր չեն տեսնում, քանի որ իրենք եւս մշտապես բարձրաձայնել են 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը:

Մեր հարցին, թե կիսո՞ւմ եք ՕԵԿ-ի համոզմունքը, որ ընտրական բարեփոխումները  Հայաստանի քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման կարևորագույն հրամայական է, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք չենք կարծում, որ միայն Ընտրական օրենսգիրք բարելավելով, միայն 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելով մեր երկրի համակարգային արատները հնարավոր է լուծել, իհարկե, այդպես չէ: Բայց որ սա ընտրական համակարգի բարելավման կարեւոր տարրերից է, այդպես է: Բայց դա բավարար չէ երկրի ողջ համակարգային ձեւախեղումները լուծելու համար: Շատ ավելի լուրջ խնդիրներ, մարտահրավերներ կան»: Նրա խոսքով, քառյակը այդ խնդիրների վերաբերյալ իրենց պահանջների փաթեթը առաջիկա օրերին կներկայացնի կառավարությանը:Ludmila-Sargsyan,-Sukias-Av

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ խմբակցությունում ՕԵԿ-ի քննարկման հրավերը չի քննարկվել. «Ինչպես խմբակցության մեծամասնությունը կկողմնորոշվի, այնպես էլ կվարվենք, բայց չեմ հասկանում ՕԵԿ-ի կոնսուլտացիաների իմաստը:  Եթե քառյակը բոլոր հարցերով միասնական կարողանում է վերհանել ու քննարկել եւ միասնական տեսակետ ձեւակերպել: Կարծում եմ, որ ՕԵԿ-ը պետք է 4-ին միանալու ցանկություն ունենար: Համամասնական ընտրակարգը սահմանադրական բարեփոխումների շրջանակում է լինելու, այսինքն, իմ ընկալմամբ,  ուզում են սահմանադրական փոփոխությունները քննարկման նյութ դարձնել»:

Նա չբացառեց, որ այս նախաձեռնությամբ ՕԵԿ-ը քայլ է անում միանալ քառյակին. «Չեմ բացառում, որ յուրահատուկ ձեւ է նաեւ քառյակին միանալու: Բայց, ի սկզբանե սահմանադրական փոփոխություններին դեմ ենք եղել, եւ եթե այդ շրջանակում է քննարկումը լինելու, ապա անիմաստ ենք համարում մասնակցել»:

Վերջում էլ տիկին Սարգսյանը  հավելեց, որ ՕԵԿ-ը կոնսուլտացիաների համար լավ ժամանակ չի ընտրել. «Նախ ժամկետի առումով հիմա պասիվ շրջան է  սկսվում, եւ քննարկումներն ակտիվ ու արդյունավետ չեն կարող լինել,  եւ եթե դա միտված է մեզ ներքաշել սահմանադրական փոփոխությունների դաշտ, ապա այդտեղ անելիք չենք ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30