Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի դառնար տնտեսագետ, բայց դարձավ ոսկերիչ

Հունիս 07,2014 17:56

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը, որը նախկինում կոչվում էր Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն և հանդես էր գալիս որպես ծառայություն մատուցող կառույց, արդեն մեկ տարի է, ինչ իրականացնում է մեթոդական գործառույթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը: Նրա խոսքով՝ կենտրոնի հիմնական նպատակը ՀՀ-ում անձի ողջ կյանքի ընթացքում մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգի ներդրումն է. «Մասնագիտական կողմնորոշում հասկացությունը մեզանում կարծես թե կարծրատիպային է դարձել, և թվում է, թե մասնագիտության ընտրությունը մեկ տարվա կամ մեկ անգամվա ընտրության խնդիր է, բայց դա այդպես չէ. յուրաքանչյուր ժամանակաշրջան անձը խնդիր ունի մասնագիտության ընտրության, որակավորման բարձրացման, առանցքային այնպիսի հմտությունների զարգացման, որոնք նրան միշտ մրցունակ կպահեն աշխատաշուկայում: Այդ պատճառով մեր կենտրոնն իր առջև խնդիր է դրել ծառայությունների մատուցման մի օղակը ներդնել հանրակրթությունում, մյուս օղակը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններում և երրորդը՝ զբաղվածության տարածքային կենտրոններում, որոնք կհամարվեն արդեն կրթությունից դուրս մարդկանց մասնագիտական կողմնորոշման ծառայությունների մատուցման օղակներ»,- մանրամասնեց կենտրոնի տնօրենը: Պատասխանելով հարցին, թե ինչպես են օգնում երիտասարդներին մասնագիտության ճիշտ ընտրության հարցում, Հայկուհի Գևորգյանը նշեց, որ նախ փորձում են բացահայտել երեխայի անձնային որակները, ապա մասնագիտական նախասիրությունները, իսկ հետո դրանք համադրում են շուկայի պահանջարկի հետ. «Մենք երեխային ուղղորդում ենք՝ առաջարկելով այն մասնագիտությունները, որոնց դեպքում նա կարող է աշխատել և մրցունակ լինել աշխատաշուկայում, և որոնք նաև հարազատ կլինեն իրեն, բայց որոշում կայացնողը, բնականաբար, անձն է ու նրա ծնողը»,- ասաց բանախոսը: Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են համակարգը դպրոցներում ներդնելու համար: Նախորդ տարի այն փորձնական ներդրել են Երևանի տասը դպրոցներում, որոնցից երեքում շարունակվում են աշխատանքները, իսկ այս տարի ընտրված տասը դպրոցներից 8-9-ում, նրա համոզմամբ, աշխատանքների կարիք անպայմանորեն զգացվում է: «Եթե վիճակագրական տվյալներին նայելու լինենք, ապա 5-10 տարի առաջ երեխաներն առավելապես ընտրում էին տնտեսագետի, իրավաբանի, բժշկի մասնագիտությունները, իսկ հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է նրանց ավելի շատ հետաքրքրում»,- ասում է Հ. Գևորգյանը: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրենն ասում է, որ երբ կենտրոնը նոր էր սկսել գործել, իրենք հաճախ են բողոքներ ու դժգոհություններ լսել այն երեխաների ծնողներից, որոնց մասնագիտության ընտրության հարցում ուղղորդել է կենտրոնը, և այդ ուղղորդման արդյունքը, այսինքն՝ մասնագիտության ընտրությունը, ծնողների սրտով չի եղել. «Ստեղծման առաջին տարում խնդիրներ շատ կային, որովհետև ծնողները և ինչ-որ տեղ նաև երեխաները այնքան էլ չէին գիտակցում մասնագիտության ճիշտ ընտրության կարևորությունը,- ասում է Հ. Գևորգյանը,- հիմա արդեն այդ խնդրը գրեթե չկա, և հաճախ են երեխաներն իրենց ծնողների հետ այցելում կենտրոն: Մի անգամ, օրինակ, մեր կենտրոն դիմեց մի երեխա, որի ծնողները նախապես որոշել էին, որ նա տնտեսագետ է դառնալու, բայց երեխայի հետ տարված աշխատանքի ընթացքում պարզվեց, որ նա ձեռքի շնորհք ունի ու կարող է լավ ոսկերիչ դառնալ: Եվ այդպես էլ եղավ: Նա սովորեց քոլեջում, այսօր ունի ոսկերչի աշխատանք ու, որ ամենակարևորն է, գոհ է իր աշխատանքից»: Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30