ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը, այսօր «Անալիտիկ» կենտրոնում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, նկատեց, որ էլեկտրաէներգիան վերջին գազի թանկացումների հետ կապված արդեն իսկ թանկացել էր։ Միքայել Մելքումյանը այս նոր թանկացումը, որը նախաձեռնել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը եւ ըստ նախատեսվածի՝ շուրջ տասը տոկոսի է հասնում, համարում է, որ պետք է կարգավորվի էներգետիկայի նախարարության համակարգում գործող «էլեկտրաէներգետիկական օպերատոր» ՓԲԸ կողմից։
Պրն Մելքումյանի համոզմամբ ՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը , որին բնական մենաշնորհի կարգավիճակ պետք է տալ, պետք է ամենաէժան էլեկտրաէներգիան ձեռք բերի. «Այսինքն՝ այն, առաջինը ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան է ՝ առանց ավելացված արժեքի հարկի՝մոտ 5.5 դրամ։ Մյուս էժան ոլորտը հիդրոէներգետիկան է, որտեղ մոտ 9 դրամ է էլեկտրաէներգիայի գինը եւ ջերմային էլեկտրակայաններն են։ Ցավոք սրտի այնպես ստացվեց, որ ատոմային կայանը անցյալ տարի պետք է կանգներ 25 օր պլանային անջատման համար, սակայն կանգնեց 4 ամիս, կամ , չլինելով ջրառատ տարի՝ հիդրոէներգետիկ համակարգը քիչ էլեկտրաէներգիա արտադրեց։ Ֆինանսական վիճակը այնքան վատացավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը հայտարարեց, որ Հայաստանին չի բավարարում 20 մլրդ դրամը, եւ դա կարգավորելու համար սակագնի աճ պետք է լինի»։ Պրն Մելքումյանի կարծիքով՝ Հայաստանի «Էլեկտրական ցանցերը» ուզում է գումարի դեֆիցիտը ծածկել կա՛մ բնակչության , կա՛մ էլ տնտեսվարող սուբյեկտների հաշվին. «Դա միանշանակ անընդունելի է։ Բնակչության առումով դա կհանգեցնի հետագա աղքատացման եւ էլեկտրաէներգիայի սպառման ծավալի իջեցմանը։ Տնտեսվարող սուբյեկտների դեպքում, որոնց արտադրության ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը բարձր է, այդ արտադրանքը կզրկվի իր մրցունակությունից, հատկապես խոսքը գնում է արտահանվող ապրանքատեսակների մասին»։
Անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճին, որը կազմում է 3.1 տոկոս, պրն Մելքումյանը նկատեց, որ անցյալ տարվա առաջին եռամսյակին գրանցած տնտեսական աճի համեմատ կրկնակի անկում կա։ Պրն Մելքումյանը տնտեսական աճի այս կտրուկ անկումը պայմանավորում է նախ եւ առաջ նոր կառավարության ձեւավորմամբ. «Անկման պատճառ կարող են լինել նաեւ արտաքին գործընթացները եւ իհարկե նաեւ ներքին գործընթացները, խոսքը գնում է համապատասխան ներդրումային միջավայրի մասին՝ վարկերի բարձր տոկոսադրույքներ, մրցակցային հարաբերությունների որակներ եւ արտահանման կարողությունների անկում»։
Էլյա Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի գնի թանկացումը կոպիտ ռազմավարական սխալ կլինի, որը ավելի կբարդացնի ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը: Մեր երկրի նախագահը պետք է ձևավորի նոր ուժեղ և հայրենանվեր թիմ, որը պետք է իրեն նվիրի երկիրը փրկելու գործին: Հին կադրերը, որոնք ռոտացիայի կարգով մեկ ոլորտից տեղափոխվում են մեկ այլ ոլորտ, ինչպես անցյալն է ցույց տալիս, չեն կարող լուծել նման լուրջ խնդիրներ: Այլապես մենք դոփելու ենք նույն տեղում, որը հավասար կլինի պարտության: