«Միկոյանի արձանի տեղադրման տրամաբանական շարունակությունը պիտի լինի Լենինի արձանի տեղադրումը Երևանի հենց կենտրոնում, չէ՞ որ յուրաքանչյուր որոշում պիտի հասցնես իր գաղափարական ավարտին,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը,- Միկոյանն ընդամենը մի օղակն էր Լենինի ստեղծած կարգերի, այդ դեպքում` ինչո՞ւ չդնել Լենինի արձանը:
Ես ի սրտե շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին՝ Միկոյանի արձանը դնելու գաղափարն առաջ քաշելու համար: Եկել է մի սերունդ, որը չգիտի՝ ով է Միկոյանը, ապրում է մի սերունդ, որը մոռացել է՝ ով է Միկոյանը կամ չի ուզում հիշել, իսկ այս աղմուկը, կարծես թե, բերեց և ցույց տվեց իրականության դեմքը: Ու հիմա մարդիկ ազատ են կողմնորոշվելու` իրենք կողմնակի՞ց են այդ արժեքային համակարգին, թե՞ չեն ընդունում այն: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, որովհետև ընտրության իրավունքն ի վերուստ տրված արժեք է, և մարդն այնքանով է մարդ, որքանով կարողանում է ժամանակի մեջ ճիշտ ընտրություն կատարել: Հաճախ ենք լսում, չէ՞, որ ասում են՝ այսպիսի կամ այնպիսի ժամանակներ էին, բայց յուրաքանչյուր ժամանակի մեջ կարելի է լինել և´ կարգին մարդ, և´ սրիկա, ու պատմությունը ցույց է տալիս դա: Չկա սրիկայական ժամանակ, կա սրիկաների ժամանակ»:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ ասաց, որ Բաբայանի խոսքերում հումոր ու հեգնանք է նկատում, բայց ինքը համաձայն չէ, որ Միկոյանը սրիկա է եղել. «Միկոյանն էլ, Լենինն էլ հանճարեղ քաղաքական գործիչներ են եղել,- ասում է Ֆ. Առաքելյանը,- ուղղակի մենք սովոր ենք հարցերը շատ նեղացնելու և դրանց միայն ստվերոտ կողմերն առանձնացնելու: Եթե խոսում ենք ստվերի մասին, եկեք խոսենք նաև լույսի մասին, առանց լույսի ստվեր չի լինում:
Կամ ո՞վ է ապացուցել, որ Միկոյանը ստորագրել է 1937-ին գնդակահարվածների հրամանը, ցո´ւյց տվեք ինձ այդ թուղթը: Ասում են` ի՞նչ է արել Միկոյանը հայերի համար, դե, այդ դեպքում ես էլ հարցնում եմ` ի՞նչ են արել մեր ազգի համար Իսակովը, մարշալ Բաբաջանյանը: Ոչինչ էլ չեն արել, ինչ որ արել են, խորհրդային բանակի համար են արել: Ուղղակի մենք սովոր ենք քննադատելու ամեն ինչ: Կարծում եք՝ եթե Տիգրան Մեծի արձանը դնեն, չե՞նք քննադատի»:
Կարդացեք նաև
Ռ. Բաբայանն էլ ի պատասխան ասաց, որ եթե հարցին սևի ու սպիտակի տեսանկյունից ենք մոտենում, ապա աշխարհում չկա մի մարդ, որ ունենա միայն սև կամ սպիտակ կողմեր. «Ես կարող եմ Ադոլֆ Հիտլերի բազմաթիվ դրական հատկանիշներ նշել. նա չէր խմում, չէր ուտում, ուներ մի կին և սիրուհիներ չէր պահում: Իսկ Չերչիլը՝ հակառակը՝ և´ խմում էր, և´ ուտում էր, և´ ծխում էր, և´ բազմաթիվ սիրուհիներ ուներ: Խոսքը արժեքային համակարգի մասին է»,- ընդգծեց պարոն Բաբայանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ