Հարցազրույց պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ
-Նախիջեւանյան սահմանի ուղղությամբ ադրբեջանական կողմում վաղուց աշխուժություն է նկատվում, իսկ հունիսի 5-ին ադրբեջանցի դիպուկահարների գործողության հետեւանքով երկու զոհ ունեցանք: Դա հիմք չի՞ տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը նպատակ ունի Նախիջեւանը վերածել Հայաստանի դեմ ռազմական ավանտյուրայի համար նպաստավոր տեղանքի:
-Նախիջեւանը թուրքական աշխարհի համար հանգուցային տարածք է համարվում, ուր թուրք-ադրբեջանական տանդեմը զգալի ուժեր է կուտակում: Եվ համոզված եմ, որ մեր թշնամին, այո, նպատակ ունի Նախիջեւանը վերածել հենակետի՝ Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում:
Իհարկե, դա չի նշանակում, թե առաջիկա զարգացումներն անխուսափելիորեն հանգեցնելու են պատերազմի: Բայց եթե նախկինում Ադրբեջանը ակտիվ նախապատրաստություններ էր տեսնում միայն արեւելյան ուղղությամբ, ապա այսօր այդ ակտիվությունը նկատելի է նաեւ Նախիջեւանի ուղղությամբ:
Ընդ որում, սա միայն Բաքվի նախաձեռնությունը չէ: Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական համագործակցության բարձր մակարդակը՝ առավել քան համոզված եմ, որ նախիջեւանյան ուղղության ուժեղացումը համատեղ որոշում է: Պատահական չէ, որ Ադրբեջանի՝ Նախիջեւանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա թշնամին ստեղծել է առանձին համազորային բանակ: Այսինքն՝ նախիջեւանյան ուղղությամբ Ադրբեջանն ավելի ու ավելի է ուժեղացնում իր ռազմական ներկայությունը:
Կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է հստակ գիտակցի թուրք-ադրբեջանական տանդեմից բխող վտանգի մանրամասները, այդ թվում՝ նաեւ նախիջեւանյան ուղղությունից վտանգ բխելու հանգամանքը:
Ադրբեջանի ակտիվությունն ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական, ե՛ւ քարոզչական բնույթ։ Լարվածությունն առկա է պետական սահմանի ողջ երկայնքով, իսկ նախիջեւանյան հատվածում եւս լրացուցիչ լարվածության ստեղծումը հետեւյալ նպատակն է հետապնդում՝ այս կերպ թշնամին փորձում է մեր ուժերը ջլատել՝ չթողնելով, որ կենտրոնանանք հիմնական՝ արցախյան ուղղության վրա:
Այդուհանդերձ ցանկանում եմ հատկապես ընդգծել՝ մեր դիրքերը նախիջեւանյան ուղղությամբ շատ ամուր են: Այստեղ տեղակայված բանակային զորամիավորման մարտունակության է՛լ ավելի բարձրացման հարցերը մեր բարձրագույն ռազմական ղեկավարությունը դիտարկում է որպես առաջնահերթություն: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ զորամիավորման հրամանատարը՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, իր գործի գիտակ եւ եռանդուն զինվորական է: Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունում գնահատում են վտանգը եւ համարժեք միջոցառումներ ձեռնարկում:
-Նախիջեւանյան սահմանին կատարված ողբերգական միջադեպից հետո նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Ուշագրավ էր նախարարի հետեւյալ միտքը. «Ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ»: Փաստորեն սրանով նախարարը ակնարկեց, որ Հայաստանը կարող է դիմել հստակ հակագործողությունների՞:
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինվորականին վայել հստակությամբ արտահայտել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը: Այո՛ մենք ունակ ենք շատ ցավոտ հակահարված տալ թշնամու նախահարձակ ագրեսիային: Այո՛, մենք չենք թաքցնում մեր այս մտադրությունը: Ասեմ նաեւ, որ սահմանի ամենատարբեր տեղամասերում կտրուկ ու պատժիչ պատասխաններ արդեն իսկ տրվել ու տրվելու են թշնամուն: Այդուհանդերձ Հայաստանը նախեւառաջ նախընտրում է հակառակորդին զսպող դիվանագիտական մեխանիզմներ բանեցնելով՝ թույլ չտալ հարավարեւմտյան սահմանին ավելորդ ու անհարկի լարվածության ստեղծումը:
Բայց մենք նաեւ շատ լավ գիտենք, թե ով է մեր թշնամին։ Թուրքի հետ տեւականորեն հարաբերվելու կենսափորձ ունեցող մարդիկ լավ գիտեն, որ զուտ դիվանագիտական, անգամ ամենաանկեղծ ձեռնարկները շատ հաճախ անարդյունք են լինում, որովհետեւ թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Այդ զսպող հակընդդեմ ուժը կա, ինչը մենք առանց վարանելու գործի կդնենք, եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆե
Հրապարակումն ամբողջությամն՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: