Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման
քննարկում են տնտեսագետներ Վահագն Խաչատրյանը եւ Աշոտ Եղիազարյանը
Արամ Աբրահամյան.- Եթե քաղաքականությունը մի կողմ դնենք, ի՞նչ է նշանակում Եվրասիական տնտեսական միություն, ի՞նչ է նշանակում Մաքսային միություն, եւ ինչո՞վ են դրանք իրարից տարբերվում:
Վահագն Խաչատրյան.- Տարբեր աստիճաններ կան` ազատ առեւտուր, մաքսային միություն, տնտեսական միություն, արժութային միություն, վերջը լինում է արդեն` ուղղակի երկրները իրենց ընդհանուր տնտեսական քաղաքականությունը միացնում են: Երկրորդ աստիճանը Մաքսայինն է, երրորդը` Եվրասիական տնտեսական միությունը: Մաքսային միության շրջանակներում մենք ուղղակի պայմանավորվում էինք սահմանները պահել շնորհիվ բարձր կամ ավելի ցածր մաքսադրույքների, եւ սովորաբար բարձր մաքսադրույքներ ունենալով` մեր մաքսային միության անդամ երկրների միջեւ փորձում ենք խթանել տեղական արտադրանքը, որպեսզի ներմուծվող ապրանքների մրցակցությանը դիմանանք: Եվրասիական տնտեսական միության ժամանակ ոչ թե մաքսային սահմանն է գործելու, այլ այնտեղ հրապարակվեցին 4 կարեւոր գործոն` աշխատուժի ազատ տեղաշարժ, կապիտալի ազատ տեղաշարժ, առեւտրի եւ սպասարկման, այսինքն` այլեւս մեր քաղաքացիները, ովքեր որ աշխատել են Եվրասիական տնտեսական միության մեջ, խնդիրներ չեն ունենա, աշխատանքային կանոնները, որ գործում են Հայաստանում, պետք է գործեն նաեւ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում: Սկսվում է արդեն հարկային օրենսդրության ընդհանուր կանոնների սահմանում: Օրինակ` մենք որոշակի առավելություն ունենք այսօր մեր ապագա գործընկեր երկրներից, որովհետեւ մեր հարկային դաշտը բավականին մեղմ է, քան ռուսականը, բելառուսականը:
Ա. Ա.- Բայց տնտեսվարողները չեն զգում, որ դա ավելի մեղմ է:
Կարդացեք նաև
Վ. Խ.– Հասկանալի է, որովհետեւ մեր տնտեսվարողները չեն հասկանում` ինչ տնտեսական քաղաքականություն ենք վարում: Բայց համեմատության մեջ փորձում ենք հասկանալ մեր առավելությունները, մենք այդպիսի առավելություն ունենք, շատ դեպքերում պետական պաշտոնյաները նույնիսկ չէին թաքցնում, որ Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելով` Հայաստանը հնարավորություն կունենա, օգտվելով իր այդ հարկային եւ տնտեսական դաշտի առավելություններից, այստեղ ներդրումների հարաբերակցություն ապահովել, դա նույնպես հեքիաթների շարքից է. իրականում Հայաստանի խնդիրը տնտեսական դաշտում չէ:
Ա. Ա.– Հնարավո՞ր է, որ Մաքսային միություն չմտնենք, բայց մտնենք Եվրասիական միություն:
Աշոտ Եղիազարյան.– Ոչ, դա այնքան էլ այդպես չէ, չնայած կարծես այդպիսի տպավորություն գոյություն ունի: Դրանք ենթադրվող տնտեսական պրոյեկտի տարբեր մակարդակներ են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանը նույնպես փորձում է դրա հիմքում դնել եվրոպական փորձը, որը ըստ բալանսի՝ ենթադրում էր ինտեգրման հինգ մակարդակներ, այդ թվում` Եվրասիական տնտեսական միությունը ավելի բարձր մակարդակ է համարվում, քան Մաքսային միությունը: Բայց Եվրասիական տնտեսական միության անդամ` արդեն նշանակում է, որ դու նաեւ ընդունել ես մաքսային խաղի կանոնները, այսինքն` եթե մաքսային խաղի կանոնները, լինելով մի մակարդակ ցածր, կարգավորում են ընդհանուր մաքսային քաղաքականությունը այդ ինտեգրված տարածքի շրջանակներում, ապա Եվրասիական տնտեսական միությունը ենթադրում է արդեն տարբեր տեսակի` բացի Մաքսայինից, տնտեսական ոլորտի այլ քաղաքականությունների համաձայնեցում:
Ա. Ա.- Դրա մասին շատ է խոսվել նաեւ այս ստուդիայում, որ նախորդ կառավարությունը բանակցում էր, այն ժամանակ Մաքսային միությունն էր դեռ, 800 ապրանքատեսակների մասին, որոնց մաքսատուրքերը այստեղ ավելի ցածր են, քան այնտեղ: Խոսքը որոշ ապրանքների համար բացառությունների մասին էր: Ի՞նչ եղավ այդ բանակցությունը:
Ա. Ե.- Ես, բնականաբար, բանակցություններից տեղյակ չեմ, բայց ես չեմ կարծում, որ բացառությունները, այսպես ասած, մեծ մասշտաբ կունենան, միառժամանակ՝ ես չեմ կարծում դեռ, որ այդ գործընթացը հնարավոր է լուծել առաջիկա գոնե մի քանի ամիսների ընթացքում՝ թե տեխնիկական առումով եւ թե շատ այլ գործոնների ազդեցությամբ, այսինքն՝ ես հակված չեմ նրան, որ դա շատ արագ տեղի է ունենալու հենց այս ամսվա ընթացքում: Պետք է նկատի ունենանք, որ նաեւ նույնիսկ եռյակը` Ղազախստան, Բելառուս, Ռուսաստան, իր շրջանակներում ունի բացառություններ, այսինքն՝ այնպես չէ, որ նրանք բոլոր ապրանքախմբերի համար համաձայնեցնելու են մաքսային դրույքները, կան նաեւ բացառություններ, այդ թվում` վառելիքաէներգետիկ սեկտորի վերաբերյալ, որը, բնականաբար, չի բխում Ռուսաստանի շահերից: Բայց երբ խոսում ենք այս ինտեգրացիոն նախագծի մասին` Եվրասիական եւ Մաքսային, ավելի շուտ` այսօր խոսքը կարող է գնալ միայն Մաքսայինի մասին, որովհետեւ ռեալ գոյություն ունի միայն Մաքսային միություն:
Քննարկումն ամբողջությամբ`
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։