Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արդիականը սանձարձակը չէ»

Հունիս 07,2014 13:45

Զրույց՝ երիտասարդ բանաստեղծ Դավիթ Ասատրյանի հետ

Դավիթ Ասատրյանը բանաստեղծական շարքերի հեղինակ է, որոնք հասցրել է տպագրել:

Դավիթն ապրում է իր պոետական կյանքով ու, ինչպես ինքը նշեց, դրանից բացի, այլ «ամբիցիաներ» չունի: Բանաստեղծությունն իր աշխարհն է համարում, որտեղ կարողանում է ինքնաարտահայտվել ու իրեն լիարժեք զգալ: Գրողի՝ «Առավոտի» հետ զրույցը տիպիկ պոետական էր, որի ընթացքում ծանոթացանք հեղինակի մտքերին, ապագա ծրագրերին:

– Որո՞նք են գրող դառնալու կարեւոր «նախապայմանները»:

– Ոչ միայն բանաստեղծը, այլ ցանկացած արվեստի մարդ (հատկապես, եթե նրան արվեստագետ են համարում իրենից բացի, էլի մի քանի հոգի), պետք է գիտակցի իր վրա դրված ծանր պարտականությունը: Արվեստագետը հեղինակություն է կամ գոնե այդպիսին պետք է լինի, եւ նա, եթե «զավթել» է այդ տեղը, ուրեմն պետք է հասկանա` իր կյանքն այլեւս այլ է` բաժանվել է երկու մասի` արվեստից առաջ եւ դրանից անդին: Բայց այս ամենից դուրս, ես նաեւ քաղաքացի եմ, որը պարտավոր է ապրել իր երկրի հոգսերով:

– Որտե՞ղ են թաքնված Ձեր ոգեշնչման աղբյուրները:

-Ինձ համար ոգեշնչման մի աղբյուր կա` մարդը, եւ հատկապես հայի տեսակը: Այն տեսակը, որն այս համատարած կեղտի մեջ դեռ ժպտալու, երգելու, սիրելու ժամանակ է գտնում: Այս ամենից զատ, իմ հերոսը պայքարող Մարդն է, ում համար դեռ ամեն ինչ կորած չէ: Մեզ ոչինչ չի պակասում երջանիկ լինելու համար՝ սիրուց բացի. մոռացել ենք իրար սիրելու մասին: Ես զբաղված եմ մարդու փնտրտուքով, եւ հենց նա էլ իմ մուսան է:

– Ի՞նչ ասելիք ունի այժմյան գրականությունը, ո՞րն են արդիական թեմաներն ու խնդիրները:

-Շատերը գրականություն բերեցին մի հոսանք, որը կոչվում է «էլիտար գրականություն», այսինքն՝ մի բան, որը հասու չէ ժողովրդի լայն շերտերին: Այսպես սկսվեց ընթերցող-գրող անջատումը: Դրանից բացի, որոշները, չկարողանալով բավարարել իրենց սեռական բնազդներն ու կրքերը, վերոնշյալ զգացողությունները դարձրին «գրականություն»: Եվ երբ նրանց ասացին, թե սա վատ է կամ զզվելի է, կամ առհասարակ կեղտ է, պատասխանը եղավ այսպես. «Սա ձեր խելքի բանը չէ, սա բարձր արվեստ է»… Եվ, չգիտես ինչու, բարձր արվեստի նշաձողը դարձավ անհասկանալիությունը, եւ ամեն բան, ինչ չկարողացան հասկանալ, ասացին՝ լավն է, բարձր է: Ովքեր ուղղագրություն չգիտեին, սկսեցին ասել, թե ուղղագրություն դնելը հետամնացություն է, ովքեր հանգ կապել չգիտեին՝ հանգը համարեցին հին, մի խոսքով՝ տաղանդի բացարձակ բացակայությունը սկսեց «հանճարներ» ծնել: Ինձ համար արվեստը գնում է դեպի ժողովուրդը: Արվեստը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե ծառայեցնի…

Շատերին թվում է, թե արդիական նշանակում է սանձարձակ, գռեհիկ, բայց ոչ, արդիականը ճանապարհ է, որն անցնում է գրասեղանից մինչեւ ընթերցողի սիրտը:

-Ո՞րն է Ձեր ստեղծած գրականության ասելիքը:

-Մի բան ինձ համար հստակ է՝ եթե չես կարող օգնել, պարտավոր ես չխանգարել: Իմ ստեղծածը գրականություն է, թե՝ ոչ, արվեստ է, թե՝ ոչ՝ կպատասխանի ժամանակը: Ո՛չ ես, ո՛չ դուք դրա պատասխանը չունենք, բայց որ իմ ստեղծածով ոչ մի դեռահաս չի շեղվի կյանքի ճիշտ ուղուց, ոչ ոք ինձ վրա հիմնվելով չի ատի այս հողը, այս մի կտոր մոլորակը՝ դրանում ես վստահ եմ: Ինձ համարում եմ հայ դասական գրականության հետեւորդ, ես շալակս եմ առել՝ ինչ կարողացել եմ վերցնել մեր մեծերից, եւ տանում եմ այն` տալու իմ զավակներին: Չեմ կարող ասել` նրանք գո՞հ կլինեն, թե՞ դժգոհ, բայց մեղադրանքներ չեմ լսի:

Վերջերս ընկերներիցս մեկը պատմեց, որ մի դեռատի օրիորդ, ազդվելով մեր ժամանակակից գրողներից մեկի ստեղծագործություններից, գրել էր մոտավորապես այսպիսի միտք. «Ես ամեն օր չեմ կարող փառք չտալ Աստծուն, որ Արեւմտյան Հայաստանը մերը չէ»… Ահա սրանից է, որ պետք է վախենա ամեն գրիչ վերցնող, պետք է զգա իր պատասխանատվությունը:

– Ապագայում պոետը…

– Առհասարակ, ծրագրերի մասին չեմ սիրում խոսել, որովհետեւ, երբ պատմում ես դրանց մասին, արդեն իսկ բավարարվում ես, եւ պակասում է էնտուզիազմը: Առաջիկայում տպագրված գրքերս ընթերցողին հասցնելու խնդիր ունեմ: Իսկ որպես հայ մարդ մեկ խնդիր ունեմ՝ պահպանել տեսակս, որքան հնարավոր է՝ իր նախնական ձեւի մեջ: Ես հաճախ հարցեր եմ տալիս հորս, որոնց պատասխանները, ցավոք, հայրս չունի, կամ ամաչում է պատասխանել՝ հատկապես, երբ հարցնում եմ 80-ականների զարթոնքի եւ 90-ականների «ծաղկաթափի» մասին: Ես ուզում եմ ապագան տեսնել լուսավոր եւ ունենալ բոլոր հարցերի պատասխանները, որոնք տղաս պատրաստել է ինձ համար:

Զրուցեց
ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30