Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ղուկասյան. «13-ը իմ թիվն է»

Հունիս 07,2014 13:50

«Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը հայաստանցի մարզասերների համար լավ նվեր է նախապատրաստել: Եկող ամիս նա Երեւանում կազմակերպելու է ArmFC միջազգային խոշոր մրցաշար, ինչի շուրջ զրուցեց «Առավոտի» հետ:

– Մինչեւ բուն թեմային անցնելը, մի քանի խոսք վերջերս ՌԴ տեղափոխված ProFC վարկածով մեր աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի մասին: ինչպե՞ս է նա զգում իրեն:

– Նա Դոնի Ռոստովում է: Նոր է տեղափոխվել եւ էական նորություններ դեռ չկան:

– Հիմա պատմեք կայանալիք մրցաշարի մասին:

– Երբ 2008 թվականին ստեղծեցինք ArmFC միջազգային վարկանիշային կազմակերպությունը, երազանք էի պահել, թե ե՞րբ կլինի 13-րդ միջազգային մրցաշարը: Ֆեդերացիայի ծաղկուն տարիները եղել են 2010-2012 թվականները: Այդ ընթացքում մենք կազմակերպել ենք վարկանիշային՝ 4 եւ միջազգային՝ 12 մրցաշար: Հիմա եկել է 13-րդի հերթը, որն էապես տարբերվելու է նախորդներից: Նախ, այդ մրցաշարը մենք նվիրում ենք մեր ժողովրդին: Դրա համար ոչ մի տոմս չենք վաճառելու: Այն կայանալու է «Հաղթանակ» զբոսայգում, բացօթյա: Լինելու է 13 մենամարտ՝ UFC-ի միջազգային չափանիշներին համապատասխանող պրոֆեսիոնալ ռինգում: Ակնկալում եմ, որ տեղում մարտերին անմիջապես հետեւել կկարողանա շուրջ 13 հազար մարդ:

– Բայց ասում են, թե 13-ը անհաջող թիվ է:

– Իմ պարագայում հակառակն է: 13-ը իմ թիվն է եւ ինձ հետ կապված բոլոր նշանակալի ու խորհրդանշական իրադարձությունները կապված են 13 թվի հետ:

– Ովքե՞ր են լինելու մրցաշարի մասնակիցները:

– Ժամանելու են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը: Մասնակցության հայտ ներկայացրել են նաեւ Հնդկաստանն ու Իրաքը: Հայ հանդիսականն այդ օրը ռինգում կտեսնի ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրից ժամանող հայ լավագույն մարտիկների պայքարը: Ի դեպ, շատ հավանական է, որ ռինգում իրենց վարպետությունով զարմացնեն նաեւ մեր աղջիկները: Նրանք կապացուցեն, որ հայ կինը միայն համեստության խորհրդանիշ չէ եւ հարկ եղած դեպքում, ինչպես բազմաթիվ օրինակներ է տվել մեր պատմությունը, կարող է մարտնչել ու հաղթել: Բայց խոսքս միայն պատերազմների դաշտի մասին չէ, այլ նաեւ մարզական ասպարեզների: Այդ օրը կլինի նաեւ մեկ ռեվանշ մենամարտ: 93 եւ ավելի քաշային կարգում մեր Վազգեն Ավագյանը կփորձի վերադարձնել պարտքը իրանցի Աշքամ Մերթազարիին, որին պարտվել է մի քանի ամիս առաջ: Այն ժամանակ մարտից անմիջապես հետո մենք հայտարարեցինք ռեվանշի մասին եւ Մերթազարին համաձայնեց:

– Ինչպես երեւում է, իսկապես լուրջ մրցաշար է սպասվում: Ովքե՞ր են հովանավորները:

– Մենք երբեք հովանավորներ չենք ունեցել ու բոլոր մրցաշարերը կազմակերպել ենք մեր միջոցներով: 13-րդ միջազգայինում ունենք աջակից՝ «Հաղթանակ» զբոսայգու տնօրինությունը, որը ռինգը տեղադրելու տարածք է հատկացնում՝ այդ մենամարտերը կազմակերպելու միջոցով առողջ ապրելակերպը եւ սպորտի զարգացումը քարոզելու նպատակով:

– Հնարավո՞ր է, որ Դավիթ Խաչատրյանն էլ մասնակցի:

– Ոչ: Նա Ռուսաստանի հետ պայմանագիր ունի: Հնարավոր է, որ այդ օրերին նա լինի Հայաստանում, բայց ռինգ չի մտնի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30