Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ տաղանդն է որոշում»

Հունիս 07,2014 14:05

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը խաչատրյանական մրցույթի մասին խոսելիս՝ վկայակոչում է Խաչատրյանին

2003-ին Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի առիթով ստեղծված նրա անվան հիմնադրամը նպատակ ուներ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել: Այդ շրջանակում էլ առաջին անգամ մեկնարկեց Խաչատրյանի անվան մրցույթը, որից հետո դրական արձագանքները նպաստեցին այն ամենամյա դարձնելու որոշման կայացմանը: Մրցույթի հետ կապված բոլոր հարցերի կարգավորման համար էլ անհրաժեշտ եղավ պատասխանատու հատուկ մարմնի ստեղծումը եւ 2004-ից հիմնադրամը վերանվանվեց «Արամ Խաչատրյան- մրցույթ», որը ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ՝ յուրաքանչյուր տարի կոմպոզիտորի ծննդյան օրը անցկացնում է միջազգային մրցույթ:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանական 10-րդ մրցույթը: Այս տարի կմրցեն դաշնակահարները:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը (լուսանկարում) նշեց, որ յուրաքանչյուր տարի մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնվել է՝ ներառելով ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Եվրոպայից, Չինաստանից եւ այլն:

«Մրցույթի անցկացման 10 տարիների ընթացքում ժյուրիի կազմը, որի աշխատանքներին մասնակցել են մեր պրոֆեսորները, մշտապես համալրվել է հեղինակություն վայելող այնպիսի մասնագետներով, ինչպիսիք են Գրիգորի Ժիսլինը (Մեծ Բրիտանիա), Ժան Տեր-Մերկերյանը (Ֆրանսիա), Լյուսի Իշխանյանը (ԱՄՆ), Վլադիմիր Լանդսմանը (Կանադա), Բորիս Կուշնիրը, Հարալդ Հերցլը (Ավստրիա), Զախար Բրոնը (Գերմանիա) եւ ուրիշներ: Այս տարի ժյուրին կգլխավորի մեր կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ժյուրիի 8 անդամները դարձյալ հեղինակավոր դեմքեր են, այդ թվում՝ Ալեքսանդր Բոնդուրյանսկին, Աննա Մալիկովան Ռուսաստանից, Դիդյե Միշել Մարտինը Ֆրանսիայից, Մարկո Սոլինին Իտալիայից, Չոն-Հվա Փարկը Հարավային Կորեայից եւ այլն: Ունենք նաեւ պատվավոր հյուրեր Մոսկվայից՝ «Արամ Խաչատրյան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Գաբրիելյանը, Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Հայրապետյանը, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի խորհրդի նախագահ եւ գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկին (Լեհաստան), ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, Լովրանի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ինո Միրկովիչը (Շվեյցարիա) եւ այլն»,- հայտնեց պարոն Շահինյանը: Հիշեցրեց նաեւ, թե մրցույթն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով միաժամանակ հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը, իսկ նախագահն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը: Գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Ռեկտորի խոսքերով՝ խորհրդի կազմում են համաշխարհային հռչակ վայելող անուններ, օրինակ՝ Վալերի Գերգիեւը, Պավել Կոգանը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Միխայիլ Շվիդկոյը, Ջոնաթան Ֆիրման- Էթֆուդը…

Մեր զրուցակիցը նշեց, որ մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է ու նախնական փուլն էլ հաղթահարել է 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից եւ այլ երկրներից:

Շահեն Շահինյանն ասաց նաեւ, որ այսօր կայանալիք մրցույթի մեկնարկի երեկոյի ընթացքում ելույթ կունենան 2007-ից մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի երիտասարդական պետական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եւ ժյուրիի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը՝ հնչեցնելով Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե «ապահովված» է ամենագլխավորը՝ ժյուրիի անաչառությունը, Շահեն Շահինյանը պատասխանեց Արամ Խաչատրյանի՝ 1963թ.-ին գրած նամակներից մեկի հետեւյալ տողերով. «Ամեն ինչ տաղանդն է որոշում: Տաղանդ ըմբռնումն իր մեջ է ներառում ոչ միայն զուտ երաժշտական հասկացություն: Այդ հասկացության մեջ է մտնում նաեւ արվեստագետի՝ տեխնիկային տիրապետելն ու աշխարհայացքը, արվեստագետի անհատականույթունը, նրա ազնվությունը, նրա նրբազգացությունը, նրա սերն ու նվիրվածությունը հայրենիքին եւ շատ ու շատ այլ բաներ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30