Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պահանջք

Հունիս 07,2014 14:10

Հանճարի պաշտամունքը ժողովուրդն է, ընդհանուր շահերի ու իրավունքների շուրջ համաձայնության եկած մարդկանց այն ամբողջությունը, որի օրինավոր զավակն է ինքը, ում նպատակների կենսագործմանն է կոչված նրա մտքի սլացքը։ Եվ ինչքան էլ որ նպատակները դժվարացնեն կյանքը, նրա առաջին շղթայակիրն ու մաքառողը պետք է լինի հանճարը, քանզի նրան է վիճակված հանրությանը բարոյական դասեր տալու եւ դեպի երջանկություն տանելու հերոսական ճակատագիրը։

Եթե փորձենք աչքի անցկացնել հայ դասական քնարերգության ոսկեգիր էջերում տեղ գտած հայրենասիրական ու ազգային-ազատագրական պայքարի երգերը, ապա կհամոզվենք, որ դրանց հեղինակներից ամեն մեկն իր հերթին, որպես նվազագույնի պարտադրանք, դրսեւորել է իր վերաբերմունքը մեր ազգային պետականություն ունենալու գաղափարի նկատմամբ, նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործություններում յուրովի են մեկնաբանված հայրենիքն անկախ ու ինքնիշխան տեսնելու մեր կարոտն ու ձգտումը։
Այս մասին են վկայում Ղ. Ալիշանի «Հայոց աշխարհիկ», «Հայ հայրենիք», Մ. Պեշիկթաշլյանի «Հայ քաջորդի», «Հայ քաջուհին», Ն. Ռուսինյանի «Կիլիկիա», Պ. Դուրյանի «Իղձք առ Հայաստան», Վ. Մալեզյանի «Բանք առ հայորդի», Ա. Չոպանյանի «Օրոր Մայր Հայաստանին», Ռ. Որբերյանի «Անդրանիկ» բանաստեղծությունները, Սիամանթոյի «Հայորդիները», «Հոգեվարքի եւ հույսի ջահեր» պոռթկուն շարքերը, Դ. Վարուժանի «Ցեղին սիրտը», «Հացին երգը», «Դյուցազնավեպեր» սքանչելիորեն կերտված ընտրանիները եւ դարաշրջան ներկայացնող շատ անմահ գործեր, որոնցից կազմված է արեւմտահայ քերթողական արվեստի փառապսակը։ Արեւելահայ գրականության մեջ հայրենասիրական տարերքով բռնկուն բանաստեղծություններով են հագեցած Ռ. Պատկանյանի, Հովհ. Հովհաննիսյանի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի եւ ուրիշների ստեղծագործությունները։

Այսօր Տերյանի՝ ցնորք եւ Չարենցի երազ Երկիր Նաիրին ապրում է իր զոհաբերություններով ու սայթաքումներով լի պատմական փուլը։ Ազգային պետականության կերտման այս դժվարին պահերին ազգի նվիրական զավակները՝ գիտության ու արվեստի մարդիկ, իրենց ստեղծագործական կեցվածքով ու բարձր անհատականության դրսեւորմամբ պետք է ազգին ոգեւորեն ու մղեն մաքառման ու սխրանքների։ Ցավոք սրտի, մեր գեղարվեստը դեռ կարոտ է նոր Թերլեմեզյանների, Ֆեթֆաճյանների, Մախոխյանների, Սուրենյանցների, Բաշինջաղյանների, Սարյանների եւ այլ մեծերի։ Մեր ազգային թատրոնը չունի Սիրանույշ, Փափազյան, Հասմիկ, Հր. Ներսիսյան. Ց. Ամերիկյան եւ այլ փառահեղ դերասաններ։ Մեր երաժշտությունը սպասում է նոր Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Ռ. Մելիքյանի, Ա. Տեր-Ղեւոնդյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Սաթյանի եւ ուրիշ երեւելիների։ Իսկ բանաստեղծության անդաստանում չնչին բացառություններով լռություն է։

Հայ արվեստում ներկայումս տիրող ամլությունը տարբեր պատճառներով է պայմանավորված՝ հասարակության մեջ քաղաքական ու սոցիալական նոր շերտերի ձեւավորում, պետական ու հասարակական կառույցների միջեւ նոր կապերի եւ իրավահարաբերությունների ստեղծում, հնի դիրքերի թուլացում ու նորերի ամրապնդում եւ այլն։ Այժմ մեր կողքին դեռեւս ապրում ու գործում են զառամախտով տառապող ստալինիստներ, որոնք ժամանակին իրենց ժողովրդի դահիճների փառքն են երգել եւ դեռ շարունակում են համառորեն պրոպագանդել կոմունիզմը։ Նրանք չարաշահում են իրենց անպատժելիության հանգամանքը, ինչը հակառակ ռեակցիա է առաջացնում նրանցից տուժածների մեջ։ Այժմ մեր կամքից անկախ հեղափոխություն են խաղում նորաթուխ կուսակցությունները, թեպետեւ սրանց հեղափոխությունը կարելի է աճպարարություն համարել։

Այս ազգային ցեցերը իրենց գոյությամբ արդարացի զայրույթ են առաջ բերում ոչ միայն հայրենասեր մտավորականության, ալյեւ այն ազգանվեր գործիչների ներաշխարհում, ովքեր դեռ ոչ հեռու անցյալում կոչվում էին այլախոհներ։ Այս երեւույթը կարծես թե անուղղակիորեն ստիպում է լքել հայրենի եզերքը եւ օտար ափերում բախտ որոնել նրանց, ովքեր նույնիսկ կոմունիստների տխրահռչակ տիրապետության ժամանակ նման միտք չեն հղացել։

Պատմական ճշմարտություն է, որ հեղափոխությանը հաջորդում է երկրի հոգեւոր վերածնունդը։ Արժեքների նկատմամբ դրսեւորվում են նորովի մոտեցումներ, նրանց տրվում են նոր գնահատականներ, մշակվում են բարձր հասարակություն ստեղծելու նոր տարբերակներ, խրախուսվում է նորահայտ գաղափարների կողմնակցությունը։ Այս պատճառով էլ ներկայումս անհրաժեշտ է, որ, ելնելով իր կառուցողական մղումներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենայն զգուշությամբ եւ ամբողջ խորությամբ քննության առնի մեր հայրենիքում գիտական ու մշակութային վերածնունդ գոյակերտելու խնդիրը։

Այստեղ օրինակելի է հիշել մեծ հեղափոխական Ջուզեպպե Գարիբալդիի պատմական հորդորը իր նորաստեղծ հանրապետության հիմնադիրներին. «Մենք ստեղծեցինք Իտալիան, մնում է ստեղծենք իտալացիներ»։ Ուրեմն, մենք ունենք ազգային Հայաստան, եւ ժամանակն է, որպեսզի ստեղծենք ազգայնական մտածողությամբ հայեր՝ ի հարատեւումն ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ։

ՄԵՐՈՒԺԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30