Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի տնօրենը երեխաների մորն անվանել է «չարիք սերմանող»

Հունիս 07,2014 14:15

Untitled-2

Աննա Բադալյանը երեք անչափահաս երեխայի մայր է, ով չի կարողանում հանդիպել եւ խնամել երեխաներին այն պատճառով, որ «Աստվածաշունչ» է ուսումնասիրում:

Աննա Բադալյանին մեղադրում են, որ նա մի քանի անգամ ներկա է գտնվել «Եհովայի վկա» կազմակերպության ժողովներին, որն էլ դարձել է ընտանեկան վիճաբանության պատճառ: Աննա Բադալյանի եւ նրա ամուսնու՝ Հովհաննես Բաբայանի ամուսնալուծության, ինչպես նաեւ երեխաների խնամակալության հարցը քննվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Աննա Բադալյանի վարքի մասին հայցվոր կողմի ներկայացուցիչ Մհեր Ասլանյանը հարցում է կատարել Երեւանի թիվ 116 մանկապարտեզի տնօրինությանը, որտեղից էլ տնօրեն Արմինե Մկրտչյանը պատասխանել է, թե Աննա Բադալյանը նախկինում բավական բարեհամբույր, պարտաճանաչ ծնող էր եւ նորմալ հարաբերությունների մեջ էր իր երեխաների հետ: Նա նշել էր, որ իրենց համար անակնկալ է եղել, երբ պարզել են, որ մայրը լքել է երեխաներին՝ աղանդավորական լինելու պատճառով: Տնօրենը գրությամբ հայտնել էր նաեւ, որ Աննա Բադալյանը սթրեսի էր ենթարկում երեխաներին, իսկ ամուսինը՝ Հովհաննեսը, փորձում էր հետ պահել չարիքից, այսինքն՝ աղանդից, որն, իբր, ուսումնասիրում է Աննա Բադալյանը: Արմինե Մկրտչյանը ոչ առեւտրային կազմակերպության՝ մանկապարտեզի տնօրեն է եւ կարող էր կարծիք հայտնել իր անունից, այլ ոչ թե որպես պաշտոնատար անձ՝ հանդես գալով տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Իրավաբան զրուցակիցներս դա համարում են լիազորությունների չարաշահում, հետեւանքը՝ ատելության դրսեւորում անձի ազատությունների նկատմամբ:
Աննա Բադալյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ նշեց, որ իրեն չի համարում «Եհովայի վկա», այլ ուսումնասիրում է «Աստվածաշունչը», քրիստոնյա հայ է, հավատում է Հայ առաքելական եկեղեցուն եւ մի երկու անգամ, պարզապես, ներկա է գտնվել «Եհովայի վկա» կազմակերպության ժողովներին: Խնդիրն այստեղ այլ է:

 

Մանկապարտեզի տնօրենի գրությունը հայցվոր կողմը մտադիր է ներկայացնել դատարան՝ որպես բնութագրություն, թե ինչպիսի մայր է Աննա Բադալյանը: Երեք երեխայի մայրը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ մանկապարտեզի տնօրենն այդպիսի ատելության դրսեւորում է ցուցաբերել միայն այն պատճառով, որ նա այցելել է մանկապարտեզ՝ երեխաներին տեսակցության, իսկ իրեն արգելել են, քանի որ տնօրինությունը նպատակահարմար է գտել, որ երեխաներն ավելի անվտանգ են իրենց տատիկի ու պապիկի խնամակալության ներքո:

Աննա Բադալյանը պատմեց նաեւ, որ ամուսինը եւ ամուսնու ծնողները երեխաների հետ հանդիպումն իրեն արգելել են, եւ դա է պատճառը, որ հարցը տեղափոխվել է դատարան, որտեղ պետք է որոշվի երեխաների բնակության վայրը: Աննայի ամուսինը՝ Հովհաննես Բաբայանը, «Առավոտին» ասաց, որ կնոջը ոչ ոք չի արգելել, այլ նրան երեխաները չեն ցանկանում տեսնել, սակայն Աննա Բադալյանը պնդեց հակառակը, որ երեխաները պարզապես վախենում են իր հետ հանդիպել, քանի որ դրա համար հայրը իրենց կպատժի:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հաշտության համար ժամանակ է տրամադրել ամուսիններին: Նրանք դեռ հաշտության չեն եկել:

Նշենք, որ մանկապարտեզի տնօրենի գրության վերաբերյալ Աննա Բադալյանի փաստաբանը՝ Մարո Խաչատուրյանը, վարչական բողոք է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ՝ ՀՀ կրթության ու գիտության նախարարին:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30