Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Դեբեդ գետի վրա 33 փոքր ՀԷԿ է գործում, Աղստեւ գետի վրա 23 ՀԷԿ է կառուցված, չորս փոքր ՀԷԿ էլ Ախուրյան գետի վրա կա:
Մեղրի գետի վրա 8 փոքր ՀԷԿ կա, Ողջի գետի ավազանին՝ 14, Սեւանա լճի ջրերով էլ 11 ՀԷԿ է աշխատում: Հինգ փոքր ՀԷԿ Որոտան գետի վրա է գործում: Այս ցանկը շարունակելի է: Մեր հանրապետության միայն 11 գետերի վրա միասին վերցրած 115 փոքր ՀԷԿ է գործում: Այսպիսի տվյալներ է ներկայացնում անկախ հետազոտող Վիկտորյա Բուռնազյանն իր «Փոքր հիդրոէլեկտրակայանների սոցիալ-էկոլոգիական ազդեցության վերլուծություն» զեկույցում: 11 գետերի վրա գործող 115 ՀԷԿ-երի միջին տարեկան արտադրանքը կազմում է 540 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:
Եթե զարգացած երկրներում խրախուսվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ դրանք դրական ազդեցություն են թողնում կլիմայի փոփոխության վրա, Հայաստանում փոքր ՀԷԿ-երը ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում՝ խախտելով էկոհամակարգի հավասարակշռությունը, «նպաստում» անտառների, ջրային ռեսուրսների կորստին, խթանում սողանքները, վերացնում կենսաբազմազանությունը: Զեկույցի հեղինակը պարզել է, որ մեր երկրում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումը գրավիչ է նրանով, որ ապահովում է վարկի 100 տոկոսանոց մարում, էլեկտրաէներգիայի սպառման շուկայում մրցակցություն չկա, առկա է էլեկտրաէներգիայի համար բարձր սակագին, փոքր ՀԷԿ-երի շահագործման լիցենզիան տրամադրվում է 15 տարով: Նշենք, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի համար վարկեր են տրամադրում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Զարգացման գերմանական բանկը (KFW), Համաշխարհային բանկը՝ 5 միլիոն դոլար:
Վիկտորյա Բուռնազյանը, վկայակոչելով ՀՀ կառավարության 927-Ն որոշումը, մտահոգություն է հայտնում, որ այդ որոշմամբ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երին թույլատրվում է գետից խողովակների մեջ վերցնել 90%-ից ավելի ջուր, մինչդեռ էկոլոգիական ստանդարտների համաձայն՝ գետից 20%-ից ավելի ջրառը բերում է գետի ճգնաժամային վիճակի, իսկ 40%-ից ավելին՝ աղետալի վիճակի:
47 գետերի ուսումնասիրության արդյունքում, որոնց վրա ընդհանուր վերցրած գործում է 100 փոքր ՀԷԿ, Վ. Բուռնազյանը պարզել է, որ միայն 28 գետի ծանրաբեռնվածությունն է նորմայի սահմաններում: Ըստ զեկույցի հեղինակի՝ 16 գետ ճգնաժամային, 3 գետ էլ՝ Կիստումը, Այսասը եւ Եղեգիսը, աղետալի վիճակում են:
Կարդացեք նաև
Կիստում գետի վրա կառուցված են «Հաղպատ-1» եւ «Հաղպատ-2» փոքր ՀԷԿ-երը, դրանց գործունեության պատճառով գետի ջրի 49,73 տոկոսը խողովակի մեջ է վերցված: Եղեգիսի ջրերի 52,96%-ն է վերցվում խողովակի մեջ, Այսաս գետի ջրերի էլ՝ 49,96 %-ը:
Վիկտորյա Բուռնազյանը բացահայտել է, որ նորմայի սահմաններում գտնվող 28 գետերից 4-ը մոտ են ճգնաժամային վիճակին: Արտավան գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ն էլեկտրաէներգիայի արտադրության համար գետի ջրի 19,59 տոկոսը վերցնում է: Խաչարձան գետը, որի վրա կառուցված է «Խաչարձան» փոքր ՀԷԿ-ը, օգտագործում է գետի ջրերի 19,33%-ը: Ծավ գետի ջրերի 17,65 տոկոսն է օգտագործվում այս գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ի համար: Արգիճի գետն էլ, որի երկարությունը 51 կիլոմետր է, իր ջրերի 18,68 տոկոսը հատկացնում է «Արգիճի» փոքր ՀԷԿ-ին: Այս գետը թափվում է Սեւանա լիճ, ուստի զեկույցի հեղինակը կարծում է, որ Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելով խախտվել է բնությանն առնչվող մի քանի օրենք: Ըստ նրա՝ Արգիճի գետում են ձվադրվում Կարմիր գրքում գրանցված ամառային արծաթափայլ իշխանը եւ այլ էնդեմիկ ձկնատեսակներ: «Կենդանական աշխարհի մասին» օրենքով արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Կարմիր գրքում գրանցված Հայաստանի կենդանիների տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրի վատթարացմանը: «Սեւանա լճի մասին» օրենքի համաձայն էլ՝ արգելվում է կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:
Նշենք, որ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի խողովակաշարն ամենաերկարներից է Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի խողովակաշարերից: Դրա երկարությունը 9527 մետր է: Այս ՀԷԿ-ի կառուցումը հովանավորվել է նաեւ կառավարության կողմից:
Ներկայումս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի արտադրության եւ կառուցման համար լիցենզիա է տրված 150 փոքր ՀԷԿ-երի:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ.Գ. Նշենք, որ զեկույցը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ:
«Առավոտ» օրաթերթ
06.06.2014