Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ովքեր 37 թվականը անցել են, նրանց ոչ արձան է պետք կառուցել, ոչ փողոց անվանակոչել»

Հունիս 07,2014 15:32

Սկիզբը

Ամատունի Վիրաբյանի տեսակետին՝ չհերոսացնել ու չդատապարտել նրանց, համաձայնեց Անաստաս Միկոյանի թոռը՝ Վլադիմիր Միկոյանը: Ու շարունակեց պնդել նրա մահարձանի կրկնօրինակը նաեւ Երեւանի կենտրոնում տեղադրելու անհրաժեշտությունը:

– Ի՞նչն է պատճառը, որ Դուք այդքան կտրուկ արձագանքեցիք Ստաս Նամինի խոսքերին: Համաձա՞յն չեք նրա այն խոսքերին, որ «հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ»:

– Որ հիշողությունը պետք է անպայման ապրի սրտերում եւ մտքում՝ ես համաձայն եմ: Բայց ես համաձայն չեմ, որ Միկոյանն արժանի չէ հուշարձանի: Գուցե դա արտահայտել եմ շատ զգացմունքային, չէ՞ որ ես կիսով չափ հայ եմ:

– Նա ասել էր, թե սկզբունքորեն դեմ է որեւէ հուշարձանի կանգնեցմանը:

– Նրա խոսքն այդպես են մեջբերել, թե «սկզբունքորեն դեմ» է հատկապես այդ հուշարձանին: Ես սա շատ տարօրինակ եմ համարում: Հիշողությունը պետք է ապրի եւ բրոնզի, եւ քարի մեջ, եւ մարդկանց սրտերում ու մտքում՝ մեկը մյուսին չի հակասում: Իմ երկպորտ եղբոր հետ ես այս առումով համաձայն չեմ: Նա կարող է համարել, թե ընդհանրապես պետք չեն հուշարձաններ: Բայց դրանք տեղադրվում են ողջ աշխարհում: Դա ընդունված ավանդույթ է: Ստասիկն այս առումով այլ կարծիք ունի, բայց Աստված սիրեք՝ ամեն մեկն ունի սեփական կարծիքի իրավունք, մեր ընտանիքում բոլորն այդպես էլ դաստիարակվել են: Բայց ես դեմ եմ, որ խոսեն ընտանիքի անունից, իսկ Ստասիկի ռեպլիկից ենթադրվում էր, թե ընտանիքը դեմ է: Գուցե թե դա էլ ակնկալո՞ւմ էին, երբ հարցնում էին:

Նա պետք է հասկանար դա, երբ հանդես էր գալիս: Առաջին հերթին՝ դա այդպես չէ: Եվ նրա, ցավոք, այժմ հանգուցյալ հայրը՝ Ալեքսեյ Անաստասի Միկոյանը, վաստակավոր ռազմական օդաչուն եւ գեներալ-լեյտենանտը, երբեք չէր համաձայնի, թե պետք չէ հուշարձան կանգնեցնել մեր ընտանիքի հիմնադրին: Իմ հանգուցյալ հայրն էլ:

Mikoyan-Jukov

Երկրորդ՝ կարծում եմ, որ ընտանիքի անունից՝ հատկապես կովկասյան ընտանիքի, իրավունք ունեն խոսելու ավագները՝ նրա որդիները եւ ոչ թե թոռները: Փառք Աստծո, հինգից երկու որդիները կենդանի են, ունեն պայծառ միտք, եւ նրանք լիովին ընդունակ են հանդես գալու: Եվ մամուլը, թեկուզ քաղաքավարությունից դրդված, պետք է դիմի առաջին հերթին նրանց: Եվ այդ պատճառով մեր «ավագագույնը»՝ Միկոյանի ավագ որդի Ստեփան Անաստասի Միկոյանը, հարկադրված էր հանդես գալ, անել միանշանակ հրապարակային հայտարարություն:

Տարաս Շեւչենկոն, ուրեմն՝ արժանի է հուշարձանի, իսկ Անաստաս Միկոյանն արժանի՞ չէ: Իսկ սեւ կատվի արձա՞նը: Լավ է, որ մկներին չեն հարցրել…

– Դե, սեւ կատվին չեն կարող մեղադրել, թե նա առնչվում է սպանությունների:

– Վերցնես նրանց, ովքեր այդ ամենն ասում են, ու տեղափոխես այնտեղ՝ 37 թվական, եւ կտեսնեի, թե ինչպես նրանք կպահեին իրենց: Երբ նրանց առջեւ կկանգներ ընտրությունը սեփական վախճանի՝ ընտանիքի ու նաեւ բոլոր հարազատների: Երբ գնդակահարեցին մարշալ Տուխաչեւսկուն՝ գնդակահարվեց նաեւ նրա 90-ամյա մայրը: Չէ՞ որ մեծամասնությունը խոստովանում էր բոլոր մեղքերը, անգամ ուրիշների դեմ էին ցուցմունք տալիս: Մենք ի՞նչ է, պետք է դատապարտե՞նք նրանց զրպարտության համար, որ անում էին խոշտանգումների ներքո: Իսկ իրենց արիությունը կբավականացնե՞ր: Չէ՞ որ այդ մատնությունները հանգեցնում էին դատապարտվածների եւ գնդակահարվածների բազմապատկման: Հիմա մենք, իհարկե, համարձակ, առնական եւ անվախ ենք՝ նստած այգու նստարանին, եկեք բոլորին հեշտ ու հանգիստ դատապարտենք:

– Ոչ, Դուք սխալ ընկալեցիք: Ինձ ճիշտ է թվում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի տեսակետը՝ ոչ դատապարտել նրանց, ոչ էլ հերոսացնել. «Նրանք, ովքեր 37 թվականը անցել են, նրանց ոչ արձան է պետք կառուցել, ոչ փողոց անվանակոչել։ Ուղղակի հանգիստ է պետք այդ մարդկանց թողնել, նրանք այլ ելք չունեին: Եթե իրենք բռնություններին չմասնակցեին, իրենց բռնության կենթարկեին, ինչպես շատ-շատերին»։

– Դա բացարձակապես ճիշտ է, ես համաձայն եմ: Բայց այս հուշարձանով մենք չենք հերոսացնում Միկոյանին: Նրա մեջ կենտրոնացված է շատ բարդ եւ դրամատիկ պատմությունն այն երկրի, որի կազմում Հայաստանն էր: Առանց կեղծ համեստության կարող եմ ասել, որ նվազագույնը վերջին դարում Հայաստանում չի եղել նման պետական, քաղաքական գործիչ:

Mikoyan-Kennedi

 

Բայց սա առաջին հերթին հուշարձան է մարդուն, անձնավորությանը, այլ ոչ թե քաղաքական գործչին: Ես սա հենց այդպես եմ դիտարկում, քանի որ ինձ համար պապս առաջին հերթին անձնավորություն էր ոչ միայն սուր, «համակարգչային» ուղեղով, այլեւ շատ խորը ներաշխարհով եւ ապրումներով: Ահա այդպիսի մարդուն ենք մենք տեղադրում հուշարձան: Նրան հարգում էին ողջ աշխարհում: Մի՞թե հայրենիքում չի կարելի հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Դա պատմականորեն սխալ է եւ մարդկայնորեն անարդար:

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում` ձախից աջ Միկոյաններն են՝ Վլադիմիր Սերգեյի, Անաստաս Իվանի, Ալեքսեյ Անաստասի, Ստեփան Անաստասի, Սերգո Անաստասի:

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Եթե սա առաջին հերթին հուշարձան է մարդուն, անձնավորությանը, այլ ոչ թե քաղաքական գործչին, ինչպես պնդում է Միկոյանի թոռը, ապա իմ պապը Միկոյանից 1 000 000 անգամ ավելի լավ անձնավորություն է եղել՝ չլինելով քաղաքական գործիչ:

  2. Ռուբեն Պարսամյան says:

    ՈՒսումնասիրեք Պողոս Նուբարի եվ Արամ Մանուկյանի/ Հայաստանի 1-ին հանրապետության հիմնադրի եվ Վանի ինքնապաշտպանության կազմակերպչի/ կենսագրությունները…ահա ձեզ դիվանագետ եվ ազգանվեր քաղաքական մեծ գործիչների կերպարներ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30