Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցում Ռոբերտ Քոչարյանին

Հունիս 07,2014 14:45

«Մադրիդյան կոչվող սկզբունքները բանակցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք,
դրանցում ոչինչ չկա որպես Հայաստանի անբաժանելի մաս Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակն ամրագրելու մասին»:

«Ի՞նչ է տեղի ունեցել Աստանայում: Այնտեղ ասել են, որ Հայաստանը չի կարող դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ: ԼՂ հարցը, Ալիեւի «նամակը ռուսաց թագավորին»` սրանք պատրվակ էին: Նազարբաեւը հաստատ ԵՏՄ-ում «առաջին ջութակ» չէ: Խնդիրը Ռուսաստանի «բարի ցանկությունների» դաշտում է»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր համագումարում տեղի ունեցած զարգացումներին՝ ասաց ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Պատասխանելով մեր հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Նուրսուլթան Նազարբաեւի կողմից Իլհամ Ալիեւի նամակի ընթերցումը, Նազարբաեւի բուն պահանջը` ՀՀ-ն Մաքսային միություն կմտնի առանց ԼՂՀ-ի, եւ Սերժ Սարգսյանի լռությունը, մեր զրուցակիցն ասաց. «Ես ցավում եմ, որ հայ քաղաքագիտական եւ փորձագիտական միտքը հիմնականը երկրորդականից չի զատում, մամուլն էլ ստիպված փոխանցում է նրանց մտքերը»:
Աստանայում նախագահ Սարգսյանի տարօրինակ լռությունից հետո նույնքան տարօրինակ հնչեցին արդեն Ծաղկաձորում՝ երիտհանրապետականների հավաքին, Աստանայում տեղի ունեցածի առիթով նրա հայտարարությունները: Հիշեցնենք. Սերժ Սարգսյանն ասել էր, որ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը. «Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով՝ այսօր Հայաստանի մաս չի կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը՝ սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ»: Սա դիվանագիտական խա՞ղ է, թե՞ հայկական պետություններն այժմ իրական վտանգների առջեւ են կանգնած՝ հարցին Վահրամ Աթանեսյանն արձագանքեց. «Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Մաքսային միության կամ ԵՏՄ շրջանակներում չի լուծվում: Այդ հարցը չպետք է քաղաքականացվի, եթե ՄՄ-ն եւ ԵՏՄ-ն, ինչպես ասում են հիմնադիր անդամ երկրները, քաղաքական կառույց չեն: Դա շատ տարողունակ եւ հստակ ուղերձ է: Ո՞վ է ցանկանում ԼՂ խնդիրը «փաթեթավորել» հետխորհրդային տարածքում այս կամ այն կառույցի «ապրանքանիշով». կարելի է հեռուն գնացող ենթադրություններ անել: Հայաստանը դա չի ցանկանում եւ ամեն ինչ պետք է անի, որպեսզի «Կովբյուրոյի որոշման» տարբերակը բացառվի»:

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ իրավիճակն այնպիսին չէ, որ շտկումների անհրաժեշտություն լինի: «Պարզապես հարկ է դիվանագիտական ջանքերն ուղղել նրան, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափը հեղինակազրկելու փորձերը չհաջողվեն: Դա նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի, համանախագահող երկրների խնդիրն է»,- ասաց նա: Այս համատեքստում Վահրամ Աթանեսյանը կարեւորում է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալթերի տարածաշրջանային այցը: «Ստատուս քվոն իսկապես մի տարբերակ չէ, եւ մենք պետք է փորձենք քայլ առ քայլ շարժվել դեպի խաղաղություն»,- Երեւանում հայտարարել էր պարոն Դիդիե Բուրկհալթերը: Իբրեւ ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ եվրոպացի դիվանագետն ասաց, որ Շվեյցարիան փորձելու է ամրապնդել զինադադարի ռեժիմը, խրախուսել չիրականացվող միջադեպերի հետաքննման առաջարկը, որ հնչեց, արժանացավ կողմերի հավանությանը, բայց այդպես էլ անկատար մնաց: Նաեւ երկխոսության ճանապարհով ԼՂ հարցի հանգուցալուծման հասնելը՝ մադրիդյան սկզբունքների շրջանակում, կարեւորելով Ֆրանսուա Օլանդի առաջարկը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: Վահրամ Աթանեսյանը հիշեցնում է, որ Մադրիդյան սկզբունքներն Ադրբեջանի կողմից պաշտոնապես մերժվել են. «Մայիսի 28-ին Ալիեւը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղին որեւէ իրավական կարգավիճակ չի տրվելու»: Նախկինում նա այդքան կոշտ չի արտահայտվել: Ըստ երեւույթին, Ադրբեջանը նոր ընտրություն կատարելու նախաշեմին է եւ մեծ ցանկություն ունի ԵՏՄ հարցում հնարավորինս «թանկ վաճառվել» Ռուսաստանին: Կհաջողվի՞ Ֆրանսիային կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Ես կասկածում եմ: Եվ գլխավոր մտահոգությունը հենց դա է»:

Ի դեպ, Աստանայում հնչեցված հայտարարություններին արձագանքել էր նաեւ Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը: Վիկտոր Սողոմոնյանը Yerkir.am-ին փոխանցել էր, թե որեւէ միջազգային կազմակերպության անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի եւ Արցախի միջեւ պատնեշների ստեղծումը: Արձագանքելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ, Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակն ասել էր. «Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս դիտարկումները՝ Վահրամ Աթանեսյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը 10 տարի Հայաստանի նախագահն է եղել: Ինչ-որ պահի կողմերը մոտ էին «փարիզյան սկզբունքների» հիման վրա համաձայնության: Բայց Քի-Ուեսթում այդպես էլ փաստաթուղթ չստորագրվեց: Թեեւ պետք է ասել, որ այդ տարբերակի շուրջ բանավեճն առայսօր չի մարել, խոսքն այսպես ասած՝ «միջանցքների փոխանակման» մասին է: Իսկ երբ նախագահ «ընտրվեց» Իլհամ Ալիեւը, ամեն ինչ «սկսվեց զրոյից»: Մադրիդյան կոչվող սկզբունքները բանակցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, դրանցում ոչինչ չկա որպես Հայաստանի անբաժանելի մաս Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակն ամրագրելու մասին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30