Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը այսօր տարբերվեց իր բովանդակությամբ. այն ավելի շատ զենքի ու զինամթերքի մասին դասախոսություն հիշեցրեց, քան դատավարություն: Բանն այն է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը զննեց իրեղեն ապացույցները` դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները, կրակված գնդակները, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցների`սպանված Շեկոյի, ինչպես նաև մարմնական ծանր վնասվածքներ ստացած քավոր Հարութի մարմնից հայտնաբերված բեկորները:
Զննեցին նաև «Մակարով» տեսակի 1963 թվականին արտադրված ատրճանակը, որը գտել էին դեպքի վայրից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին` քավոր Հարութին, Վարդանանց հրապարակից հետապնդելու ու Գյումրու Շիրակացի փողոցում ապօրինի կերպով ձեռք բերած զենքից, շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը առնվազն 3 անգամ կրակել է քավոր Հարութի վրա Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, սակայն չի կարողացել մինչև վերջ իրագործել իր նպատակը, քանի որ կանխել է Շեկոն:
Այսօրվա դատական նիստին օգտագործված զենքը ցուցադրելուց զատ, նաև հարցաքննվեցին մի քանի փորձագետներ, դատաբժշկական փորձաքննություն իրականացրած մասնագետը, դատաձգաբանը: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ձգաբանական, սառը զենքի հետազոտությունների բաժանմունքի պետ, 14 տարվա մասնագիտական ստաժ ունեցող իրավաբանական գիտությունների թեկնածու Արայիկ Ասլանյանը, պատասխանելով Վահե Ղուկասյանի շահերը ներկայացնող Հայկ Ալումյանի հարցերին, մանրամասնորեն բացատրեց զենքի կառուցվածքը, աշխատեցնելու հնարքները, որ մի պահ թվաց, թե դատավարության փոխարեն ռազմագիտության դաս ես լսում:
Մանրամասները` տեսանյութում
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ