Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը զարմանում է Կոմիտաս 5 հասցեի բնակիչների միամտության վրա, որ փոփոխությունների ակնկալիքով նամակ են գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Հիշեցնենք, որ բնակիչները վարչապետի ուշադրությունն էին հրավիրել իրենց շենքերի բակում տեղի ունեցող ապօրինի շինարարության վրա:
«Որ թույլտվությունները, հատկապես անմեղ պատառ հանդիսացող քաղաքի կենտրոնում տրվում էին, տրվում ու տրվելու են կաշառքով այս վարչախմբի իշխանության ընթացքում, կասկած չկա: Կոմիտաս 5-ի կառուցապատողը չէր էլ թաքցնում, որ շատ փող է ծախսել շինթույլտվություն ստանալու համար: Ակնարկում էր, որ դրա հետեւում խոշոր շահեր կան, իսկ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բիզնես, իշխանություն, օրենսդիր, բոլորը նույն մարդիկ են, սա օլիգարխիա է: Միայն կարելի է զարմանալ բնակիչների միամտության վրա, որ փորձում են դիմել, գուցե դա էլ է պետք՝ դիմել գայլերին գառների գլխաքանակը ապահովելու համար»,-Aravot.am-ին ասաց պարոն Խզմալյանը:
Նա շեշտեց, որ իրենք բնակիչների կոչով ու ահազանգով են գնացել Կոմիտաս 5 ու պայքարի հետագա ուղիներն էլ էին բնակիչներից կախված. «Բնակիչներն են ընտրում պայքարի ձեւերը, եթե փոխեն ձեւը, մենք միգուցե էլի օգնենք նրանց»:
Մեր հարցին ինչո՞ւ արդյունք չտվեց պայքարը, պարոն Խզմալյանն ասաց, «Ինձ շարունակում եմ հետապնդել հենց Կոմիտաս 5-ի դեպքերի պատճառով՝ մեղադրելով ոստիկանի պահանջները չկատարելու ու օրինական շինարարությունը խոչընդոտելու հոդվածներով: Ոչ մի բան չի ընդհատվել ու դա հենց պայքարի մի մասն է կազմում»:
Մեր հարցին ինչո՞ւ քաղաքացիական շարժումները հաջողություններ գրանցեցին, օրինակ` Մաշտոցի պուրակում եւ ոչ Կոմիտաս 5-ում, մեր զրուցակիցը նկատեց, որ ամեն ինչ դեռ առջեւում է ու պայքարը շարունակվում է. «Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ ընտրություններ էին,որի շեմին Սերժ Սարգսյանը փորձեց փակել ճչացող խայտառակությունը, չեմ համարում, որ պայքարն ընդհատված է , ճակատներն են ավելանում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ