Մեր զրուցակիցն է Գորիսի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը
-Պարո’ն Ադունց, մայիսի 21-ից մեկնարկել է Գորիսի քաղաքապետի թեկնածուների քարոզարշավը եւ վաղն արդեն լրանում է վերջնաժամկետը: Դուք հանդիպո՞ւմ եք ընտրողների հետ, ի՞նչ ձեւաչափով եք Ձեր քարոզարշավը կազմակերպում:
-Ե’վ հանդիպումների, ե’ւ հավաքների տեսքով եմ կազմակերպում քարոզարշավն ու այդ ամենն անում եմ օրենքով սահմանված կարգով: Ես հանդիպումներ եմ ունենում նաեւ տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում, անկախ նրանից այնտեղ քանի մարդ է աշխատում, յուրաքանչյուրի հետ հանդիպումն ու յուրաքանչյուրի քվեն կարեւոր է ինձ համար:
-Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը, այդ հանդիպումների արդյունքներից ելնելով` Ձեր ընտրվելը որքանո՞վ եք հավանական համարում:
Կարդացեք նաև
–Կներեք ինձ իմ անհամեստության համար, բայց ես իմ ընտրվելու հավանականությունն հենց էն գլխից գիտեի, ես էսօր չի, որ գորիսեցիների հետ հանդիպում եմ, տարբեր կառույցների ղեկավար եմ եղել, 25 տարի է հանդիպում եմ բնակիչների հետ: Այսօր ընդամենը սահմանված կարգով ներկայանում եմ նորից, ներկայացնում եմ իմ ծրագիրը եւ իրազեկում եմ իրենց, որ թեկնածու եմ առաջադրվել ու իրենց աջակցությունն եմ խնդրում: Ես բնակչության հետ շփումներ միշտ ունեցել եմ ամենօրյա, իրենց կարծիքն էն գլխից գիտեի ու դրա համար էլ առաջադրվել եմ:
, Այսինքն` Դուք գորիսեցիների նախընտրած թեկնածո՞ւն եք Ձեզ համարում:
-Բնականաբար, այո: Գիտեք ինչ, տասնյակից ավելի տարիներ բնակչության կողմից շրջանառվող հիմնական թեկնածուներից մեկն եմ եղել, ես այսօր այդ համոզմունքով եմ որոշում կայացրել: Ես պատահական չեմ համաձայնվել առաջադրվել, կարելի է ասել բնակչության մեծ մասն ինձ պաշտպանում է:
-Դո՞ւք եք ցանկացել առաջադրվել, թե՞ ՀՀԿ-ի առաջարկն էր:
-ՀՀԿ-ն է ինձ առաջադրել, ես էլ տվել եմ իմ համաձայնությունը: Եթե չցանկանայի` չէի համաձայնվի:
–Իսկ ուժեղ մրցակից չե՞ք համարում մյուս թեկնածու Հրայր Յոլյանին:
-Ինչպես ես եմ համոզված, այնպես էլ յուրաքանչյուր թեկնածու համոզված է իր հաղթանակի մեջ, ես նաեւ պետք է համարեմ, որ ուժեղ թեկնածու է:
-Լուրեր են շրջանառվում, որ Գորիսում ընտրողների վրա Ձեր կողմնակիցները ճնշումներ են գործադրում, իրենց ղեկավարած կառույցների աշխատակիցներին ստիպում են քվեարկել Ձեր օգտին: Որքանո՞վ են այդ լուրերը հավաստի:
-Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այդ ժամանակները վաղուց անցել են, որ կարելի է թեկուզ մեկ մարդու ճնշումով ընտրության տանել, դա բացառվում է: Իմ էությանը, եթե ծանոթ չեք, կարող եք հարցնել գորիսեցիներից, ես իմ էությամբ ե’ւ դեմոկրատ եմ, ե’ւ ինքնասիրություն ունեմ, ե’ւ հարգում եմ դիմացինիս ինքնասիրությունը: Երբեք ինձ թույլ չեմ տա, ոչ էլ իմ կողմնակիցները, որ բռնություն գործադրվի կամ ճնշում գործադրվի: Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը եւ դրա վրա բռնանալու իրավունք չունենք: Ես ուղղակի փորձում եմ ներկայանալ, իմ առավելությունները ներկայացնել, փորձում եմ բնակիչներին համոզել:
– Արա Բուդաղյանի եւ Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկն ինչ-որ լարվածությո՞ւն է առաջացրել Գորիսում, ստեղծված իրավիճակն անդրադարձե՞լ է Ձեր ընտրազանգվածի որոշման վրա:
-Ոչ, լարվածություն չկա Գորիսում, ես չգիտեմ ովքեր պետք է նրանց քվեարկեին կամ չքվեարկեին, որ որակումներ տամ: Ինքս ցանկացած ընտրության ժամանակ, իսկ ես երեք անգամ եղել եմ Գորիսի ավագանու անդամ, խիստ ցուցակներով առաջնորդվելու սկզբունք չեմ ունեցել: Ես ընդամենը հանդիպումներ եմ ունենում եւ ընտրություններից հետո էլ բոլորին էլ հավասար եմ ընդունում:
–Որո՞նք են լինելու Ձեր առաջնային անելիքները, խնդիրները, որ գործող քաղաքապետի կողմից չեն իրականացվել, մտադիր եք ընտրվելու պարագայում դրանք իրագործել:
-Կան շատ արված գործեր, եւ բազմաթիվ անելիքներ: Մեր Գորիսի ազգաբնակչության համերաշխությունը կա, այն էլ ավելի բարձր մակարդակի վրա կհասցնեմ: Նախընտրական այս գործընթացները չպետք է անդրադառնան մեր հարաբերությունների վրա, դա ինձ համար կարեւորագույն ու առաջնային բանն է լինելու: Գորիսում խնդիր ունենք սպորտն ու մշակույթը զարգացնելու, մենք ունենք լավ երիտասարդություն, ամեն ինչ անելու ենք, որ այդ երիտասարդության առօրյան լավ կազմակերպենք, նաեւ նրանց համար աշխատատեղերի ստեղծումն է կարեւոր, որ մնան Գորիսում: Ինչպես նաեւ քաղաքապետարանի իրավասություններում իրականացվելիք աշխատանքներ` աղբահանության, լուսավորություն եւ այլն:
-Բարոյահոգեբանական մթնոլորտի վերաբերյալ ոչինչ չասացիք, որն ամենաշատն է քննարկվում տարբեր հարթակներում:
-Ես միշտ ժխտել եմ, նորից կասեմ` բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիր չկա Գորիսում: Ամեն ինչ անելու եմ, որ ընտրություններն անջրպետ չստեղծեն ընտրողների կամ ընտրողների ու թեկնածուների միջեւ, ես ձգտելու եմ դրան, միշտ դրան գնացել եմ եւ ինձ հաջողվել է: Իսկ ընդհանուր առմամբ, մեզ մոտ բարոյահոգեբանական մթնոլորտը շատ ավելի լավ վիճակում է, քան հանրապետության շատ ուրիշ տեղերում: Այստեղ յուրաքանչյուրս մեկս մյուսին սերունդներով ենք ճանաչում, ցանկացած ընտրություն չի կարող մեր հարաբերությունում խնդիրներ ստեղծել: Մենք իրար հետ շաղկապված ենք, տարբեր կապեր կան Գորիսում, որ յուրաքանչյուրս էլ հարգում ենք: Ես շփումներ եմ ունեցել բոլոր թեկնածուների հետ, համոզված եմ ընտրություններից հետո նույն շփումը կշարունակենք:
Հարցազրույցի մյուս մանրամասները` առաջիկայում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀՀԿ-ական հերթական «նժդեհական» «ընտրությունները»: «Նժդեհական» Լիսկայից «դաբրո» ստացե՞լ ես այս հարցազրույցի համար:
Գորիս = դեմքն ու պատիվը կորցրած մի «քաղաք»: Ես ամաչում եմ,որ Գորիսը Սյունիքում է: