Երևանի կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի հերթական միջոցառումն է անցկացվել, որը նվիրված էր Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան։ Միջոցառման բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ողջունելով նրանց նախաձեռնությունը։
Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և առևտրային կազմակերպություններ, որոնք անվճար տրամադրված տաղավարներում ներկայացրել են իրենց բնապահպանական գործունեությունը, ցուցադրել արտադրանքը։
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը նաև քարոզչական առաքելություն ունի և բնության հանդեպ պատասխանատու ապրելակերպի կոչ է։
Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Խաղային տաղավարում երեխաները համակարգչային թեմատիկ խաղ-մրցույթի են մասնակցել՝ հեծանիվ մրցանակի համար, իսկ ցուցահանդեսում էլ ներկայացրել են իրենց բնանկար ստեղծագործությունները, ինչպես նաև միջոցառման ընթացքում նկարազարդել են տրամադրված նկարակալ-տուփերը։
Երևանի կենդանաբանական այգում Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Հունիսի 5-ին ժամը 9:30-ից մինչև 17:00-ն Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար մուտքն անվճար էր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն