Ազնվորեն ասած, ինձ այնքան էլ չզարմացրեց Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու հայաստանյան իշխանությունների բուռն ցանկությունն ու ճիգերը: Ես դա չափազանց բնական եմ համարում: Ցանկացած մեկն ունի իր հերոսն, ում արձանը կուզենար ունենալ իր քաղաքում, ում կցանկանար նմանվել, ում կենսագրությամբ կցանկանար հպարտանալ ու ում օրինակով կցանկանար դաստիարակել իր երեխաներին:
Այս իշխանությունների հերոսը Միկոյանն է: Ստալինը, Բերիան, Կագանովիչը, Միկոյանը, Եժովն են սրանց հերոսները: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Տեսակի խնդիր է:
Յուրաքանչյուրն իր նմանին է առաջ մղում, իր տեսակով է հպարտանում ու այդ տեսակով ցանկանում է զարդարել աշխարհը:
Անիմաստ է ստալինյան գործիչների գործած հանցագործությունների եւ նրանց կերպարի անմարդկային լինելու մասին խոսելն ու գրելը: Նույնքան անիմաստ է նրանց իրական կերպարն ի ցույց դնելու համար նրանց կազմակերպած բռնությունների զոհերին հիշատակելը: Արձանը դնելու կողմնակիցներին փաստարկներ ու հակափաստարկներ պետք չեն: Գիտություն, արխիվներ, պատմություն, իրականություն պետք չեն: Նրանց պետք է իրենց հերոսի արձանը:
Կարդացեք նաև
Բայց ինձ համար անզարմանալի ու պարզից էլ պարզ այս պատմության մեջ մի զարմացնող դրվագ ի հայտ եկավ: Newsbook– ում կարդացի Վարդան Դեւրիկյանի հարցազրույցը: Վարդանը, Դեւրիկյան Վարդանը, ում ճանաչում եմ 1988 թվականից, տգետներ ու դեբիլներ է համարում «բարի ժպիտով» հերոս Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման դեմ արտահայտվողներին:
Ուշադիր հետեւում եմ արձանային այս պատմությանը, եւ ի թիվս տարբեր հետաքրքիր դրսեւորումների նկատել եմ նաեւ, որ այս կապակցությամբ բռի ու հայհոյանքներով համեմված ելույթներ ունենում եւ միայն արձանի տեղադրման կողմնակիցները: Սա խոսում է միկոյանիստների որակի մասին:
Չգիտես ինչու կարծում էի, թե իմ ճանաչած Վարդան Դեւրիկյանը չպետք է ընդհանրապես նման ելույթ ունենար, իսկ ունենալու դեպքում էլ այս որակի չպետք է լիներ: Նրա կրթությունը եւ դաստիարակությունը, եթե անգամ նա պետք է հանդես գար միկոյանիստական դիրքերից, նրան իր մտքերը շարադրելու այլ ձեւեր պետք է որ թելադրեին, բայց … դե, սխալվել եմ, պատահում է:
Ես նույնպես այդ արձանի տեղադրման հակառակորդներից եմ հետեւաբար՝ Դեւրիկյանի կոշտ ու կոպիտ որակումները նաեւ ինձ են վերաբերում: Չեմ կարող նրա բառապաշարն օգտագործել եւ «դեբիլների», «կիսագրագետների» եւ «տգետների» թեման մի կողմ դրած, ուզում եմ հարցնել Վարդան Դեւրիկյանին. իսկ ո՞վ է ասել, թե Միկոյանի կապակցությամբ իրավունք ունեն արտահայտվել միայն պատմաբանները եւ այդ ինչ չափանիշով է նա պատմաբաններից ոմանց նորմալ, իսկ ոմանց աննորմալ համարում: Այս ի՞նչ արհեստական սահմանափակումներ է մտցնում ազատամտությունից չգիտես ուր եւ ինչու անցում կատարած Վարդան Դեւրիկյանը:
Ստալինի եւ նրա շրջապատի, Հիտլերի եւ նրա շրջապատի գործիչների մարդկային որակների մասին դատողություններ անելու համար մեծ պատմաբան լինելու կարիքը չկա: Նրանց հանցագործությունների վկաները դեռ կան, նրանց հանցագործությունների զոհերի վկայությունները կան, ժամանակը նրանց արդեն, առանց պատմության ֆակուլտետի դիպլոմ ունենալու, դատապարտել է:
Նաեւ գիտնական Վարդան Դեւրիկյանը չպետք է սեփական հորինվածքի վրա հիմնված պնդեր իբր. «վրացիները, ադրբեջանցիները ճգնում են արդարացնել ստալինյան ռեպրեսիայի տարիների գործիչներին՝ ասելով, որ այդ մարդիկ վերափոխումների կազմակերպիչ են եղել»: Ինչ որ չենք լսել Թբիլիսիում Բերիայի կամ Բաքվում Բաղիրովի արձանները տեղադրելու առաջարկների ու քննարկումների մասին:
Ինչը՞ կամ ո՞վ կարող էր թելադրել Վարդան Դեւրիկյանին, ով լավ էլ գիտի, թե ով է եղել Միկոյանը, ի՞նչ են ստալինյան բռնությունները, ինչ կարգի երկիր է եղել Խորհրդային Միությունը, նման ելույթ ունենալ: Տարբեր պատասխաններ կարող են հնչել, բայց պատասխաններից մեկը, ցավոք, հաստատ կրկնելու է Միկոյանին արդարացնողների գլխավոր փաստարկներից մեկը. «Այլ ելք չուներ, չանել չէր կարող»:
Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ