2014 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանի խոսքերով՝ զորակոչիկների դիմումների եւ բողոքների հիմնական մասը վերաբերվում է առողջական խնդիրներին:
«Մենք զինակոչից խուսափելու նպատակ չունենք. Ես էլ եմ ծառայել, ավագ տղաս էլ հունվարին է զինակոչվել»,- այսօր՝ հունիսի 5-ին, 2014 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց զորակոչիկ Լեւոն Վարդանյանի հայր Արթուր Վարդանյանը:
Նա դիմել էր հանձնաժողովին, քանի որ որդին անցած տարվա ընթացքում կույրաղիի վիրահատության է ենթարկվել եւ ստացել աջ սրունքի կոտրվածք, բայց չնայած գիպսային բուժմանը՝ կոտրվածքը շեղ է կպել եւ քայլելիս դժվարություններ է առաջացնում:
Զինակոչիկի հայրը նիստի ընթացքում արդարացավ, որ հանրապետությունում չի եղել եւ չի հետեւել որդու առողջությանը, իսկ որդին էլ չի հասկացել, որ իր առողջական խնդիրներն կարող են նման փաստի առաջ կանգնեցնել: Վերջում, ապացուցելու համար իր խոսքերը, պարոն Վարդանյանն ասաց՝ «Մինչեւ երեկո կարող եմ թողնել՝ տեսնեք ինչպես է ոտքն ուռում»:
Կարդացեք նաև
Հանձնաժողովը բավարարեց Լեւոն Վարդանյանի դիմումը՝ հնարավորություն տալով նրան մեկ անգամ եւս ստուգվել վնասվածքաբանի մոտ եւ եթե կարիք կա՝ վիրահատվել:
2014 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մինչ այժմ ստացել են 40-ից ավելի դիմում, եւ հանձնաժողովը իր նիստերը սկսել է մինչեւ հուլիսի 1-ը, որպեսզի կարողանան զորակոչի առաջին օրերին մեկնող զորակոչիկների բողոքներին համապատասխան ընթացք տալ.
«Կան զորակոչիկներ, որոնց տվել են ծանուցագրեր զորակոչի առաջին օրերին մեկնելու համար, իսկ ընդհանրապես մեր նպատակն է քննարկել դիմումներն ու բողոքները եւ համապատասխան ընթացք տալ դրանց»:
Նա նշեց, որ զորակոչիկների դիմումների եւ բողոքների հիմնական մասը վերաբերվում է առողջական խնդիրներին: Պարոն Հարությունյանի խոսքերով՝ այն բողոքներում, որտեղ կա միջնորդելու անհրաժեշտություն եւ համարում են, որ զորակոչիկի մտահոգությունները հիմքեր ունեն, հանդես են գալիս այդ միջնորդությամբ.
«Իսկ այնտեղ, որտեղ տեսնում ենք՝ ընդունված որոշումները օբյեկտիվ են եւ համապատասխանում են հետազոտական ակտի տվյալներին եւ 410 հրամանի չափանիշներին, բացատրում ենք, պարզաբանում ենք ծնողներին, այլ խնդիր է՝ ծնողը կընդունի, կամ չի ընդունի, սա արդեն երկրորդական հարց է»:
Գեղամ Հարությունյանը հավելեց, որ նիստերի ընթացքում շատ են հանդիպում այն դեպքերը, որտեղ ծնողների համար առողջական խնդիրներն առաջ են գալիս կամ կարեւոր են դառնում, երբ երիտասարդը զինվորական ծառայության պետք է մեկնի.
«Ծնողների այս մոտեցումն ընդունելի չէ. Չի՛ կարելի առողջության մասին մտածել զինծառայության հետ կապված: Զինծառայությունը երկու տարվա ծառայություն է, բայց առողջությունը ամբողջ կյանքի համար է եւ պետք է հոգալ երեխայի առողջության մասին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ