«Մեծ չեմպիոններ» ծրագրի ավարտին հանրահայտ բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսը «Մեդիամաքս» ընկերությունում այսօր ամփոփեց արդյունքները:
«Ինձ համար շատ հաճելի է գտնվել Հայաստանում եւ լինել այս մեծ նախագծի մի մասնիկը: Կարծում եմ` շատ կարեւոր էր, որ երեխաներին ճանապարհ ցույց տվեցինք, նրանց մի փոքր առաջ մղեցինք, որպեսզի լինեն ակտիվ, զբաղվեն սպորտով եւ ոչ միայն բասկետբոլով: Բասկետբոլը մարզական առաքելության մի մասն է միայն: Ես նայեցի ձեր երեխաներին: Աղջիկներն ավելի ուժեղ են, քան տղաները: Երեկ ձեր սպորտի նախարարին ասացի. եթե ֆինները, շվեդները բասկետբոլ լավ են խաղում, հայերն ինչո՞ւ լավ չպետք է խաղան: Դրա համար պետք է բասկետբոլի ծրագիր ստեղծել, ենթակառուցվածքներ», – ասաց մասնագետը, որը Լիտվայում բասկետբոլի ակադեմիա ունի հիմնադրած եւ որը լավագույններից մեկն է Եվրոպայում:
Մարչուլյոնիսը շատ կարեւորեց մարզիչների դերը, որոնք ստեղծում են հայկական բասկետբոլի ոճը: «Մարզիչները պետք է հիմքերը ճիշտ դնեն, որից կախված է հետագա արդյունքը», – ասաց լեգենդար բասկետբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ