ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մոտ 2 շաբաթ առաջ իր աղբյուրներից տեղեկատվություն էր ստացել, որ էլեկտրաէներգիան թանկանալու է, եւ ներկայիս 38 դրամի փոխարեն դառնալու է 45 դրամ՝ 1 ԿՎտԺ էլեկտրաէներգիայի դիմաց: Նա ԱԺ-ում հարց ուղղեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին՝ թանկանալո՞ւ է, թե՞ ոչ: Փոխնախարարն ասաց, որ նման բան չկա:
Իսկ երեկ արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե հիշում եք, փոխնախարարը կատեգորիկ պատասխանեց, որ չի թանկանալու: Ես ակնկալում էի կառավարության ներկայացուցչից լակոնիկ պատասխան՝ այո կամ ոչ: Իմ այն հարցին՝ որքանո՞վ են հավաստի շրջանառվող տեղեկությունները, որ էլեկտրաէներգիան թանկանալու է, էներգետիկայի փոխնախարարն ասաց՝ ոչ, ձեր տեղեկությունները հավաստի չեն: Այսօր արդեն կանգնում ենք հերթական փաստի առջեւ: Սա մեկ բան է նշանակում՝ որ կառավարության տվյալ ներկայացուցիչները կա՛մ բացարձակ դիլետանտ են եւ իրենց տեղում չեն, կա՛մ նրանք եւս տեղյակ չեն, թե իրենց ոլորտում ինչպիսի հնարավոր կանխատեսումներ եւ սպասումներ կարելի է ակնկալել»:
Ըստ տիկին Զոհրաբյանի, սա հիշեցնում է այն բազմաչարչար գազի պատմությունը, երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը բոլոր հնարավոր ամբիոններից ջանասիրաբար հերքում էր տեղեկատվությունը, որ գազի գինը բարձրանալու է. «Վերջում Հայաստանի Հանրապետությունը կանգնեց փաստի առաջ, երբ պարզվեց, որ գազի գինը ոչ միայն թանկացել է, այլեւ շատ ավելի վաղուց է թանկացել, քան այդ ողջ ընթացքում ջանադրաբար հերքում էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարը: Սա կատարյալ անլուրջ վերաբերմունք է սեփական երկրի եւ սեփական ժողովրդի հանդեպ: Երկիրն այսօր գտնվում է այնպիսի վիճակում, որ 1 դրամ, մեկ լումա անգամ թանկացումը ես գնահատում եմ թիկունքից հարված ժողովրդին: Այն էլ այն դեպքում, երբ նման կատեգորիկ կերպով ՀՀ թիվ մեկ քաղաքական ամբիոնից ոլորտի պատասխանատուն պաշտոնապես եւ շատ լակոնիկ ասաց՝ ոչ, ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև