Այսօր Գյումրիում տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն. 40 տարի Հոլանդիայում բնակվող ու ժառանգաբար տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող թուրքահայ Մասիս Ներսիսյանը կարի արտադրամաս բացեց Սլաբոդկա թաղամասում: Արտադրամասը, որը կոչվում է «Արյա Տեքս»` ներդրողի 5 զավակների անվան առաջին տառերով, արտադրելու է միայն տղամարդու հագուստ:
Նշենք, որ սփյուռքահայ ներդրողին 24 հեկտար տարածք է տրամադրվել Գյումրու Մուշ 2 թաղամասում, մեկ հեկտարը սիմվոլիկ գումարով` 1 դրամով, այստեղ 6 ամիս հետո պատրաստ կլինի կարի նոր գործարանը`աշխատելով ավելի մեծ հզորությամբ:
Այս պահին կարի նոր արտադրամասում աշխատում են շուրջ 60 մասնագետներ, որոնք, սակայն, այդպես էլ չգիտեին իրենց աշխատավարձի չափը:
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Ֆելիքս Ցոլակյանը աղոթքների ներքո կտրեցին արտադրամասի կարմիր ժապավենը: Սամվել Բալասանյանը անչափ բարձր տրամադրության մեջ էր, բացականչում էր՝ «10 հազարանոց ժապավեն է սա»` ի նկատի ունենալով, որ հետագայում այս գործարանում աշխատելու է 10 հազար մարդ: Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20-րդ անգլիական թեքումով դպրոցն ավարտած քաղաքապետը խոսում էր անգլերեն, կատակում էր:
Նա կարի արտադրամասում, լրագրողների աչքի առաջ, հենց այստեղ արտադրված տոնական, սպիտակ գույնի ու ժապավենով երկու տղամարդու վերնաշապիկ գնեց` մեկն իր համար, մյուսը` Շիրակի մարզպետի ու ասաց, որ փողը մի բան էլ ավելի է տալիս, որպեսզի այն հաջողություն բերի արտադրամասին: Շիրակի մարզպետը, զննելով արտիստների համար վերնաշապիկը, հարցրեց, թե որտե՞ղ հագնի, ինչին ի պատասխան՝ Սամվել Բալասանյանն ասաց`«Վաղվա հարսանիքին»: Ըստ մեր տեղեկությունների, վաղը Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի որդու հարսանիքն է:
Կարդացեք նաև
Սամվել Բալասանյանի տրամադրությունն այնքան էր բարձրացել, որ ձեռքի հետ գովազդեց նաև իր Գյումրու գարեջուրն ու «Անուշարան»-ի հրուշակեղենի ֆաբրիկան: Նա հայտարարեց, որ մի հատ Գյումրու գարեջուր կդնեն, վրան` հրուշակեղեն, հետո էլ այս վերնաշապիկները ու կգրեն «Made in Gyumri»:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ինչի եք սուտ խոսում, բալասանյանը 20 դպրոցը չի ավարտել, ամոթ , սուտ մի գրեք, որ քծնեք, մեկէլ ասեք էլի իմանամ բալասանյանը հայ մերը գիտի? նա չգիտի, բայց ասեք, էդ ինչ աղոթք է ասել