Փորձագիտական եզրակացությունը հաստատած, 26 տարվա փորձագիտական աշխատանքային ստաժ ունեցող Գագիկ Հարությունյանին Լիա Միսակյանի մահվան գործով 60 եւ ավելի հարց ուներ մանկաբույժ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեկ ժամվա ընդմիջումից հետո:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձագետին պաշտպանական կողմը հաճախ տալիս էր հարցեր, որոնք կապ չունեին նրա կողմից հաստատված եզրակացության հետ:Մի քանի անգամ դատավոր Լեւոն Ավետիսյանը զգուշացրեց այդ մասին, անգամ հանեց հարցը, իսկ փորձագետն էլ ասաց, որ որպեսզի տպավորություն չստեղծվի , թե ինքը խուսափում է հարցերին պատասխանելուց, հաճախ պատասխանում է, բայց կարծես իրենից պետական քննություն վերցնեն:
2013թ. «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել էր «սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա , հիպերտոնիկ սինդրոմ» ախտորոշմամբ՝ Լիա Միսակյանը:
Հիվանդի բժշկական քարտում նշվել էր, թե նա բոքսային բաժանմունք է տեղափոխվել 2012թ. դեկտեմբերի 31-ին:
Արձանագրվել էր՝ «Հիվանդ է մոտ 14 օր, ունեցել է հազ, 3 օր առաջ նկատվել է ջերմության բարձրացում, փսխել է, հրաժարվել է սննդից, երեկոյան բարձր ջերմության ֆոնի վրա միտվել է ցնցում»:
Պաշտպանական կողմին հետաքրքրում էր «թարախա-ֆիբրինային նշիկաբորբի ժամանակ» ախտանիշները, որոնք տրվել էր դատահյուսվածքաբանական փորձագետների կողմից:
Կարդացեք նաև
Բժիշկներից մեկի բացատրության համաձայն, երեխան ունեցել է քթով դժվարացած շնչառություն, շնչառությունը եղել է րոպեում 28 շնչառական ակտ:
Մասնագիտական գրականությունը, որից կողմերից յուրաքանչյուրն իր մեջբերումներն էր անում, տարբեր էր:
Ռուսալեզու դասագրքերից մեկում 1-5 տարեկան երեխայի համար մտահոգիչ կարող էր լինել 28-ից ավելի շնչառական հաճախականությունը, մեկ այլ ուղեցույցի համար՝ 30-40-ից բարձրը:
Մեկ րոպեն, ըստ փորձագետի, միջին թվայնացված թիվ է:
Նրա կարծիքով՝ «նորմայից շեղումը» հաճախականության կարող է հանգեցնել:
Դատախազ Դավիթ Կարապետյանը փորձեց դատարանին ներկայացնել մի ապացույց՝ տեսանյութ, երեխայի շնչառության հաճախականության հետ կապված, որ հիսունից ավելի էր, սակայն դատավորն ասաց, որ դա չհետազոտված ապացույց է, եւ չի եղել գործի նյութերում, հետեւաբար, չթույլատրեց դրա հետազոտումը:
Երեմ Սարգսյանը վկայակոչեց նախորդ դատական նիստում փորձագետի կողմից հնչեցված այն միտքը, թե երեխայի թոքը չի շնչում:
Փորձագետը պնդեց իր միտքը, ասելով, թե «հանգիստ վիճակ» չի եղել, եւ ըստ էության, միայն հաճախականությամբ չէ, որ կարելի է որոշել թոքաբորբը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ