Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսանքի սակագնի հնարավոր թանկացման առիթով. «Նազարյանն անմիջապես աշխատանքից պիտի ազատվի»

Հունիս 05,2014 15:30

Ինչպես Aravot.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, պատասխանելով հոսանքի սակագնի հետ կապված հարցին, հայտարարել էր. «Սակագների խնդիրը սառած խնդիր չէ, և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա»:

Այս հայտարարություններից հետո հոսանքի սակագնի բարձրացման թեման անընդհատ շրջանառվում է: Հունիսի 4-ին սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկումների ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը լքեց դահլիճը, լրագրողների հետ զրույցում անդրադարձ կատարեց հոսանքի սակագնի հնարավոր բարձրացմանը, ինչը «ծաղր» համարեց ու նշեց. «Ժողովուրդ, դուք այդպիսի պատճառաբանություն տեսե՞լ եք: Գրած է, որ հարկավոր է քսան միլիարդ դրամ, այսինքն` հակառակ ծայրից են գալիս. պետությանը հարկավոր է այսքան գումար, դրա համար որոշել են թանկացնել:Սա ծաղր է, ի՞նչ է նշանակում այդ կառույցին հարկավոր է այդքան գումար: Ինձ էլ է շատ գումար պետք, հիմա Ռոբերտ Նազարյանին ասեմ թանկացրո՞ւ»:
Անդրադառնալով գազի սակագնին` պարոն Մանուկյանը նշեց. «Գազի հետ կապված Մաքսային տվյալներով հստակ երևում է, թե որքան գումար է մուծվել և որքանը գազի համար է մուծվել: Այդ երկուսը բաժանում ես իրար, դառնում է 220 դոլար»:
Արամ Մանուկյանը վստահեցրեց, թե գազի հետ կապված պարտքը չէր կարող մեկ թվով արտահայտված լինել, ինչպես հիմա է: Այնուհետև հստակեցրեց, թե չի կարող գազի սակագնի թանկացման մասին խոսք լինել:

Հավանական թանկացումների պարագայում ժողովրդի արձագանքի մասին պարոն Մանուկյանը նշեց. «Հիմա պետք է դուրս գալ, քաղաքացին, եթե մինչև ձմեռ սպասի, այս այլանդակությունների առջև կկքվի»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ևս հոսանքի սակագնի թանկացումն անհիմն է համարում ու նշում. «Դա չի հիմնավորվել, երեկ մյուս օրն էին սակագինը վերանայել: Ի՞նչ էին մտածել: Երեկ մյուս օրը եկել ասել էին` ծախսերը սրանք են: Հանրապետությունում ոչ ոք իրավունք չունի ասելու, որ քսան միլիարդ պակասում է: Նազարյանն անմիջապես աշխատանքից պիտի ազատվի: Ինչո՞ւ մինչև այդ չէին ասել: Մենք հրաշալի հիշում ենք անցյալ տարի սակագների հիմնավորումը: Որպես կանոն երեք-հինգ տարում սակագինը նույնն է մնում, եթե չկա արտառոց դեպք: Իսկ նման դեպք չկա: Մեզ չեն ասել, թե քսան միլիարդ ինչու է պակասել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30